Հայաստանի գոյության բանալին Արցախում է

Հայաստանի գոյության բանալին Արցախում է

ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը կարծում է, որ մենք ոչ թե ճգնաժամ ենք ապրում, այլ ներքաղաքական եւ արտաքին քաղաքական կոլապսի մեջ ենք, որի շարունակությունը ազգի անվերադարձ դեգրադացիան է, իսկ այնուհետ, ժամանակի ընթացքում՝ նաեւ պետական սուվերենության կորուստը, աբխազացումն ու անկումը։ Ո՞րն է լուծումը: Մենք զրուցել ենք Հովհաննես Մանուկյանի հետ:

- Նման կրիտիկական կետում լուծում առաջարկելու համար առնվազն Թեոդոր Հերցլ պետք է լինել։ Եթե մեր լուծումներն առաջարկելու են այսօրվա քաղաքական դերակատարները՝ դիմություն թե ընդդիմություն, ուրեմն մենք գաղափարական փակուղում ենք։ Այսօրվա օրակարգ ձեւավորողները, ավելի ճիշտ՝ չձեւավորողները, թաղման թափորի մասնակիցներ են, որոնք թեեւ միմյանց թշնամաբար են տրամադրված, սակայն բոլորը լծված են նույն օրակարգին. տակավին շնչող հանգուցյալին հասցնել իր փոսը։ Հանգուցյալը, կարծում եմ, հասկացաք, թե «ինչն» է։

- Այսինքն՝ մենք դատապարտվա՞ծ ենք, չկա՞ լուծում։

- Անելանելի իրավիճակներ չկան, եթե աստվածահաճո են գործերդ, հայրենիքի սիրուց դրդված, եւ քայլերդ էլ՝ բանականության ծիրի մեջ։ Բայց, ցավոք, ես չեմ տեսնում դա ոչ մի ուժի եւ ոչ մի գործչի մոտ։ Նույնիսկ բանակը մնաց կիսալուծումների բեռի տակ, ինչի պատասխանը դեռ տալու է։ Բոլորը բացառապես սպասարկում են օտար օրակարգ կամ էլ անմեղսունակ են այն աստիճան, որ կարճաժամկետ տակտիկական խնդիրներ են լուծում այս օրհասական ժամին։ Կա մեկ գործիչ ընդամենը, ով տեսականորեն ի վիճակի է նման դերակատարում ստանձնել, սակայն դա անելու պատրաստակամություն դեռ չեմ տեսնում նրա մոտ։ 

- Ո՞ւմ նկատի ունեք: 

- Չեմ պատասխանում: Այդ գործիչը բավական հայտնի է, որպեսզի ես փակագծեր բացեմ։ Հասկացողը կհասկանա։ 

- Այնուամենայնիվ, ըստ Ձեզ, ո՞վ կամ ո՞ր քաղաքական ուժը շանս ունի երկրում իրավիճակ փոխելու, ռեալ օրակարգ թելադրելու, այս նվաստացած եւ պարտված հոգեբանությունը վերանայելու։ 

- Նման հայտ կարող է ներկայացնել այն ուժը, որը կհայտարարի անհամաձայնություն պատերազմի արդյունքների հետ եւ կհռչակի իր այն ծրագիրը, որն ազգի՝ հոգեվարքից դուրս գալու հույս է ստեղծելու։ Ուժ ասելով՝ նկատի չունեմ միայն քաղաքական միավորումներին կամ զուտ քաղաքական լիդերներին…

- Այդ ծրագիրն ի՞նչ քայլեր պետք է ներառի։ Չէ՞ որ մեր հնարավորությունները պատերազմից հետո շատ սահմանափակ են։ Ի՞նչ կարող ենք մենք պահանջել աշխարհից կամ ի՞նչ կարող ենք առաջարկել։

