Տարեկան 5 միլիոնով գեոդեզիական ծառայություն են վարձում՝ սարքը գնելու փոխարեն
Երեւանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցությունն օրեր առաջ դիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե՝ «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ում ենթադրյալ չարաշահումների, կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ։ Ըստ խմբակցության՝ այս ՀՈԱԿ-ն ամեն տարի 5 միլիոն դրամ գումարի դիմաց վարձակալում է գեոդեզիական ծառայություն, մինչդեռ այս սարքավորումն արժե ընդամենը 6 միլիոն դրամ։ Նրանք ասում են՝ կարելի է մեկ անգամ վարձակալության համար տրվող գումարով գնել այդ սարքը, որը տարիներ շարունակ անվճար կծառայի, այլ ոչ թե ամեն տարի բյուջեից այդքան գումար վճարել։
ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Հակակոռուպցիոն կոմիտեն ամռանն իրենց մոտ ստուգումներ է իրականացրել եւ ոչինչ չի հայտնաբերել․ «Նույն այդ խմբակցության դիմումների հիման վրա են ստուգումներն իրականացվել, գնված ծառերի մասով, գուցե նաեւ այդ մասով, կարող եմ ասել, որ ոչինչ չի հայտնաբերվել»։
Նա ասաց, որ գեոդեզիական ծառայություն մատուցելու համար հայտարարվում է մրցույթ․ «Կազմակերպությունն այնքան մեծ է, որ ես չեմ հարցնում՝ ով շահեց։ «Ազգային առաջընթացը», ինչպես միշտ, ամեն ինչ խեղաթյուրված է ներկայացնում, նաեւ ստուգումների արդյունքներն են փաստում դրա մասին։ Նախ՝ մենք փորձել ենք ձեռք բերել, գնանշման առաջարկներ ենք ստացել, դրանք արժեին 10 միլիոն 300 հազար դրամ, այսինքն՝ մեզ պետք են երկուսը, ընդհանուր դա անում է 20 միլիոն 600 հազար դրամ։ Չենք գնել, որովհետեւ համապատասխան ֆինանսական միջոցներ չի տրամադրվել քաղաքապետարանի կողմից՝ այդ գնումն իրականացնելու համար։ Երկրորդ․ քաղաքապետարանը դիտարկում է մի հարց, որը վերջնական որոշում չի ստացել՝ մեծ դրոններ ձեռք բերելու եւ քաղաքի քարտեզագրումն այդ դրոնների միջոցով անելու համար, այսինքն՝ ոչ թե դրոններ ձեռք բերելու, այլ ծառայություն ձեռք բերելու, դա նորագույն տեխնոլոգիա է եւ բավականին թանկ արժե։ Եվ միայն այդ հարցը պարզ դառնալուց հետո մեզ էլ պարզ կդառնա՝ մենք արդյոք նույն ձեւով շարունակո՞ւմ ենք քարտեզագրել քաղաքի մյուս վարչական շրջանները, թե՞ օգտվում ենք թանկարժեք տեխնիկայի ծառայությունից։ Նորից նշեմ՝ քաղաքապետարանի բյուջեն սահմանափակ է, եւ քաղաքային իշխանությունն է որոշում, թե որ ծրագրի տակ որ գումարները հատկացնեն, որոնք՝ չէ, ելնելով նաեւ իր բյուջեից»։
- Պարոն Բեգոյան, բայց տեսնում ենք, թե քաղապետարանն իրեն ինչեր է թույլ տալիս, օրինակ՝ թանկ գներով անիվներ են գնում, մեկ սենյակի վերանորոգման համար 22 միլիոն են տալիս։ Հարց է ծագում․ վերոնշյալ սենյակը վերանորոգե՞լն էր առաջնային, թե՞ այդ սարքերը ձեռք բերելը։
- Ես չեմ կարող ասել՝ ինչ սենյակ է վերանորոգվել, գուցե դա կարեւոր է եղել, ես չեմ կարող քաղաքային իշխանության որոշումները մեկնաբանել կամ կասկածի տակ դնել: Միայն կարող եմ ասել՝ օրինակ, Երեւան քաղաքի ոռոգման ջրագծերի վիճակը շատ վատ է, մենք տարեկան անցկացնում ենք տասնյակ կիլոմետր նոր ոռոգման համակարգեր, եւ, այո, ես գտնում եմ, որ եթե գումար լիներ, ես այդ գումարն ավելի առաջնային կհամարեի ջրագծերի անցկացման, կիլոմետրերն ավելացնելու, ավելի շատացնելու համար։ Մենք նաեւ ունենք խնդիր՝ տեսակավորող թափոնները սպասարկող ավտոմեքենաների սղություն։ Եթե պայմանականորեն վերցնեինք, որ ինչ-որ գումար կա, ինչ-որ մեկը 20 միլիոնը տրամադրում է, երեւակայիր՝ քաղաքապետարանը, գուցե այդ որոշումը գնար ոչ թե այդ սարքավորումները ձեռք բերելուն, այլ այդ աղբատարները ձեռք բերելուն։ Այնպես որ, խնդիրները շատ են։ Մենք ընդլայնում ենք մեր տնկարանային տնտեսությունը, ծախսել ենք 100 միլիոն դրամ գումար, դա բերելու է նրան, որ տարիներ հետո Երեւանն իր տնկանյութն է ունենալու։
- Այսինքն՝ Դուք սենյակ վերանորոգելը, անիվներ գնելն ավելի առաջնահերթ եք համարում։
- Բա չգնե՞ն անվադողեր։
- Ուռճացված թվեր են ներկայացվում։
- Դրանք հիմնականում էլեկտրոնային գնումներ են։ Միայն կարող եմ ասել՝ քաղաքային իշխանության կոպեկը հաշված է։
Կարծիքներ