Արթուր Վանեցյանն այդ  քաշային կատեգորիան չունի, որ ես իր հետ բանավեճի մեջ մտնեմ․ Դավիթ Սանասարյան

Արթուր Վանեցյանն այդ  քաշային կատեգորիան չունի, որ ես իր հետ բանավեճի մեջ մտնեմ․ Դավիթ Սանասարյան

«Մենք ցույց ենք տալիս, թե իրավական առումով ինչ խնդիրներ կան՝ անկախ նրանից՝ դատարանը կբավարարի՞, թե՞ չի բավարարի, դա այլ հարց է, մենք կորոշենք՝ եթե չբավարարի, բողոքարկու՞մ ենք, թե՞ ոչ։ Մենք պրոցեսի մեջ ենք, մենք հանրությանը, այդ թվում՝ իրավագետներին, սահմանադրագետներին, սահմանադրական խնդիր ենք ներկայացնում։ Հույս ունենք՝ սա իրավական բանավեճ կդառնա»։

Այս մասին այսօր դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՊՎԾ պետի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Սանասարյանը՝ անդրադառնալով իրենց կողմից ներկայացված միջնորդությանը՝ գործի վարույթը կարճելու եւ այն ՍԴ ուղարկելու վերաբերյալ։

Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։

Հարցին՝ նախկինում արձագանքելով Արթուր Վանեցյանին՝ ասել էր, թե «բա որ ես խոսեմ», ինչո՞ւ չի խոսում, Սանասարյանը պատասխանեց․ «Ես որոշում եմ կայացրել, որ այս փուլում չեմ պատասխանելու, համ էլ ես չեմ կարծում, որ պետք է մտնեմ «սուտ է ասում, ճիշտ է ասում» մակարդակի մեջ։ Իր տեսակետը ներկայացրեց, ես իմ փաստերն ունեմ, ժամանակը կգա։ Ինքն այդ քաշային կատեգորիան չունի, որ ես իր հետ բանավեճի մեջ մտնեմ։ Ես իրեն զգուշացրել եմ՝ մի խառնվի, մի սխալ արա, ես իր հետ բանավեճ չունեմ»։

Դավիթ Սանասարյանը նաեւ նշեց, որ չի ուզում մասնակից լինել ցեխշպրտոցներին․ «Ես կարծում եմ, որ մեր երկրում շատ լուրջ խնդիրներ կան, քան միմյանց նկատմամբ ցեխ շպրտելով՝ գաղջ մթնոլորտ նորից սպասարկելը»։

Մեր հարցին՝ ե՞րբ է գալու խոսելու իր ժամանակը, սպասո՞ւմ է ինչ-որ իրադարձությունների, ասաց․ «Եթե որեւիցե պահի զգամ, որ չխոսելն այլընտրանք չի, այդ պահին ես կխոսեմ։ Ես կարծում եմ՝ խոսելու կարիք չկա»։

Մեր մյուս հարցին, թե իր մասնակցությամբ վթարի գործով առերեսում տեղի ունեցե՞լ է, առհասարակ, այդ քրեական գործից նորություն կա՞, նա ասաց, որ այս պահին իրավունք չունի դրա մասին խոսելու։