Ինչ տուգանքներ են կիրառում եվրոպական երկրները կարանտինը խախտելու դիմաց. BBC

Ինչ տուգանքներ են կիրառում եվրոպական երկրները կարանտինը խախտելու դիմաց. BBC

Կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված, եվրոպական երկրները, մեկը մյուսի հետևից, գնում են աննախադեպ քայլերի, մինչեւ անգամ՝ պատժի սպառնալիքի գնով կարգադրելով քաղաքացիներին դուրս գալ տանից միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: Եթե սկզբնական շրջանում, շատ երկրների կառավարություններ, սահմանափակվում էին միայն հորդորներով, վերջին օրերին դրանք փոխարինվել են տուգանքներով:  

Կորոնավիրուսից ամենաշատը տուժած Իտալիայում խստագույն կարանտին է սահմանված: Փակ է ամեն ինչ, բացի մթերային խանութներից: Կարանտինային ռեժիմը խախտելու համար տուգանքը կազմում է 300-ից 4000 եվրո, իսկ կորոնավիրուսով վարակված անձի դեպքում, կարանտինը խախտելու պահանջը սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկմամբ:

Իսպանիայում կարանտինը մտցվել է մարտի 14-ից: Այստեղ օրվա ընթացքում, ընտանիքի անդամներից միայն մեկը կարող է մեկ անգամ դուրս գալ տանից` մթերային խանութ գնալու համար: Կարանտինի ռեժիմը խախտելու համար Իսպանիայում կիրառվում են խիստ պատիժներ. տուգանքը կարող է հասնել մինչեւ 30 հազար եվրոյի, իսկ որոշ դեպքերում` սպառնում է մինչև մեկ տարվա ազատազրկում: Օրինակ ՝ մարտի 23-ին, ոստիկանությունը ձերբակալել է կատալոնյան` Տորթոսա քաղաքից մի կնոջ, ով ժամադրությունից վերադառնում էր տուն:   

Գերմանիայում պետական մակարդակով նոր խիստ կանոններ են մտցվել մարտի 23-ից: Մարդկանց արգելվում է հավաքվել երկուսից ավել մի վայրում, եթե իհարկե նրանք միասին չեն ապրում: «Ինչ վերաբերում է տուգանքներին, ապա չկա կոնկրետ հրահանգ, որը կտարածվի ողջ Գերմանիայի վրա: Հյուսիսային Ռայն-Վեստֆալիան և Ռայնլանդ-Պալատինատը կարող են սահմանել օրինակ տուգանքներ մինչև 25 հազար եվրո», - գրում է Spiegel թերթը:

Չեխիան մարտի 13-ից երկրում մտցրել է արտակարգ դրություն և խիստ արգելքներ: Տանից դուրս գալը կարելի է միայն խիստ անհրաժեշտության դեպքում եւ դիմակով: Օրինակ, Մարտի 21-ին Չեխիայի ոստիկանությունը տուգանել է երկու քաղաքացու ՝ յուրաքանչյուրին` 10 հազարական կրոնով դիմակ չկրելու համար: Ընդհանուր առմամբ, Չեխիայում կարանտինը չպահպանելու համար տուգանքը կարող է հասնել մինչև 3 միլիոն կրոն:

Լեհաստանի իշխանությունները մարտի 24-ից արգելել են զբոսանքները փողոցներում եւ երկու հոգուց ավել կուտակումները ցանկացած վայրում: Ըստ կառավարության որոշման, նույնիսկ եկեղեցում, միանգամից չպետք է լինի ավելի քան 5 մարդ: Արգելքն ի սկզբանե մտցվել է մինչև ապրիլի 11-ը, որին չենթարկվելու համար տուգանքը կազմելու է մինչև 5000 զլոտ:

Բրիտանական կառավարությունը եւս մարտի 23-ից խստացրել է արգելքները: Քաղաքացիներին թույլատրվում է տանից դուրս գալ միայն սննդի, առաջին անհրաժեշտության ապրանքների, դեղորայքի կամ աշխատանքի գնալու համար: Միաժամանակ արգելվում է երկուսից ավել հավաքվել մի վայրում: Կառավարության մամուլի ծառայությունից տեղեկացրել են, որ ոստիկանությունը հինգշաբթի օրվանից կսկսի 30 ֆունտով տուգանել բոլոր այն քաղաքացիներին, ովքեր այդ պահանջներին չեն հետեւում: