Օրենք, որ 2050-ին կփոխի Հայաստանը

Օրենք, որ 2050-ին կփոխի Հայաստանը

Այո, «ֆեյքերին» բռնեցին պրծան, հիմա էլ բռնության կոչեր անողներին են բռնելու եւ դարձյալ՝ ԱԱԾ-ով, ՀՔԾ-ով, ՊՊԾ-ով-բանով… Կարծիք էլ կա, որ տեսան՝ «ֆեյք» բռնելը ձեռնտու չէ (պարզվում էր՝ բոլոր ֆեյքերը քայլարած են), անցան գիտությունով չալելուն, այսինքն՝ օրենք գրելուն, եւ այդ օրենքով անցանկալի մարդկանցից ու երեւույթներից ազատվելու մեթոդին: Ասում են, իբր, կառավարությունը բռնություն գործադրելու հրապարակային կոչերն ու բռնությունն արդարացնելը կամ քարոզելը պատժելու մասին նախագիծ է մշակել՝ հղումներ անելով սիրուն-սիրուն կոնվենցիաների եւ դիրեկտիվների: Ճիշտն ասած՝ ես կասկածում եմ, որ մեր կառավարությունն ունակ է որեւէ նախագիծ մշակել: Այդ պատճառով էլ մտածում եմ, որ այս «նախագիծը» թխել են մեկ այլ երկրում արդեն գործող օրենքից եւ հիմա հրամցնում են որպես փաշինյանական վարչակազմի բրենդներից մեկը: Շարժառիթն էլ, թերեւս, տապալված (ող) ստամբուլյան կոնվենցիայի «շահառուներին» ինչ-որ կերպ սփոփելն է:
Ի՞նչ է ասվում այդ նախագծում: Եթե կարճ, ապա միայն հետեւյալը՝ «դատապարտելի են բռնություն գործադրելու հրապարակային կոչերն ու բռնությունն արդարացնելը կամ քարոզելը»:

Եվ ուզում են սա կիրառել Հայաստանում, որտեղ յուրաքանչյուր երկրորդ քաղաքացի, պայմանավորված իր ազգային առանձնահատկություններով, ամեն աստծո օր բռնություն գործադրելու հրապարակային կոչեր է անում կամ արդարացնում ու քարոզում բռնությունը: 
Բանն այն է, որ, օրինակ, գերմանացիների համար հստակ է սահմանը, որ գծված է «ոչ բռնության» եւ «բռնության» միջեւ: Այդ հնարավորությունը նրանց տվել է մայրենի լեզուն՝ գերմաներենը, որտեղ ամենավիրավորական բառը «խոզն» է: Հակառակորդիդ ինչի հետ ուզում ես համեմատիր, ասա, որ նա հավի ուղեղ ունի, որ դու առաջին իսկ հանդիպման ժամանակ նրան փետրահան կանես, կստիպես ձու ածել եւ այլն: Սա դեռ բռնության կոչ չէ: Բայց հենց ասացիր՝ խոզ, պետք է կանգ առնես եւ համարես, որ ամեն ինչ ասել ես արդեն, իսկ դրանից այնկողմ անցնելը հանցագործություն է՝ բռնություն կիրառելու հրապարակային կոչ կամ բռնությունն արդարացնելու ցանկություն:
Հայերենը, ցավոք, բռնության կոչերի եւ բռնությունն արդարացնելու լեզվաշերտերում նույնպես ամենահարուստ լեզուն է աշխարհում, եւ մեր դեպքում փաշինյանական կառավարության մշակած նախագիծը կարող է մեծ ավերներ գործել, եթե ընդունվի եւ դրվի գործողության մեջ: Իրավիճակն ավելի լավ պատկերացնելու համար ասեմ, որ եթե գերմաներենում ամեն ինչ վերջանում է «խոզ» բառով, ապա հայերենում այդ բառով ամեն ինչ նոր-նոր է սկսվում: Անգլերենում «fack vou»-ն է սահմանը, բայց դա էլ մեզ համար չափանիշ չէ, որովհետեւ սեռական հայհոյանքներ տվող եւ դրանք իրականացնել սպառնացող հայ կանայք հատուկ խմբերով են գործում սոցցանցերում: Մի խոսքով՝ մեզ ոչ մեկի հետ համեմատել հնարավոր չէ:

