Քիչ մնաց մեդալ տան Մերձավանցի ուսուցչուհուն

Քիչ մնաց մեդալ տան Մերձավանցի ուսուցչուհուն

Արդեն քանի օր է հանրությունը քննարկում ու քննարկում է Մերձավանի դպրոցում տեղի ունեցածն ու ամոթանքի խոսքեր ուղղում դպրոցի աշակերտների և նրանց ծնողների հասցեին։ Զարմանալի է, որ մեր ժողովուրդն առանձնապես չսիրելով մանկավարժներին, չկարևորելով նրանց դերը, այսպիսի ոգևորությամբ հանկարծ սատարեց մերձավանցի պատմության ուսուցչուհուն, առանց խորանալու կատարվածի մեջ։ Այն, որ տեղի ունեցածը դատապարտելի է, այն, որ անկախ նրանից, երեխայի դիմաց ուսուցիչ, թե խանութի վաճառող է կանգնած, երեխան պարտավոր է հարգալից խոսել մեծի հետ, «դուք»-ով դիմել և դատավորի դեր չստանձնել, դրանում ոչ մի խոսք:

Ամոթ թե այդ երեխաներին, թե նրանց ծնողներին, որ իրենց երեխաներին տարրական բան չեն սովորեցրել, բայց ինչն է այս պատմության մեջ ինձ ամենից շատ մտահոգում: Հանրությունն իր «թևերը փռել» է մի ուսուցչուհու վրա, որին չի ճանաչում, չգիտի ով է նա, գուցե իսկապե՞ս նա պրոթուրքական քարոզչություն է անում, գուցե իսկապե՞ս նա էլ շատերի պես ատում է արցախցիներին ու նրանց թուրք է անվանում: Գուցե նա իսկապես անկարևոր մի բան է համարում Հայոց Ցեղասպանությունը: Էլ չենք խոսում այն մասին, որ ոչ մի կիրթ մարդ, առավել ևս ուսուցիչ, դպրոցում ծամոն չէր ծամի, իսկ այդ փաստը ուսուցչուհին հաստատել է: Առանց այս հարցերը պարզելու, մարդիկ ուսուցչուհուն գովեստի խոսքեր են շռայլում, մեկնաբանություններում գրում «հրաշալի ուսուցիչ», «հերոս ուսուցիչ», «անպարտելի ուսուցիչ, մենք քեզ հետ ենք» և այլն:

Միթե՞ կարելի է այս աստիճան էմոցիոնալ լինել, միթե՞ կարելի է գովեստի, կամ պարսավանքի խոսքեր շռայլել մարդկանց հասցեին, առանց նվազագույնը նրանց հետ դեմ առ դեմ կանգնելու և զրուցելու, առանց նրանց ճանաչելու: Քիչ է մնում այդ ուսուցչուհուն մեդալ տան: Մեր հասարակությունը շատ շուտ ոգևորվող ու շուտ հիասթափվող հասարակություն է, միայն թե երբեմն, նրա որոշումներն ու քայլերը ճակատագրական են լինում: 2018-ին էլ այսպիսի ոգևորությամբ իշխանափոխություն տեղի ունեցավ, մարդիկ հավատալով կեղծ խոստումներին, իշխանության բերեցին մեկին, ով ունակ չէր պետություն ղեկավարել, իսկ հետո բոլորս տեսանք, թե ինչ եղավ: Մենք պետք է կարողանանք դասեր քաղել մեր սխալներից, սառը դատել և չլինել այսքան էմոցիոնալ: