Իսկ խորհրդարանը խորհրդավոր լռում է

Իսկ խորհրդարանը խորհրդավոր լռում է

Հուլիսի 30-ին ԱՀ նախագահ Բակո Սահակյանը մասնակցել է Ոստիկանության կոլեգիայի նիստին, որտեղ հայտարարել է, որ Արցախում անկայունություն սադրելու փորձերը կարժանանան օրինական հակազդեցության: Այդ մասին մամուլի հրապարակումներից ժամեր անց ՊԲ նախկին հրամանատարի գրասենյակը հայտարարություն է տարածել, որի սկզբունքային նորությունը Բակո Սահակյանին հրաժարական պարտադրելու օրակարգով քաղաքական այլ ուժերին հղված կոչն է:

Այսպիսով փորձ է արվում ձեւավորել մթնոլորտ, թե Բակո Սահակյանի հրաժարականի  պահանջը ոչ թե Սամվել Բաբայանի անձնական ցանկությունն է, այլ՝ «հանրայնորեն հասունացած անհրաժեշտություն»:

Տեղեկություններ կան, որ ՊԲ նախկին հրամանատարը խորհրդատվություններ է սկսել առանձին գործիչների եւ քաղաքական ուժերի հետ եւ, հնարավոր է, մոտ ապագայում տարածվի համատեղ հայտարարություն: Այս ֆոնին անհասկանալի է ժողովրդի ներկայացուցչական մարմնի՝ Ազգային ժողովի, երդվյալ լռությունը: Ընդ որում, խորհրդարանը լուռ էր նաեւ սահմանադրական փոփոխություններին աջակցության ստորագրահավաքի ողջ ընթացքում, իսկ նրա առանձին ներկայացուցիչներ նշում էին, որ դա ուղղակի ժողովրդավարության դրսեւորում է: Իրավիճակը մի փոքր փոխվեց, երբ Հայաստանի ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահը Ստեփանակերտում հայտարարեց, որ փոփոխությունների առաջարկվող նախագիծը խնդրահարույց է:

Արցախցի խորհրդարանականները, սակայն, բավարարվեցին այդ թեզի կրկնությամբ եւ հանգիստ խղճով գնացին վայելելու իրենց արձակուրդը: Գործընթացները, մինչդեռ, թափ են հավաքում, ՊԲ նախկին հրամանատարը խոսում է մեկ ժամում տասը հազար մարդ Ստեփանակերտի կենտրոնական հրապարակ հանելու եւ իշխանափոխություն պարտադրելու հեռանկարից: Իսկ խորհրդարանը խորհրդավոր լռում է՝ երկրի նախագահին փաստացի թողնելով մենակ:

Ի՞նչ հաշվարկով է լռում Ազգային ժողովը՝ կարելի է ամենատարբեր ենթադրություններ անել: Քաղաքականության մեջ ոչինչ բացառելի չէ: Այդուհանդերձ, ներկայիս Ազգային ժողովը նախագահ Բակո Սահակյանի հետ տասներկուամյա անցած ճանապարհ ունի, եղել է նրա քաղաքական հենարանը, իսկ առանձին գործիչներ իրենց կարիերայով ուղղակի նրան են պարտական: Այսօր պահն է, որպեսզի նախագահ-խորհրդարան քաղաքական համերաշխությունը դրսեւորվի գործնականում: Եւ եթե մոտակա մեկ-երկու օրվա ընթացքում Ազգային ժողովը պաշտոնապես չարձագանքի Սամվել Բաբայանի կոչին եւ չմերժի այն, ապա հարկ կլինի արձանագրել ամենացավալին՝ նախագահ Բակո Սահակյանի թիկունքում քաղաքական գործարքների հավանականությունը մեծանում է: