Աշխատանքից ազատել են ցույցերին մասնակցելու համար․ «Հայաստան» հիմնադրամի նախկին աշխատակից

Աշխատանքից ազատել են ցույցերին մասնակցելու համար․ «Հայաստան» հիմնադրամի նախկին աշխատակից

Մենք իրականում հավաքվել ենք մեկ սրբազան պայքարի շուրջ՝ փրկելու մեր հրաշք հայրենիքը։ Մենք պիտի փրկենք մեր հայրենիքը, մեր տանջված հայրենիքը այս թուրքահպատակ իշխանություններից։ Բոլորս էլ ունենք ծնողներ, մտերիմներ, բարեկամներ, որոնք իրականում ուզում են միանալ այս պայքարին , բայց վախենում են կորցնել աշխատանքը։ Ես անձամբ եմ երեկ կորցրել իմ աշխատանքը ցույցերին մասնակցելու համար ու ուզում եմ ասյտեղից բոլորին կոչ անել, որ դա բացարձակ վախենալու չէ։ Այս մասին քիչ առաջ Ֆրանսիայի հրապարակում ընդդիմության նախաձեռնած հերթական հանրահավաքին իր ելույթում ասաց քաղաքացի Աննա Մանուկյանը, որը  «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենի հրամանով ազատվել է աշխատանքից «Դիմադրության» շարժման ցույցերին (աշխատանքային ժամերից հետո) մասնակցելու պատճառով։

«Մենք պիտի օր առաջ ազատվենք այս անօրինություններից։ Մենք պիտի ազատվենք մեր հայրենիքը հիմքից քանդող այս իշխանություններից։ Ես 10 տարի աշխատել եմ իմ շատ սիրելի հիմնադրամում՝ որպես ծրագրերի համակարգող։ Երեկ ազատվել եմ աշխատանքից, քանի որ մասնակցում եմ ցույցերին։ Իրականում աշխատանք կորցնելը շատ փոքր խնդիր է, երբ բոլորս այսօր կանգնած ենք հայրենիքը կորցնելու վտանգի առջև»,- հավելեց։