Բժշկական համալսարանի վարչության կալանավորված պետը մեղադրանքը հերքում է

Բժշկական համալսարանի վարչության կալանավորված պետը մեղադրանքը հերքում է

Հակակոռուպցիոն կոմիտեն մի քանի օր առաջ հայտարարություն էր տարածել, որ Երեւանի պետական բժշկական համալսարանի տնտեսական վարչության պետ Սամվել Բարոյանը ձերբակալվել է, ապա՝ կալանավորվել։ Ըստ տարածված հայտարարության՝ «Բարոյանը, հանդիսանալով պաշտոնատար անձ, 2022 թվականի նոյեմբերից մինչեւ 2023 թվականի փետրվարն ընկած ժամանակահատվածում Բժշկական համալսարանի բյուջեից հափշտակել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով՝ ավելի քան 7 մլն ՀՀ դրամը: Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ Բարոյանը, օգտագործելով իր ծառայողական լիազորությունները, վերը նշված ժամանակահատվածում առանց օրինական հիմքերի՝ հափշտակության նպատակով, նույն համալսարանի շինվերանորոգման բաժնի բանվորների բանկային հաշվեհամարներին որպես աշխատավարձ մաս-մաս փոխանցել է ընդհանուր 7.400.000 ՀՀ դրամ, ապա վերջիններից պահանջել է այն կանխիկացնել եւ փոխանցել իրեն: Բանվորները, կատարելով Բարոյանի պահանջը, ամբողջությամբ կանխիկացրել ու նրան են փոխանցել գումարը, որը վերջինս ստանալով՝ հափշտակել է: Բարոյանին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (Խոշոր չափերով վստահված գույքը հափշտակելը)»։ 

Մենք զրուցել ենք Բարոյանի պաշտպան Սասուն Ռաֆայելյանի հետ, ով ասաց, որ կալանքի որոշումը բողոքարկելու են․ «Կալանքի որոշումը, միանշանակ, բողոքարկվելու է՝ կալանավորման պայմանի եւ կալանավորման հիմքերի բացակայության հիմքով»։ Պաշտպանին հարցրինք` արդյոք Բարոյանն արդեն ցուցմունք տվե՞լ է եւ եթե տվել է, ապա ինչպե՞ս է մեկնաբանել իրեն առաջադրված մեղադրանքը, դրանում նկարագրված իրադարձությունները։ «Պարոն Բարոյանը դեռ ցուցմունք չի տվել, քննության համապատասխան փուլում կտա անպայման։ Այս փուլում կտրականապես հերքում է մեղադրանքը»,- պատասխանեց Ռաֆայելյանը։ Գործով որպես մեղադրյալ են ներգրավված նաեւ բանվորները, որոնց, ենթադրաբար, փոխանցվել են, ապա հետ են վերցվել այդ գումարները։ Պաշտպանին հարցրինք՝ մյուս մեղադրյալները ցուցմունք տվե՞լ են։ «Ճիշտն ասած՝ նախաքննությունը գաղտնիության փուլում է կատարվում, դա նախաքննական գաղտնիք է, եւ ասել չեմ կարող, տեղեկություններ չունեմ»,- պատասխանեց պաշտպանը։ 

Նշենք, որ Բարոյանը Բժշկական համալսարանում աշխատում է 2006 թվականից։ 2006-2007 թվականներին աշխատել է ԵՊԲՀ «Մուրացան» հիվանդանոցային համալիրում՝ որպես տնտեսական աշխատանքների ղեկավար, 2008-11 թթ․ ԵՊԲՀ տնտեսական աշխատանքների գծով պրոռեկտորն է եղել, 2010-11 թթ․՝ ԵՊԲՀ ֆիզիկական դաստիարակության ամբիոնի վարիչը, 2011-13 թթ․՝ համալսարանի գործերի կառավարիչը, իսկ 2013-ից զբաղեցնում է տնտեսական վարչության պետի պաշտոնը։ Նա 63 տարեկան է։ 

Մենք ԵՊԲՀ խոսնակից հետաքրքրվեցինք, թե ինչ դիրքորոշում ունի համալսարանն իր աշխատակցի նկատմամբ առաջադրված մեղադրանքի վերաբերյալ: Շուշան Դանիելյանն ասաց. «Ներկա պահին հարցը գտնվում է իրավապահների տիրույթում, եւ համալսարանը զերծ է մնում որեւէ գնահատականից։ Միեւնույն ժամանակ հավելեմ, որ աշխատակիցը շուրջ 20 տարուց ավելի աշխատում է հաստատությունում եւ վայելում է համալսարանականների հարգանքը»։ Հետաքրքրվեցինք նաեւ՝ արդյոք ռեկտոր Արմեն Մուրադյանը տեղյա՞կ է եղել ենթադրյալ դեպքից եւ արդյո՞ք ցուցմունք տվել է այս գործով։ «Բնականաբար, տեղյակ չի եղել եւ տեղեկացվել է դեպքին միայն իրավապահների գործողություններից հետո։ Դեպքի առնչությամբ ռեկտորը չի հարցաքննվել»,- պատասխանեց խոսնակը: