Զոհրաբ Մնացականյանն այցելությունների շարք է սկսում

Զոհրաբ Մնացականյանն այցելությունների շարք է սկսում

Երեկ ԱԳՆ-ն հաղորդագրություն տարածեց, որ «սեպտեմբերի 12-15-ը ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը պաշտոնական այց կկատարի Եգիպտոսի Արաբական Հանրապետություն: Այցի շրջանակներում նախատեսված են ԱԳ նախարարի հանդիպումները ԵԱՀ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաեւ եգիպտահայ համայնքի ներկայացուցիչների հետ»: Մեր տեղեկություններով, սա արեւելյան երկրներ ուղեւորությունների շարք է, որ նախատեսում է իրականացնել ԱԳ նախարար Մնացականյանը։ Առաջին այցը Եգիպտոսն է։ Հաջորդը, մեր տեղեկություններով, լինելու է Լիբանանը։

Փաստն ինքնին ուշագրավ է՝ հաշվի առնելով, որ Բեյրութի պայթյունից հետո ՀՀ սփյուռքի հանձնակատարը, մի շարք խորհրդարանականներ ու լրագրողներ օրեր առաջ մեկնել էին Բեյրութ։ Տեղեկությունը հաստատելու համար դիմել էինք ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանին, ով ասաց․ «Մերձավոր Արեւելքի երկրների հետ հարաբերությունների զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության կարեւոր ուղղություններից է, եւ այդ համատեքստում առաջիկայում ծրագրվում են մի շարք գործողություններ: Մերձավոր Արեւելքի տարածաշրջան նախարարի այցի մասին կհայտարարենք առաջիկա օրերին՝ ընդունված ընթացակարգով»։

Նշենք, որ Զոհրաբ Մնացականյանը նախատեսում է Լիբանանում հանդիպումներ ունենալ ինչպես հայ համայնքի, այնպես էլ լիբանանյան իշխանությունների ներկայացուցիչների հետ։ Սակայն այցի մասին առայժմ որեւէ կոնկրետ բան չեն ասում, քանի որ այն դեռեւս վերջնականապես հաստատված չէ։