Սուրիկ Խաչատրյանին պատկանող առանձնատունը մինչ օրս գրանցված չէ Կադաստրում․ Սարհատ Պետրոսյան

Սուրիկ Խաչատրյանին պատկանող առանձնատունը մինչ օրս գրանցված չէ Կադաստրում․ Սարհատ Պետրոսյան

Կադաստրի պետական կոմիտեի նախագահ Սարհատ Պետրոսյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին, թե իր պաշտոնավարման ընթացքում եղե՞լ է թանկարժեք գույք, որը գրանցված չի եղել, բայց ինքն իմացել է այդ մասին ու բերել է օրենքի դաշտ։

«Մենք չենք, որ օրենքի դաշտ ենք բերում, համայնքը դիմում է, համայնքը պետք է իր գործիքակազմի շրջանակներում ստիպի սեփականատիրոջը, որպեսզի գույքը բերի, գրանցի»,-ասաց նա՝ նշելով, որ նման օրինակները բազմաթիվ են։

Խնդրեցինք մեկ-երկու օրինակ նշել, անուններ տալ, բայց Սարհատ Պետրոսյանը նախընտրեց անուններ չտալ։

Բայց երբ հիշեցրինք Մյասնիկյան պողոտային հարակից բլրի վրա կառուցված տան մասին, որը Սուրիկ Խաչատրյանին է պատկանում, Պետրոսյանն այստեղ չդիմացավ գայթակղությանն ու խոստովանեց․ «Լավ, եկեք չդիմանամ գայթակղությանն ու ասեմ՝ այո, դա իրականությանը համապատասխանում է, և էդ գույքը դեռևս գրանցված չի մեզ մոտ»։

Թե ի՞նչ են անում, որ գրանցվի, Պետրոսյանն ասաց, որ այդ հարցով զբաղվում է համայնքը, այս դեպքում՝ Երևանի քաղաքապետարանը, որը տեղյակ է, և ինքը կասկած չունի, որ հետամուտ է լինելու այս հարցում։

Hraparak.am-ն էլ հետաքրքրվեց Մոնումնետի հայտնի շքեղ առանձնատներով, թե նրանց դեպքում գույքահարկ մուծվո՞ւմ է և որքան, սակայն Սարհատ Պետրոսյանն այստեղ այլևս չցանկացավ «տրվել գայթակղությանը»։

«Իրենք շատ են, և ես չեմ կարող բոլորի մասին ասել։ Ես, ինչպես և նախկինում, հիմա էլ կդիմանամ գայթակղությանը և անուններ չեմ տա»,-ասաց նա։

Նրա փոխարեն մենք թվեցինք անուններ, որոնք ունեն այդ տարածքում շքեղ առանձնատներ՝ Հովիկ Աբրահամյան, Գագիկ Բեգլարյան, Կարեն Կարապետյան Վլադիմիր Գասպարյան, Վարդան Հարությունյան և այլք։ Բայց Կադաստրի կոմիտեի նախագահը, միևնույն է, այս անձանց պատկանող անշարժ գույքի մասով որևէ տվյալ չասաց՝ նշելով, որ ՀՀ Սահմանադրությամբ անձի սեփականության իրավունքը երաշխավորվում է, և ինքը չի կարող դրա վերաբերյալ տվյալներ հրապարակել։