ԱԱԾ, թե ՀՔԾ

ԱԱԾ, թե ՀՔԾ

Դավիթ Սանասարյանին առաջադրված մեղադրանքը շարունակում է փոթորկել հանրային տարբեր շրջանակներ։ Մի մասը՝ հիմնականում Դավիթի հետ երբեւէ առնչված անձինք՝ ընկերներ, հարազատներ, ակտիվիստներ, անվերապահորեն հայտարարում են, որ նա մաքրության ու անկաշառության տիպար է, իսկական հեղափոխական եւ երդում-պատառ են ուտում, թե բացառված է, որ նա կոռուպցիոն գործարքների մեջ ներգրավվեր։

Ի դեպ, Սանասարյանին ընդամենը ծառայողական պարտականությունները չարաշահելու մեղադրանք է առաջադրված, այլ ոչ թե յուրացման կամ կաշառքի։ Դավիթ Սանասարյանի բազում փաստաբանները, սակայն, զգուշանում են ուղիղ տեքստով մեղադրել Նիկոլ Փաշինյանին՝ այս գործի հարուցման համար, չնայած վարչապետը մի քանի առիթով հասկացրեց, որ լավ էլ տեղակացված է, եւ այդ մեղադրանքն իր համաձայնությամբ է առաջադրվել, ու կոչ արեց, որ չխանգարեն գործի քննությանը, իսկ եթե չթողնեն, ինքը կապահովի դա՝ «օրենքով իրեն տրված լիազորությունների շրջանակներում»։ Եվ քանի որ Դավիթին առաջադրված մեղադրանքի բուն «մեղավորին» չեն կարողանում «մեղադրել», ուստի սլաքն ուղղում են հարակից ուղղություններով՝ «Սանասարյանի չակերտավոր ընկերներին», գործը քննող մարմնին։

Առնվազն տարօրինակ է, երբ ԱԱԾ-ի վարած քննությանը չվստահողները պահանջում են, որ գործի քննությունը տեղափոխվի Հատուկ քննչական ծառայություն։ Իրավապահ համակարգին առնչված ցանկացած անձ կվկայի, որ ՀՔԾ-ում շատ ավելի անգրագետ են գործեր քննում, ավելի շատ են քաղաքական պատվերներ կատարում, ավելի հաճախ են անմեղության կանխավարկածը խախտում, քան մյուս քննչական մարմինները։ Եվ որտեղի՞ց է այդ համոզվածությունը, որ ՀՔԾ-ն կկարճի Սանասարյանին առաջադրված մեղադրանքը, չէ՞ որ այս կառույցը եւս ենթարկվում է ՀՀ վարչապետին եւ ՀՀ օրենքներին։