Սեռական բնույթի հայհոյանքների մեջ նշված գործողությունն իրականացնելու սպառնալիքը բռնության կո՞չ է, թե՞ ոչ: Կարծում եմ՝ այո: Իսկ ինչպե՞ս պայքարել դրա դեմ Հայաստանում, երբ երկրի կեսը նման սպառնալիքներ է տեղում մյուս կեսի գլխին, իսկ այս կեսն էլ, խոսքի տակ չմնալով, կրկնակի, եռակի, քառակի անգամ անհամաչափ պատասխան է տալիս: Ո՞վ կարող է կանգնել այսպիսի հեղեղի դեմ:
Լեզու եմ ասել… Ապուշ, որտեղ բռնել եմ՝ սատկացնելու եմ… Ապուշը տատդ ա ու քո ողջ ցեղը… Զգացի՞ք ինչ կատարվեց: «Սատկացնելու եմ» ստորոգյալով արտահայտված մահացու սպառնալիքը ոչ մի նշանակություն չունի այս դեպքում, փոխարենը կարեւորվում է ածականը՝ «ապուշ»: Սա էլ մի հետաքրքիր երեւույթ է, որ հատուկ է թերեւս միայն հայերին: Բերեմ նաեւ մի անձնական օրինակ, այսինքն՝ դեպքը պատահել է անձամբ ինձ: Այլ մասնագիտության տեր մի հայտնի մարդու, որ քաղաքագետ է հորջորջվում, հերթական ֆեյսբուքյան ճամարտակության պատճառով «սպառնացել» էի՝ որտեղ բռնեմ, ճըպըլ գլխիդ մնացած էն մեկ-երկու մազն էլ եմ պոկելու: Նրա բարձրացրած վայնասունն աննկարագրելի էր՝ դու ինձ սենց մի նայիր, է՞, բա ես, բա իմ պապերը, բա մեր ցեղը, բա մեր գեղը… Այդ քաղաքագետն այնքան խորամանկ դուրս եկավ, որ նույնիսկ այս առիթն օգտագործեց սեփական PR-ի համար:

Չնայած փոքր է հույսը, որ Հայաստանում նման օրենքը կաշխատի, այդուհանդերձ, հետաքրքիր է իմանալ՝ կունենա՞ այն հետադարձ ուժ, թե՞ չի ունենա: Մենք ունենք բավականին մեծ թվով գաղտնի եւ օրինական ձայնագրություններ, որոնցում բացահայտ բռնության կոչեր են հնչեցնում հասարակությանը քաջ հայտնի մարդիկ: Թարմացրեք ձեր հիշողությունը, խնդրեմ՝ «Ուզես-չուզես, կալանքը պտի տաս», «Լֆիկի խանութն են թալանում: Հա՛, էդ լավ ա, լավ ա, մենք էլ ենք Լֆիկի բաներից կերել», «Իմացա՝ ոստիկաններից դուբինկեք եք խլել՝ հոգիս փառավորվեց, շարունակեք», «Էդ դալբայոբին ասա՝…», «10 մարդ է զոհվել: Հա, նորմալ է, այսպիսի գործերում դա նորմալ է…», «Փռեք ասֆալտին», «Շրջափակեք դատարանները», «Ընչի Հայաստանում դատավոր կա՞, որ իմ ասածը չանի» եւ այլն, եւ այլն: Ոզում ենք հասկանալ՝ հետադարձ ուժ պե՞տք է ունենա «բռնության դեմ» օրենքը, թե՞ այդպիսի ուժ ունի միայն 2008 թվականի մարտի 1-ից հետո ընդունված 300.1 հոդվածը:
Եվ ավարտեմ բռնություն կիրառելու սպառնալիքի եւ դրան տրված ոչ ադեկվատ պատասխանի մի դասական օրինակով: Դեպքը տեղի է ունեցել խորհրդարանում՝ Շմայսի (Առաքել Մովսիսյան) եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ: Շմայսը, ինչպես միշտ, օրենքի տառին համապատասխան, Փաշինյանին անվանեց «դիշովկա» եւ մի քիչ ուրիշ բառերով սպառնաց «բռնաբարել»: Փաշինյանը տակ չմնաց՝ «դիշովկեն դու ես»: Ինձ ճիշտ հասկացեք, ես շատ հեռու եմ միմյանց հետ հաշտված եւ համարյա «ախպերացած» այդ երկու անձնավորություններին կրկին կռվեցնելու մտքից: Պարզապես չեմ կարողանում պատկերացնել, թե մեր ԱԱԾ-ն կամ ՀՔԾ-ն ինչպես է կարողանալու որոշել հայ մարդու խոսքում հնչած բռնության սպառնալիքի իրականացման հնարավորությունը, որ մի հատ էլ էդ մարդուն պատասխանատվության ենթարկի կամ, ինչպես ընդունված է այսօր, ստորագրություն վերցնի չհեռանալու մասին:

ՀԳ. Մոռացա հարցնել: Իսկ մինչեւ այս օրենքն ընդունելը հեղափոխական ֆեյք մասսաների հետ նախապատրաստական աշխատանքներ տարվելո՞ւ են, թե՞ այդ խեղճերն անակնկալի են գալու, երբ նրանց սկսեն դատել «հանուն հեղափոխության» կարգախոսով: