Արսենյան Գուգոյի ու Մելքոնյան Գագոյի նմաններն այսօր փորձում են ջնջել իմ ապրածը, իմ անցյալը

Արսենյան Գուգոյի ու Մելքոնյան Գագոյի նմաններն այսօր փորձում են ջնջել իմ ապրածը, իմ անցյալը

Տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ «Հրապարակը» զրուցել է ազատամարտիկ Աշոտ Սեւյանի հետ։

- Նիկոլ Փաշինյանը 100 տոննա բեռ ուղարկեց Թուրքիա, եւ 30 տարվա մեջ առաջին անգամ բացվեց հայ-թուրքական սահմանը, որը փակվել էր հենց Թուրքիայի կողմից։ Հետո կրկին այդ սահմանը կփակվի՞, թե՞ վերջ՝ պատմական բացումը տեղի ունեցավ։

- Այդ սահմանը մի օր բացվել է, մի օր էլ կփակվի, երբ իրենք ուզեն։ Հայաստանը սահման չի փակել, Թուրքիան փակել է, այսօր բացել է, վաղը կարող է փակել՝ ըստ իր շահերի։ Եթե իրեն անհրաժեշտ լինի, որ Հայաստանի տնտեսությունը ոչնչացվի, ապա սահմանը չի փակի, պետք չլինի՝ բաց կթողնի, ի՞նչ է եղել։ Նիկոլի ուղարկած այդ 100 տոննան ի՞նչ էր, վատ արտահայտություն չեմ ուզում անել՝ շոպլիկական մի քայլ էր։ Այսօրվա դրությամբ աչքներիս առաջ Արցախում 120 հազար մարդ՝ սովի մատնված, թասիբը պահում են, ամոթից ձայնները կտրած ապրում են, բայց այսօր մենք ի վիճակի ենք սահմանը բացել տանք ու օգնություն ուղարկենք։ 

- Սերդար Քըլըչն անձամբ շնորհակալություն հայտնեց ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանին ու Ռուբեն Ռուբինյանին, ոչ թե թուրք ժողովրդի կամ Թուրքիայի անունից, այլ՝ իր։ Ի՞նչ է սա նշանակում։

- Զարմանալի է, որ Դուք զարմանում եք, որ Քըլըչը Կոստանյանին ու Ռուբինյանին է շնորհակալություն հայտնել, այլ ոչ թե հայ ժողովրդին։ Հայ ժողովրդի ներկայացուցիչը Կոստանյանն է… մեր ողբերգությունը դրանում է, այսօր Ռուբինյանն ու Կոստանյանն են որոշում՝ այս դարավոր պատմություն ունեցող ազգն ինչ պիտի անի, բա էլ ո՞ւմ շնորհակալություն հայտնեին։ Դա նշանակում է, որ մենք չունենք ո՛չ ինքնասիրություն, ո՛չ ազգային մտածելակերպ ունեցող մարդիկ։ Այսօր բոլորս տեսնում ենք, որ Կոստանյանի, Ռուբինյանի նմաններն են այս երկրի, ազգի ճակատագիրը որոշում։ Մի քանի չգիտես ինչ ծագումնաբանություն ունեցող՝ Տիգրան Մեծից էս օրեր հասած ազգի ճակատագիրն են որոշում։ Իրենք ոչինչ լինելով՝ որոշում են այս երկրի ճակատագիրը, ու չկա մեկը, որ ասի՝ էս ի՞նչ եք անում, էս երկիրն ո՞ւր եք տանում։

- Կարծիք կա, որ Թուրքիան մի քանի տարի կզբաղվի երկրաշարժի հետեւանքները վերացնելով, եւ Հայաստանի նկատմամբ ագրեսիվ քաղաքականությունը կմեղմվի։ 

- Թուրքիային ոչ մի բան չի կանգնեցնելու։ Իմ կարծիքով, նա շուտով սկսելու է ռազմական գործողություններ տարբեր տեղերում, իրենց քաղաքական շահն է դա պահանջում։ Էրդողանը երկիրը հասցրել է ծայրահեղ վիճակի, մինչ երկրաշարժն էլ ինֆլյացիա էր, բողոքի ալիքներ, հիմա՝ այդ շենքերը որ փլվել են, դրանց տենդերներն Էրդողանի տղան էր շահել, եւ նրան մնում է մի խելացի քայլ՝ վերսկսել պատերազմը, երկիրը դնել ռազմական ռելսերի վրա՝ հետաձգել ընտրությունները, մինչեւ հարմար պահի ստեղծումը։ Մենք ժամանակ էլ չունենք ու 2 տարի էլ կորցրինք։

- Թուրքիայի կողմից ռազմական գործողությունների հավանական ուղղությունները որո՞նք կարող են լինել։

- Արդեն տեսնում ենք՝ Սիրիայում է սկսել, հավանականությունը շատ մեծ է Հայաստանի ուղղությամբ, Արցախի՝ Ադրբեջանի միջոցով, Իրանին ներքաշեն։ Իրենց պետք է պատերազմ, կանեն՝ առանց խնայելու որեւէ մեկին։ Չեմ կարծում, թե մենք ժամանակ ունենք։ Եթե նույնիսկ երկրաշարժի պատճառով պատերազմը մեկ տարի հետաձգվի, այս իշխանությունների հետ մի 10 տարի հետո էլի նույնն ենք մնալու, եթե ոչ ավելի ցավալի վիճակում։

- Ռուսական արտաքին հետախուզությունը տեղեկություն տարածեց, թե ԱՄՆ-ն զինյալներ է հավաքագրում՝ Ռուսաստանում, ԱՊՀ երկրներում ահաբեկչություններ անելու համար։ 

- Հնարավոր են նման քայլեր, բայց դրանք խիստ գաղտնի են արվում։ Հետախուզությունը որտեղի՞ց ունի այդ տվյալները։ Այսօր իրենց պետք են տեղային բախումներ, Ռուսաստանի եւ ԱՊՀ երկրների ժողովուրդների մեջ խուճապ գցել՝ ներսից պայթեցնելու համար, քանի որ Ուկրաինան դեռեւս պարտվում է։ Հարցը զենքի խնդիրը չէ, հարցը մարդկային ռեսուրսն է։

- Բայց Զելենսկուն Մակրոնը մեդալով պարգեւատրեց․․․

- Ուկրաինան դա Զելենսկին չէ, նա մի ծաղրածու է, որ նշանակվել է։ Եկեք հասկանանք՝ եթե պատերազմը կանգնի, ուկրաինացիները պետք է ասեն, որ հաղթեցի՞ն։ Պատերազմը կանգնելուց հետո, ես տնտեսագետ չեմ, ամենաքիչը մի 50 տարի պետք է, որ այդ երկիրը վերականգնվի։ Զելենսկուն մեդալ տալը դա մի երեսն է, այսօր նա կա՝ վաղը մեկ ուրիշը կլինի, ի՞նչ է անելու կործանված Ուկրաինայի հետ։ Չհաշված, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները սկսելու են Ուկրաինան մասնատել։ Բոլորն ուզելու են իրենց բաժինը ստանալ, այդքան ներդրումներ են արել՝ զենք են տվել, այդ գումարները պիտի վերադարձվեն։

- Այսինքն՝ համաշխարհային քարտեզի վերաձեւմա՞նն ենք ականատես լինում։

- Ականատես եղել ենք ու լինելու ենք դեռ շատ բաների։ Օգնություն եւ այլն, Մարգարան պապս էլ կարող էր բացել, Մարգարան փակ չի էլ եղել, բայց խնդիրն այն էր՝ ինչի համար բացվեց ու ոնց։

- Ինչի՞ համար բացվեց։

- Ուղղակի շոպլիկության համար՝ կարճ եւ կոնկրետ, այս կառավարության չհաշվարկված քայլն էր... երկրաշարժի հաջորդ օրը Թուրքիան էլի զորք մտցրեց երկրաշարժից տուժած Սիրիա։ Իրենց համար դա նշանակություն չունի, իրենք իրենց քաղաքականությունը վարելու են։ Իրենց համար մեկ է՝ 10 հազա՞ր կլինեն զոհերը, թե՞ 20։ Դա մեծ պետական գաղափարախոսություն է՝ զոհերն իրենց արդարացնում են, եթե կա հաղթանակ, հաղթողին երբեք չեն պատժում։

- Պետդումայի խոսնակի հայտարարությունն ինչպե՞ս կմեկնաբանեք՝ դաշնակից երկրի բարձրաստիճան պաշտոնյան մեզ վրա մատ է թափ տալիս։ 

- Ես դեռ 2 տարի առաջ նշել էի, որ Հայաստանը վեկտորը փոխելու է, փոխանակ փորձի դաշնակից երկրների հետ ավելի մտերմանալ։ Մի քանի օր առաջ «գերագույնն» Ազգային ժողովում մեկնաբանեց, թե ինչու են եվրոպական դիտորդները գալիս․ որ Արդբեջանը բողոքել է՝ կասկած ունի, թե Հայաստանը, Ռուսաստանն ուզում են համատեղ հարձակվել Ադրբեջանի վրա, դրա համար եվրադիտորդներին կանչել են, որ վստահ լինեն, որ չեն պատրաստվում հարձակվել Ադրբեջանի վրա։ Դուք պատկերացրեք մեր տկլոր քաղաքական վիճակը, թե ԱԺ ամբիոնից ինչ հայտարարություն ենք անում։ Ես ո՛չ ռուսամետ եմ, ո՛չ էլ եվրոպամետ եմ՝ հայամետ եմ, բայց փորձել այդ նույն ռուսին մեզ թշնամի սարքել, չգիտեմ, երբեմն մտածում եմ, որ այս մարդիկ ընտրել են մի ուղի։ Հիշո՞ւմ եք, որ ասում էին՝ «իզմ»-եր չունենք, ես համոզվել եմ, որ ունեն «իզմ»՝ պետություն չլինելու դեպքում չկա դատական համակարգ, չկա պատասխանատվություն, քանդում են՝ պրծնում են։ Չկա պետություն՝ չկա պատասխանատու։ Ինչպես ասում էր՝ պատասխանատուն ես եմ, բայց առաջին մեղավորը չեմ։

- Այսինքն, ոչնչացնում են պետությունը՝ սեփական անձի համար։

- Սեփական անձը փրկելու համար՝ ես ուրիշ խելացի բացատրություն չեմ տեսնում, այս մարդիկ տանում են կործանման, արդեն կործանվել ենք, բայց շարունակում են ավելի ու ավելի խորացնել։ ԱԺ-ի իր հայտարարությունից հետո, եթե ուշադիր եք եղել, նույն հայտարարությունն արեց Ադրբեջանը, որ Հայաստանն Իրանի հետ համատեղ պատրաստվում է հարձակվել Ադրբեջանի վրա։ Եթե ունենք մի դրացի, բարեկամ երկիր, դա Իրանն է, նրան էլ են փորձում Հայաստանի դեմ հանել։ Պետությունից բան չի մնացել, խեղկատակներն Ավինյան Տիկո են ռեկլամում, պետություն չկա՝ սրանք ամեն օր նախընտրական քարոզչություն են անում։ Մի հատ մտածեք՝ աթոռի տեղ կա՞, որ էդ ընտրություններն ուզում եք անել, թե՞ ավերակների վրա աթոռ եք դնելու՝ նստեք։ Այսինքն՝ փորձում են վերընտրվել ամեն գնով, թեկուզ պետությունը ոչնչացնելով։ Ես միշտ լավատես եմ, բայց քանի դեռ սրանք կան, չեմ կարողանում լավատեսական բան սպասել։ Ամբողջ աշխարհին հանեցին մեզ թշնամի՝ հերիք չէ, հիմա Ռուսաստանի ու Իրանի հետ են թշնամի սարքում։ Ինչի՞ համար, դիմացը միայն եվրոպական խոստումներ ու թղթեր։

- Արցախի հարցով տարվող քաղաքականության մասով ի՞նչ կասեք։

 - Արսենյան Գուգոն, մնացածը, Մելքոնյան Գագոն, չգիտեմ էլ ովքեր իրենք իրենց հարց տվե՞լ են՝ դուք ո՞վ եք դարձել, որ փորձեք որոշել 120 հազարի կյանքը։ Մարդն ասում է՝ 3 միլիոնի պատասխանատուն ենք։ Ի՞նչ 3 միլիոն, Հայաստանում 2 միլիոն հայ էլ չեք թողել։ Նույն պատմությունն է, որ ասում է՝ Ջրականը տվեցինք, որ 30 հազար զորք փրկենք, հետո Վարդենիսը, Ջերմուկը տանք, որ էս փրկենք, հիմա 120 հազարի կյանքը տանք, որ 3 միլիոնին փրկենք։ Ես 30 տարի կյանք եմ տվել, մարմնիս 90 տոկոսը կորցրել եմ էս երկրի համար, ոնց որ եղել եմ քյասիբ, նույն ձեւի քյասիբ, հաշմանդամ մնացել եմ։ Ինչ-որ մեկը մեզ հարցրե՞լ է՝ մեզ մանդատ եք տվել, որ հայոց պատմությունը ջնջենք։ Ինչ-որ մեկը մտածո՞ւմ է՝ հարց տա այդ մարդկանց, ասի՝ այ տղա, ձեզ ո՞վ է այդ իրավունքը տվել՝ կամ-կամ դնելու, ազգին կիսելու։ Իրենք իրենց հայելու մեջ նայելո՞վ են խոսում, թե՞ իրենց համար օրվա խնդիր են լուծում։ Իրենք մտածե՞լ են, որ Արցախի բնակիչներն ունեն կապույտ անձնագիր, որի առաջին էջում գրված է՝ անձնագրի տերը Հայաստանի Հանրապետությունն է։ Էն Մելքոնյան Գագոն, Արսենյանն այդ անձնագրի միջի առաջին էջը կարդալո՞վ են ասում՝ 3 միլիոնին պատասխան ունենք տալու։ Չգիտեմ, գուցե իրենց անձնագրերը Ստամբուլի անձնագիր է․․․ Դժվա՞ր էր այսօր խնդրել, աշխարհի ոտքն ընկնել ու այդ 100 տոննան ուղարկել Արցախի ժողովրդին, չէ, իրենք փիառվում են՝ խնդիրն այստեղ է։ Եվ Արսենյան Գուգոյի ու Մելքոնյան Գագոյի նմաններն այսօր ապրում են այս հողի վրա, փորձում են ջնջել իմ ապրածը, իմ անցյալը, բայց, տղերք, չեք կարողանալու իմ ոտքն ու մարմնի կեսը հետ բերեք՝ մի արեք, չկա էդ ասողը։ Նվնվալով չի, չերեզ նե խաչու չի, չեք կարում՝ գնացեք, անողները կճարվեն։

- Ո՞ւմ եք ասում՝ ընդդիմությա՞նը, թե՞ բոլորին։

- Բոլորին, ինձ համար «ընդդիմություն» հասկացողություն չկա։ 5 տարի եթե մարդիկ չեն կարողանում մի հատ Նիկոլոս աթոռից գցեն, էդ մարդիկ կարողանալո՞ւ են Հայաստանի հարց լուծեն, ի՞նչ ընդդիմության մասին է խոսքը։ Այդ ընդդիմությունը պիտի մինչեւ այսօր հասկանար, որ էս մարդիկ, որ եկել են աթոռին, կամիկաձեներ են՝ կյանքի գնով եկել են, կյանքը կտան՝ չեն գնա։ Այն մարդը պիտի դառնար ընդդիմություն, որը պատրաստ է իրենցից ավելի կամիկաձե լինել։ 5 տարի Հայաստանը սարքել եք կրկես՝ Հայաստանի Հանրապետության կրկես։ Ես մի բան գիտեմ՝ պիտի լինի 1988-ի շարժման նման միացյալ հայ ազգ՝ միացյալ, որ մեկն իր վիլլայի համար կուլ չգնա, մյուսը՝ իր նախարարի պաշտոնի․․․ Համախմբվենք, բայց ո՞ւմ կողքին՝ Արսենյան Գուգոյի՞, թե՞ մնացածի։ Պոստի կանգնած զինվորը սիգարետ չունի՝ մարդիկ «Համերի» վրա են կրակում, ու այս ոստիկաններով էլ պիտի երկրի անվտանգությո՞ւն ապահովեք։ Երբ Մելքոնյան Գագոն բանակի թալանից է խոսում, իմ լացը գալիս է։ Ինչ հիշում եմ՝ փոխնախարար է՝ թիկունքի գծով, ու այդ մարդը խոսում է նախկինների թալանից։ Լավ, ինչքա՞ն։ Սով էլ ենք տեսել, սրանից վատ օրեր էլ ենք տեսել, մարտի դաշտում եղել է օր՝ 3 փամփուշտով ենք պոստ կանգնել, նայել եմ Աղդամի վառվող լույսերին՝ սիրտս կանգնել է, որովհետեւ իմացել եմ՝ 3 հատ պատրոն ունեմ, ավել չունեմ․․․։ Նման օրեր էլ ենք տեսել, դուրս ենք եկել, բայց էս ո՞ւր են մեզ տարել՝ 5 տարի մի հատ Նիկոլից իբր թե չեն կարողանում ազատվել։ Հայաստանի Հանրապետություն գոյություն չունի, վաղն ավելի մեծ մարտահրավերներ են լինելու, մոտ ամիսներին Հայաստանը դառնալու է պատերազմի թատերաբեմ՝ թե՛ թուրքը, թե՛ ներսինը՝ բոլորը խառնվելու են իրար, սարքելու են քաոս Հայաստանը։ Խելքի եկեք, իմ կոչը դա է։ Մի օր պիտի հասկանանք, չէ՞, ինչ ենք ուզում ու ուր ենք գնում։