Դատապարտյալը 41 օր է հացադուլի մեջ է․ վիճակը ծանր է, ոտքերը չի զգում
«Նուբարաշեն» քրեակատարողականի դատապարտյալ Մերուժան Մանուկյանն արդեն 41 օր է՝ հացադուլի մեջ է, նա պահանջում է, որպեսզի Վճռաբեկ դատարանը վարույթ ընդունի իր գործով բողոքը։
Մանուկյանի կինը՝ Մարինե Պողոսյանը, ահազանգել է մեր խմբագրություն՝ նշելով, որ ամուսնու առողջական վիճակը ծանր է, նա չի դադարեցնի հացադուլը, մինչև իր խնդրին լուծում չտրվի․ «Տեղափոխել էին «Էրեբունի» հիվանդանոց, բուժզննում է անցել ու էլի տեղափոխել են իր խուց, վիճակը ծանր է, ոտքերը չի զգում»։
Դատապարտյալի պաշտպան Արթուր Ալիխանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իր պաշտպանյալը իրեն մեղավոր չի ճանաչում եւ իրենք պահանջում են, որ Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունվի․ «2016 թվականի Թբիլիսյան խճուղում փետրվարի 3-ի դեպքի հետ է կապված։ Մերուժան Մանուկյանին ձերբակալել են ապրիլի 2-ին եւ մինչ օրս կալանքի տակ է գտնվում, մեղադրում են ավազակային հարձակման մեջ, ընդհանրապես ինքը դեպքի վայրում չի եղել։ Հեռախոսային վերծանմամբ են հայտնաբերել, որ իր հեռախոսն այդ տարածքում է սպասարկվել»։
Պաշտպանի խոսքով՝ գործով մյուս ամբաստանյալը՝ Արմեն Սարգսյանը, ևս չի ընդունում իր մեղքը․ «Կա մյուս մեղադրյալը, արդեն ամբաստանյալ Արմեն Սարգսյանը, այդ տարածքում հայտնվել է որպես տաքսու վարորդ։ Վերջում եկել է այդ Թբիլիսյան խճուղու վրա, երկու ուղեւորներ են եղել, այդ 2 ուղեւորները ոչ թե ավազակային հարձակման, այլ ծանր մարմնական վնաս հասցնելու համար է գործը հարուցվել, հետագայում արդեն՝ իբր անհայտ անձինք են, չի հայտնաբերվել։
Արմեն Սարգսյանին հարցաքննել են, ասել է, որ տաքսու վարորդ է , ուղեւորներ եմ բերել խճուղի։ Ուղեւորները 15 րոպե հետո վազելով եկել են, նստել են մեքենա եւ շարժվել են դեպքի վայրից։ Այսինքն՝ ինքը ընդհանրապես կապ չի ունեցել, իսկ Մերուժան Մանուկյանի հեռախոսը գտնվել է իր ընկերոջ մոտ՝ Արմեն Սարգսյանի, այդ հեռախոսի վերծանմամբ գտել են, որ Մերուժան Մանուկյանն է երկրորդ անձը, երրորդն էլ անհայտ է։ Այսինքն՝ շուրջ 2 տարի 8 ամիս այդ գործը քննվում է և երրորդն անձը անհայտ է։ Ի սկզբանե մեղքը ոչ մեկ չի ընդունել»։
Նշենք, որ Մերուժան Մանուկյանը նախկինում 2 անգամ դատապարտված է եղել, այս գործով նա դատապարտվել է 10 տարի 6 ամիս ազատազրկման։
Ըստ մեղադրական եզրակացության՝ Արմեն Սարգսյանը հանցակցությամբ նախնական համաձայնության գալով Մերուժան Մանուկյանի և դեռևս չպարզված անձանց հետ, տեղեկատվություն տրամադրելով և նախապես խոսատանալով պարտակել հանցագործներին` օժանդակել է ուրիշի գույքը հափշտակելու նպատակով ավազակային հարձակմանը։
Արմեն Սարգսյանը, Մերուժան Մանուկյանի և դեռևս չպարզված անձի հետ 2016 թվականի փետրվարի 3-ին` ժամը 18։00-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենայով ուղևորվել են Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղու 1-ին շենքի և դրան հարակից «Շամպայն» գործարանի պարիսպի մոտ, որտեղ նախապես մշակված պլանի համաձայն Արմեն Սարգսյանը ավտոմեքենան կայանել է նշված վայրում և սպասել, իսկ Մերուժան Մանուկյանը և գործով դեռևս չպարզված անձը, ժամը 20։50-ի սահմաններում հարձակվել են Արթուր Հարությունյանի վրա, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, որպես զենք օգտագործվող առարկայով` կարմիր գույնի պոլիէթիլենային տոպրակի մեջ դրված փայտե մահակով, հարվածել նրա գլխին, որի հետևանքով վերջինս վայր է ընկել և շարունակել են հարվածներ հասցնել Արթուր Հարությունյանի գլխին` դիտավորությամբ նրա առողջությանը պատճառելով ծանր վնաս` բաց գանգուղեղային վնասվածքի, քունքոսկրի կոտրվածքի, գլխուղեղի սալջարդի, սուբարախրոնիդալ արյունազեղման ձևով, սակայն չկարողանալով հափշտակել Արթուր Հարությունյանի մոտ եղած խոշոր չափի` 3.000.000 ՀՀ դրամ գումարը, նստել են նշված ավտոմեքենան և դիմել փախուստի։
Կարծիքներ