- Պատերազմը մեր շատ հնարավորություններ սահմանափակեց, իհարկե, բայց այլ, նոր հնարավորություններ բացեց։ Մասնավորապես, արտաքին քաղաքական մեր օրակարգի դիվերսիֆիկացման հնարավորությունները, իմ համոզմամբ, մեծացել են։ Ուղղակի պետք է խելք ու ինտելեկտ ունենալ, համարձակություն նաեւ՝ սա ընկալելու եւ կիրառելու համար։ Իսկ ի՞նչ քաղաքական օրակարգ պետք է հռչակի առողջ ազգային ուժը։ Առաջնահերթ քայլը, իհարկե, Արցախի անկախության ճանաչման օրակարգն է՝ իր հստակ ճանապարհային քարտեզով։ Սա ամեն ինչի նախապայմանն է։ Հայաստանի անվտանգության, ավելին՝ գոյության բանալին Արցախում է։ Չլինի Արցախը՝ Հայաստանի անկումը ժամանակի հարց է ընդամենը։ 

- Շատերն ասում են, որ Արցախի հարցն այլեւս փակ է, այն ռուսական ազդեցության գոտի է, Ադրբեջանը երբեք թույլ չի տա Արցախի կարգավիճակի հարցի բարձրաձայնում։ Որքանո՞վ է իրատեսական Արցախի անկախության պահանջը։

- Եթե մենք մեր հայկական օրակարգը ձեւավորենք օտար շահերի լույսի ներքո, այսինքն՝ նայենք Ադրբեջանի կապրիզներին, ռուսական տաբուներին եւ այլ կենտրոնների շահերի սահմանագծերին, իհարկե, պիտի վարվենք այնպես, ինչպես այսօր՝ ծեծված, վախվորած եւ անկյուն մղված ստրուկի նման։ Պատմությունը բազմաթիվ օրինակներ է տալիս, երբ ակնհայտ տանուլ տված պատերազմի ընթացքը հնարավոր է եղել բեկել հերոսական ինքնազոհության եւ ռազմա-դիվանագիտական գրագետ ստրատեգիայի օգնությամբ։ Բայց սա անելու համար մեզ անհրաժեշտ է ներքին ռեստարտ։ Այդ ռեստարտի ձեւերը տարբեր կարող են լինել. ընտրություններ, եթե, իհարկե, քաղաքական դաշտում հայտնվի առողջ ազգային էլեմենտ, հեղափոխություն, իշխանության անցնցում փոխանցում։ Համաշխարհային պատմությունը մեզ բազում օրինակներ է ցույց տալիս, երբ ծանրագույն, անելանելի իրավիճակներում առանձին երկրներ գնացել են նույնիսկ այնպիսի ծայրահեղ լուծումների, ինչպիսիք են ռազմական հեղաշրջումը եւ դիկտատորական ռեժիմները։ Թե ինչպիսի զարգացումներ կլինեն մեր հայրենիքում, չեմ ցանկանում կանխատեսել, սակայն որեւէ ձեւով այս ցիկլը պետք է ընդհատել, ցանկացած գնով այս կործանարար ընթացքը պայթեցնել է պետք։

- Գործընթացները ցույց տվեցին, որ ՀՀ նախագահի եւ վարչապետի միջեւ կան որոշակի հակասություններ, եւ կարող է փակուղի ստեղծվել, օրինակ, մենք չունենանք գլխավոր շտաբի պետ: Ի՞նչ է պետք անել՝ նման իրավիճակներից խուսափելու համար: 

- Ընդհակառակը, այս օրերի իրադարձությունները ցույց տվեցին, որ ՀՀ նախագահի եւ վարչապետի միջեւ չկան հակասություններ, իսկ ճանապարհային քարտեզն էլ շատ հարթ է ընթանում։ Գլխավոր շտաբի պետ էլ ունենք, փաստորեն։

- Բայց Ստեփան Գալստյանն ընդամենը պաշտոնակատար է։

- Մենք ձեւի՞ մասին ենք խոսում, թե՞ բովանդակության…

- ՀՀ նախագահի պահվածքը, քայլերը, հասարակության հետ մուկնուկատու խաղալն ինչպե՞ս կգնահատեք: Ի՞նչ է ուզում նա իրականում: 

- Բացի իրենից՝ նախագահից, Հայաստանում այդ հարցին կարող է երկու մարդ պատասխանել. Սերժ Սարգսյանը եւ Նիկոլ Փաշինյանը։ Իրենցից փորձեք հարցնել։

- Քաղաքական ուժերը պահանջում են վարչապետի հրաժարական, ժամանակավոր կառավարություն, հետո՝ ընտրություններ: Վարչապետը կարծես հակված է ընտրությունների գնալ: Ո՞րն է լուծումը, երբ երկու կողմերն  իրար չեն վստահում:

- Լուծումը կթելադրի նա, ով ավելի հանդուգն եւ խորամանկ կգտնվի։ Իհարկե, գործող դերակատարների դեպքում՝ արտաքին իմպուլսների պարտադիր ազդեցությամբ։ Ցավոք, հայրենասիրության մասին այստեղ խոսելու առիթ չենք ունենալու։ Իսկ իրական լուծումն ազգային ռեստարտն է՝ վերագործարկումը։ Դա հնարավոր է ռեւանշի հայտ ներկայացնելու դեպքում բացառապես։ Ընդ որում, դա պետք է տեղի ունենա Արցախի ճանաչման օրակարգի հռչակման, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության վերաբանակցման պահանջի, որպես ազգային ծրագիր՝ նվազագույնը բուն Ղարաբաղի՝ Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքները վերադարձնելու խնդիրն արձանագրելու, տրանսպորտային եւ կոմունիկացիոն ապաշրջափակման՝ եռակողմ հայտարարությամբ ամրագրված հակահայաստանյան մոդելի մերժման ձեւով։ Կա՛մ անում ենք սա, կա՛մ համակերպվում Հայաստանի աբխազացմանը. լավագույն դեպքում քվազիպետության կարգավիճակ ենք ունենալու։

- Արդյո՞ք վերաբանակցումը նոր պատերազմի չի հանգեցնի, որին այնքան էլ պատրաստ չենք:

- Իհարկե, չի հանգեցնի։ Պատերազմներն այդպես հեշտ եւ չծրագրված չեն սկսվում եւ ոչ էլ ավարտվում են։ Այլ բան է, որ մեր հանրությանը պահում են հետպատերազմյան ֆոբիաների թակարդում, փորձում են անելանելիության պատրանք ստեղծել։ Եթե այդ պրոցեսը ստանձնեն խելացի եւ ուսյալ անձինք, ապա մենք կարող ենք շատ էական դրական արդյունքներ արձանագրել։ Բայց դա հնարավոր է միայն ազգային ռեստարտի պայմաններում։ Եվ հետո, վերջապես, ազգի համար մեծ պատմական հեռանկարում դանդաղ մահն ավելի գերադասելի չէ փառապանծ հայրենական պատերազմից։

- Նախագահը քաղաքական ուժերին քննարկման է հրավիրում: Այդ ճանապարհով կհաջողվի՞ դուրս գալ այս վիճակից: Ի՞նչ արդյունք կարող ենք ակնկալել այդ խորհրդակցություններից:

- Ես այդ քննարկումներին ընդամենը արարողակարգային արժեք եմ տալիս։ Ոչ ավելին։

- Արտահերթ ընտրություններ կլինե՞ն, թե՞ ոչ, եւ արժե՞ դրանց հետ հույսեր կապել: 

- Զուտ ընտրությունները գոլորշի թողնելու էֆեկտ կարող են ունենալ, իհարկե։ Բայց եթե դրանք չեն բերելու այնպիսի իշխանության ձեւավորման, որն ունակ կլինի ձեւակերպել ազգային երազանքը, այնուհետ գծագրելու այդ երազանքին տանող ծրագրերը, այդ ընտրությունները հերթական ֆարսն են դառնալու, մահացող հիվանդին ընդամենը ցավազրկողի հերթական չափաբաժնի ներարկման էֆեկտ են ունենալու։