Առնվազն ամեն հանձնաժողովի համար երկու թեկնածու ունենք

Առնվազն ամեն հանձնաժողովի համար երկու թեկնածու ունենք

«Քաղաքացիական պայմանագիրը» վարչության նիստ է արել եւ որոշել, թե ովքեր են լինելու նոր ձեւավորվող խորհրդարանի խոսնակն ու փոխխոսնակները։ Վարչության նիստում, պարզվում է, հին ու բարի, կարելի է ասել՝ ՀՀԿ-ական մեթոդներով ոչ թե քննարկել, այլ ուղղակի հաստատել են Նիկոլ Փաշինյանի կողմից արդեն նախապես կայացված որոշումը։ Իսկ մինչ այդ տեղեկությունն արդեն բաց էին թողել մամուլ։ Բայց սա չէ խնդիրը, խնդիրը Կոմկուսի մեթոդներով առաջնորդի որոշումներն անվերապահ ընդունելն է՝ առանց այլոց կարծիքը մեծ հաշվով հաշվի առնելու։ 
Բայց ՔՊ վարչության նիստում դեռ միայն ԱԺ նախագահի ու տեղակալների հարցն են քննարկել․ ԱԺ նախագահ կլինի Արարատ Միրզոյանը, տեղակալներ՝ Ալեն Սիմոնյանն ու Լենա Նազարյանը։ Բայց դեռ պարզ չէ, թե ով է լինելու «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը, ովքեր են լինելու հանձնաժողովների նախագահները։ Ամենաբարդը խմբակցության ղեկավարի հարցն է, որի շուրջ դեռ անուններ չկան։

ՀՀԿ-ի դեպքում, օրինակ, Վահրամ Բաղդասարյանն իր վրա մեծ պատասխանատվություն էր վերցրել՝ ղեկավարելու մի խմբակցություն, որտեղ զգալի թիվ էին կազմում կամակոր օլիգարխները, որոնց պետք էր հարկ եղած դեպքում արագ հավաքել՝ կանչելով ռեստորաններից ու սաունաներից, որ մասնակցեին քվեարկության։ Այս խմբակցությունում էին նաեւ իրար հետ անհաշտ կանայք, դեպքից դեպք ԱԺ եկող գեներալներ, ՀՀԿ-ից տարանջատվող ինտելեկտուալներ եւ այլն։ Հիմա ոչ պակաս փորձություն է սպասվում «Իմ քայլը» խմբակցության ղեկավարին, որը պետք է  համակարգի եւ դաստիարակի դեռ քաղաքական հասունության չհասած կամակոր բալիկների՝ դատելով ցանկից, թե ովքեր են անցնելու խորհրդարան։ Ուստի, մեր տեղեկություններով, այս պատասխանատվությունը ստանձնելու համարձակություն քչերն ունեն, չնայած դրա դիմաց ունենալու են լուրջ բոնուս՝ ընդարձակ աշխատասենյակ, ծառայողական մեքենա, օգնականներ, քարտուղարուհիներ եւ այլն։

ՔՊ անդամ Հովիկ Աղազարյանը, ով երկրորդ անգամ է ընտրվում պատգամավոր, մեզ հետ զրույցում ասաց, որ դեռ չեն որոշել, քանզի մանդատները դեռ չեն ստացել, բայց, իր կարծիքով,  Արայիկ Հարությունյանն էլ կարող է լինել խմբակցության ղեկավար, Սուրեն Պապիկյանն էլ, Ռուբեն Ռուբինյանն էլ, նույնիսկ ինքը, եթե թիմը նպատակահարմար գտնի։
Իսկ ԱԺ նախագահի պաշտոնում Արարատ Միրզոյանի՞ն է պատկերացնում, Աղազարյանն ասաց․ «Ես՝ այո»։

ԱԺ փոխնախագահի պոտենցիալ թեկնածու Ալեն Սիմոնյանն էլ մեր հարցին՝ ճի՞շտ է, որ Միրզոյանն ԱԺ նախագահի, իսկ ինքն ու Լենա Նազարյանն էլ փոխնախագահի թեկնածուներ են ընտրվել ՔՊ վարչության նիստում, ասաց, որ այդ հարցը քննարկվել է, բայց չասաց, թե ովքեր են։ Թեպետ մեր թվարկած անուններն էլ չհերքեց։

- Իսկ խմբակցության ղեկավար եւ հանձնաժողովների նախագահներ ովքե՞ր են լինելու։

- Չգիտեմ, դեռ քննարկում ենք, որ էդպես հեշտ լիներ, երեկ կորոշեինք։

- Ձեզ չի՞ առաջարկվել խմբակցության ղեկավար։

- Բայց ես չֆիքսեցի, որ փոխնախագահ եմ։

- Նաեւ չհերքեցիք։ Իսկ քանի՞ հանձնաժողով է ձեզ բաժին հասնելու՝ որպես ամենամեծ խմբակցության։ Դոնթի բանաձեւով ձեզ քանի՞սն է բաժին հասել։

- Դե, ոնց որ օրենքով նախատեսված է։ Բայց դեռ չենք քննարկել էդ հարցը։ Դեռեւս այն երեք պաշտոնների հարցն ենք քննարկել։

- Իսկ ունե՞ք բավարար պրոֆեսիոնալիզմով օժտված դեմքեր, որոնք կկարողանան ղեկավարել այդ հանձնաժողովները, օրինակ՝ պետաիրավական հարցերի հանձնաժողովը, արտաքին հարաբերությունները եւ այլն։

- Դե հիմա որ ես անուններ տամ, պիտի ասեք՝ անուն է տալիս: Ես անուններ չեմ տա, բայց առնվազն ամեն հանձնաժողովի համար երկու թեկնածու ունենք։