Իմքայլականը՝ մանիպուլյացիա հավաստող

Իմքայլականը՝ մանիպուլյացիա հավաստող

Աշխույժ-լավատե՜ս տղերք են իմքայլականները. նույն երեւույթից  (իրադարձություն, դեպք, խոսք, հայտարարություն) մինչ շարքային քաղաքացին մի եզրահանգում է անում, սրանք անում են բոլորովին այլ եւ, սովորաբար՝ լրիվ հակառակ եզրահանգումը։

Նիկոլ Փաշինյանի հունվարի 11-ի Մոսկվա կատարած այցի եւ Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների հետ հանդիպման արդյունքներին այդ խանդավառ աշխույժներից առաջինն արձագանքել է ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը։ Մինչ Ն․ Փաշինյանի վերոնշյալ հանդիպումը հայ հանրության մեջ ավելի շատ արցունքներ է հարուցել, քան արձանագրել «արդյունքներ», բոլորովին այլ է սույն ՔՊ-ականի ընկալումը։ Այլ այնքա՛ն, որ մոսկովյան խայտառակությունը նա որակում է․․․ «կարեւոր դիվանագիտական հաջողություն»։ 

Բայց ամենազավեշտալին այն է, որ իմքայլական սույն սուբյեկտը Ֆեյսբուքում գրառում անելիս չի նկատում, որ իր ընդգծմամբ («Հուսով եմ՝ սա նաեւ վերջ կդնի մեր քաղաքական դաշտում Սյունիքի կամ Մեղրիի վերաբերյալ տարածվող մանիպուլյացիաներին») ակամա մանիպուլյատոր է անվանում ոչ այլ մեկի, քան վարչապետի մամուլի խոսնակին, իսկ դա նշանակում է՝ հենց վարչապետին։ Ախր խոսնակային շուրթերով վարչապե՛տն էր ընդամենը մեկ օր առաջ պաշտոնապես հայտարարել, որ մոսկովյան հանդիպմանը քննարկվելու է նաեւ «Հայաստանի կենտրոնական շրջաններից Նախիջեւանի վրայով Սյունիքի հետ տրանսպորտային կապ հաստատելու խնդիրը»։ Պարզվում է՝ դա «Սյունիքի վերաբերյալ տարածվող» մանիպուլյացիա է՝ արված ամենաբարձր մակարդակով։

Չէ, աշխո՜ւյժ տղերք են իմքայլականները, նաեւ՝  մազալու։ 
Վերջին բառն ընկալելու համար, հուսամ, նրանք առանձին դժվարություն չեն ունենա․ այդ լեզուն օրըստօրե նրանց հարազատ է դառնում այնքան, որ նույնիսկ Շուշի անունն են դրա «օրենքներով» արտաբերում։