Պլաստիկ վիրաբուժությունը դարձել է անվտանգ. մարդիկ արդեն բարդույթներ չունեն

Պլաստիկ վիրաբուժությունը դարձել է անվտանգ. մարդիկ արդեն բարդույթներ չունեն
Արշակ Մնացականյան

Արշակ Մնացականյանը պլաստիկ վիրաբույժ է, աշխատում է «Աստղիկ» բժշկական կենտրոնում՝ որպես պլաստիկ վիրաբուժության ծառայության ղեկավար եւ փոխտնօրեն։ Արդեն իսկ 11 տարվա աշխատանքային փորձ ունի, «Լույս» հիմնադրամի աջակցությամբ ուսանել եւ աշխատել է արտերկրում՝ Գերմանիայում, Անգլիայում։ Նաեւ Անգլիայի վիրաբույժների թագավորական միության անդամ է։ 
2013 թվականից աշխատում է Հայաստանում։ Հայ վիրաբույժը պարբերաբար մեկնում է նաեւ Գերմանիա, Հայդելբերգի համալսարանական կլինիկա, քանի որ «Աստղիկ» կենտրոնը եւ այդ կլինիկան քույր կլինիկաներ են, «Աստղիկ»-ի բժիշկներն էլ այնտեղ վերապատրաստումների են մասնակցում։ 

- Պարոն Մնացականյան, որո՞նք են ամենապահանջված վիրահատությունները Հայաստանում եւ աշխարհում։

- Հայաստանում պլաստիկ վիրաբուժությունում ամենապահանջվածը ռինոպլաստիկան է՝ քթի վիրահատությունը։ Մեր կլինիկայում՝ մոտ 2000-3000 վիրահատություն է կատարվում ամեն տարի, որից մոտ 500-600-ը՝ ես՝ անձամբ։ Աշխարհում, սակայն, միտումները տարբեր են։ ԱՄՆ-ում, օրինակ, տարածված է կրծքի, շրթունքների պլաստիկան։ 

- Իսկ ինչո՞ւ են Հայաստանում այդքան հաճախ վիրահատում քիթը։ 

- Մարդիկ ձգտում են գեղեցիկ լինել եւ բարելավել կյանքի որակը։ Կանայք որեւէ բարդույթ չունեն, քանի որ պլաստիկ վիրաբուժությունն այլեւս կյանքին եւ առողջությանը վտանգ չի սպառնում։ Հիմա վիրահատությունը մի քանի ժամ է տեւում, իսկ հետվիրահատական ապաքինումը մի շաբաթ է ընդամենը, հետեւաբար, ավելի հեշտ է վիրահատվել ու լիարժեք լինել, քան տարիներ շարունակ բարդույթներով ապրել։ 

- Ճի՞շտ է, որ բժշկական զբոսաշրջությունը մեծ տարածում է ստացել։

- Նոր, հետաքրքիր տենդենց է․ Հայաստան են գալիս պլաստիկ վիրահատությունների հիմնականում ՌԴ-ից եւ ԱՊՀ երկրներից, հայտնի փաստ է, որ ՌԴ-ում էլ առաջատար պլաստիկ վիրաբույժները հիմնականում հայեր են։ ՌԴ-ում, սակայն, գները բարձր են, իսկ որակի առումով Հայաստանում կատարված վիրահատությունները բացարձակ չեն զիջում։ 

- Իսկ ինչպե՞ս են Ձեզ գտնում, թվում է, թե դրսից եկած մարդուն ավելի դժվար պետք է լինի այդ հարցում։ 

- Լավ վիրաբույժին բավարար է սոցիալական ցանցերում էջ ունենալ։ Սովորաբար այցելուն վեբ-կայքի կամ սոցցանցի միջոցով գտնում է իր ուզած բժշկին եւ գալիս է Հայաստան։ Իհարկե, կան կազմակերպություններ, որոնք դիմավորում ու տեղավորում են, սակայն բժշկական մասն այդ փաթեթի մեջ սովորաբար չի մտնում։ Արդյունքում ընդհանուր այցելուների 20 տոկոսից ոչ պակասը գալիս է արտերկրից։ Բժշկական տուրիզմը հնարավորություն է տալիս այցելուին՝ համատեղել հաճելին օգտակարի հետ՝ լինել տեսարժան վայրերում, ծանոթանալ երկրին։ 

