Գործատուն պե՞տք է վճարի աշխատողին հարկադիր պարապուրդի համար

Գործատուն պե՞տք է վճարի աշխատողին հարկադիր պարապուրդի համար

Այսօր ասուլիս էր հրավիրել աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը, որը ներկայացրեց արտակարգ դրության պայմաններում աշխատանքային իրավահարաբերությունները, ինչպես նաև այս օրենսդրությունը, որը կարգավորում է այս իրավիճակում աշխատողների ու գործատուների իրավահարաբերությունները։ Մասնավորապես, թե նրանք ինչպես պետք է վարվեն։  

Աշխատանքային օրենսգրքով կա հոդված, որը վերաբերում է ոչ աշխատողի մեղքով պարապուրդին, այն 107-րդն է, որը նախատեսում է վճարում, եթե եթե պարապուրդը ոչ աշխատողի մեղքով է։

Մասնավորապես, դրանով նախատեսում է, որ գործատուն իրավունք ունի աշխատողին տեղափոխել այլ (ենթադրվում է՝ առավել անվտանգ )աշխատանքի։ Սակայն միշտ չէ, որ այդ հնարավորությունը լինում է։ Եթե այն առկա չէ, ապա գործատուն փոխհատուցում է այդ պարապուրդի համար՝ միջին ժամային աշխատավարձի չափով, բայց ոչ ավելին, քան սահմանված նվազագույն չափը։

Նույն օրենսգրքի 186 հոդվածի 6-րդ մասում առկա է կարգավորում, որը վերաբերում է «անհաղթահարելի ուժին»։ Այս օրենսդրությամբ սահմանված է, որ գործատուն չի վճարում պարապուրդի համար։ Եվ հիմա, ըստ գործատուների, մի մասն առաջնորդվում է 107-րդ հոդվածով, մյուս մասը՝ 186՝ համարելով, որ առկա է անհաղթահարելի ուժ, և չեն վճարելու։ Այդ իսկ պատճառով նախարարությունը մշակել է օրենքի նախագիծ, որն այս պահին քննարկումների փուլում է։

Այն պարունակում է  կարգավորումներ, որոնք վերաբերում են հեռավար աշխատանքին, քանի որ այն, իբրև հասկացություն, չկա Աշխատանքային օրենսգրքում։ Թեպետ կա տնաշխատների վերաբերյալ կարգավորում, և դա բավարար է հեռահար համարվելու համար։ Նախագիծը ենթադրում է, որ այս հարցում կմտցվի հստակեցում։

Այլ կարգավորումներ՝ վարձատրության չափը մնում է նույնը և նախատեսում է կարգավորումներ, որոնք գործատուներին հնարավորություն կտան փոփոխել աշխատանքի ռեժիմն ու վայրը։ Նախագիծը նախատեսում է, որ եթե աշխատողը չի կարողանում ժամանակին ներկայանալ աշխատանքի կամ, առհասարակ, ներկայանալ, ստեղծված իրավիճակում իր նախաձեռնությամբ չի կարող նրան ազատել աշխատանքից։ Իսկ գործատուն նրան կվարձատրի փաստացի աշխատածին համարժեք։

Մյուս կարգավորումը՝ ստեղծված իրավիճակում դպրոցների, նախակրթարանի սան ունեցող ծնողների բացակայությունները ևս չհամարվեն անհարգելի, և գործատուն չի կարող աշխատանքից ազատել ծնողին։

Սա վերաբերում է արտակարգ դրության ժամանակահատվածին։

Ինչ վերաբերում է ուշացումներին, եթե դրանք մինչև երկու ժամ են, ապա նախագծով առաջարկվում է, որ աշխատողը վարձատրվի ամբողջությամբ։