Ուսուցիչը չլինելով հանրային ծառայող, պե՞տք է ենթարկվի հրամանին

Ուսուցիչը չլինելով հանրային ծառայող, պե՞տք է ենթարկվի հրամանին

Հոկտեմբերի 14-ից, առողջապահության նախարարի հրամանի համաձայն, կկիրառվի ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ ներկայացնելու պահանջ։ Հիշեցնենք, որ, ըստ հրամանի, աշխատողը պարտավոր է յուրաքանչյուր 14 օրը մեկ ներկայացնել իր հաշվին կատարված կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ (առավելագույնը 72 ժամ վաղեմության)։

Ներկայում ՀՀ արդարադատության նախարարության կողմից շրջանառության է դրված «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստման կամ 14 օրը մեկ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման պոլիմերազային շղթայական ռեակցիայի հետազոտության (այսուհետ` ՊՇՌ հետազոտություն) արդյունքները հավաստող փաստաթուղթը չներկայացնելու դեպքում նախատեսվում են աշխատանքի չթույլատրման կամ աշխատանքից ազատման վերաբերյալ առանձնահատկություններ միայն հանրային ծառայության ոլորտի ծառայողների համար։

Համաձայն այս պարզաբանման (որն աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից ուղարկել են ԿԳՄՍ նախարարություն), դպրոցները հայտնվել են անորոշ եւ սպասողական վիճակում, որովհետեւ եթե թեստավորումն ու պատվաստումը վերաբերում են հանրային ծառայողներին, ապա, որպես այդպիսին, «Հանրային ծառայության մասին» օրենքում կրթության, գիտության բնագավառը ներառված չէ, ինչը նշանակում է, որ գիտության, կրթության բնագավառի աշխատակիցները չպետք է ենթարկվեն ԱՆ հրամանին, քանի որ օրենքով չեն համարվում հանրային ծառայության ոլորտի ծառայողներ։

Հանրակրթական հաստատությունները հիմա փորձում են կառչել օրենքում բացակա այդ կետից եւ մանեւրել՝ օրենքով ստանալով այն արտոնությունը, որն իրենց կազատի թե՛ պատվաստվելուց, թե՛ թեստավորվելուց։ Ի դեպ, դպրոցի տնօրեններն իրենց վերադասներից հավելյալ պարզաբանման են սպասում, ինչը, սակայն, ուշանում է։

ԱԺ պատգամավոր Արամ Վարդեւանյանից հետաքրքրվեցինք՝ կրթության, գիտության ոլորտը կարո՞ղ է հղում անել «Հանրային ծառայության մասին» օրենքին եւ շրջանցել ԱՆ հրամանը, արդյոք օրենքը նման հնարավորություն տալի՞ս է։ «Քանի դեռ առողջապահության նախարարի հայտնի հրամանը փաստացի գործում է, չնայած դրա ակնհայտ սահմանադրականության խնդրին, փաստն այն է, որ դեռեւս այդ հրամանը կա, իսկ հանրային ծառայողներին վերաբերող հատվածը դեռեւս օրենսդրական նախաձեռնության փուլում է։ Այս պահին գործողն առողջապահության նախարարի հրամանն է, որը, առավել քան վստահ եմ, կրթական հաստատությունների ղեկավարները կփորձեն տարածել նաեւ ուսուցիչների վրա։ Հետեւաբար, մանեւրելու տեսանկյունից միայն կարող եմ ասել, որ քանի դեռ նախարարի հրամանը գործում է տվյալ ձեւակերպումներով, որոնք կան, իսկ ձեւակերպումն այն է, որ դա վերաբերում է բոլոր աշխատողներին, ստացվում է, այդ թվում՝ կրթական հաստատություններին։ Սա է խնդիրը։ Ի դեպ, մենք ՊՇՌ հետազոտությունների այդ ծախսն ամբողջությամբ մարդկանց վրա թողնելու մասով դիմել ենք Սահմանադրական դատարան եւ խնդրել, որ այդ տեսանկյունից հրամանը կասեցվի, բայց ՍԴ-ից դեռ որոշում չենք ստացել»,- նշեց նա։