- Ի՞նչ խնդիրների են բախվում բժիշկն ու իր այցելուն, որոնք ազդում են սպասարկման արդյունավետության վրա։ 

- Ընդհանուր առմամբ, Հայաստանում բժիշկ-այցելու հարաբերություններում պակասում է օրենսդրական կարգավորումը։ Գերմանիայում եւ Անգլիայում մինչեւ ծառայություն մատուցելը 15 էջանոց պայմանագիր է տրամադրվում այցելուին, որում մանրամասն նշվում են բոլոր բարդությունները եւ այդ բարդություններից դուրս գալու ելքը։ Հայաստանում չկա նման կարգավորում։ Լավ կլինի, որ պայմանագրեր լինեն բժիշկների եւ այցելուների միջեւ։ Պլաստիկ վիրաբուժության մեջ հաճախ են լինում բարդություններ, ոչ ցանկալի արդյունքներ, եւ նման խնդիրների դեպքում այցելուները չգիտեն ինչպես վարվել, բժիշկներն էլ չգիտեն, թե ինչպես պաշտպանվեն։ Ոչ ցանկալի արդյունքները մենք, իհարկե, փորձում ենք շտկել, որովհետեւ մեզնից ակնկալիքները շատ-շատ են։ 

- Ինչպե՞ս լինել պահանջարկ ունեցող բժիշկ, ի՞նչ ծանոթներ կամ գիտելիքներ են անհրաժեշտ։ 

- Թերեւս բժշկությունը միակ ոլորտն է, որտեղ խնամի-ծանոթ գործոնն էական չէ։ Արտերկրում ուսանելու եւ աշխատելու ընթացքում շատ արագ հասկանում ես, թե ինչպես կարելի է սովորել եւ աշխատել՝ առանց կողմնակի աջակցության։ Դու սովորում եւ ապրում ես մի երկրում, որտեղ պետք է ամեն ինչի հասնես ինքնուրույն, միայն քո աշխատանքի շնորհիվ։ Եվ պարզվեց, որ նույն բանը հնարավոր է նաեւ Հայաստանում։

- Կա՞ն արդյոք ժամանակի թելադրած պահանջներ, առհասարակ՝ ի՞նչ է փոխվել վերջին 10-15 տարում պլաստիկ վիրաբուժությունում։ 

- Ամենակարեւորն այսօր այցելուի անվտանգությունն է, բոլոր նոր կլինիկաներն անցնում են ստանդարտացման ճանապարհով։ Իսկ դրանք ուղղված են այցելուների անվտանգության ապահովմանը, ուստի ե՛ւ անզգայացումը, ե՛ւ ներվիրահատական ընթացքն ուղեցույցներով կարգավորված են։ Ուշադիր անեսթեզիոլոգի դեպքում հաղթահարելի են նույնիսկ ալերգիկ ռեակցիաները։ Ինչ վերաբերում է ռինոպլաստիկային, ապա եթե տասը տարի առաջ ձգտում էին ստանալ անբնական կորություն ունեցող քիթ, հիմա հնարավորինս վիրահատվում են բնականին մոտ։ Աշխարհի լավագույն պլաստիկ վիրաբույժներն այնպես են անում, որ չերեւա, որ քիթը վիրահատված է։ Չնայած ճաշակը եւ ցանկությունները շատ սուբյեկտիվ են, բայց կան ընդհանրություններ՝ ռուսները, օրինակ, կարճ, տիկնիկային քթեր են սիրում, հայերը նախընտրում են բնականին մոտ քթերը։ 

- Հայաստանում կարծես պլաստիկ վիրաբույժների պակաս չկա, ինչպե՞ս եք վերաբերվում այդ մրցակցությանը։ 

- Հայաստանում մրցակցությունը, ի դեպ, շատ առողջ է, պլաստիկ վիրաբույժների մեծ մասն իմ ուսուցիչներն են, պետք է ասեմ, որ բոլորից շատ բան եմ սովորել, հիմա էլ նրանց հետ կարող եմ քննարկել ցանկացած հարց։ Նույնը վերաբերում է նաեւ գերմանացի իմ գործընկերներին, որոնց հետ հեռուստակոնֆերանսներ եմ ունենում։ Ամեն դեպքում՝ առողջ մրցակցությունը բխում է պացիենտի շահերից եւ նպաստում բժշկի մասնագիտական աճին։