Ես Քոչարյանների ընտանիքի դեմ որևէ անձնական խնդիր չունեմ

Ես Քոչարյանների ընտանիքի դեմ որևէ անձնական խնդիր չունեմ

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդու՝ Սեդրակ Քոչարյանի կողմից իր դեմ դատական հայց ներկայացնելուն։

Հիշեցնենք, որ խոսքը Սեդրակ Քոչարյանի կողմից 6 միլիոն դոլար կաշառքով «Կոնգրես» հյուրանոցը ձեռք բերելու վերաբերյալ Վանեցյանի արտահայտության մասին է, որը Սեդրակ Քոչարյանը համարում է զրպարտություն։

«Ես դեռ այն ժամանակ «Հրապարակից» Վահեի հետ զրույցում ասել եմ, որ իմ խոսքը եղել է ոչ այդքան ճիշտ ձևակերպված, որի համար պարզաբանում եմ տվել։ Այսինքն՝ ինչի համար ի սկզբանե դիմել են դատարան, ի սկզբանե ես դա հերքել եմ»,-ասաց Վանեցյանը՝ հիշեցնելով 2018-ի սեպտեմբերին մեզ տված հարցազրույցը։

Հարցրինք նրան՝ Քոչարյանների ընտանիք ասելով նկատի ունե՞ր նաև Սեդրակ Քոչարյանին, ԱԱԾ տնօրենն ասաց, որ Քոչարյանների ընտանիքի մեջ, իհարկե, մտնում են այդ ընտանիքի բոլոր անդամները։

«Ժողովուրդ ջան, ես խնդրում եմ, մի սևեռեք հարցը Քոչարյանների ընտանիք և այլն, և այլն։ Ես Քոչարյանների ընտանիքի դեմ որևէ անձնական խնդիր չունեմ։ Քոչարյանների ընտանիքը որևէ ինչ-որ տենց բան չեն արել անձամբ ինձ, որ ես Քոչարյանների ընտանիքի հետ կապված՝ անընդհատ խոսվում է։ Ռոբերտ Քոչարյանը եղել է ՀՀ երկրորդ նախագահը, ունեցել է իր գործունեության ընթացքում, իհարկե, շատ նաև դրական գործեր, ներդրում ունեցել է, եղել է Արցախի Հանրապետության առաջին նախագահը, և ես՝ որպես սպա, որպես ԱԱԾ ծառայող, որը նաև ծառայել է այդ տարիներին, ես չեմ կարող որևէ անձնական կամ ինչ-որ այլ-այլ բաներով խնդիրներ ունենամ այդ ընտանիքի հետ»,-ասաց նա։

Hraparak.am-ի հարցին՝ այս դեպքում այս գործերն ինչի՞ արդյունք են, պարոն Վանեցյանն ասաց․ «Սա արդյունք է աշխատանքի, ծավալուն օպերատիվ և քննչական աշխատանքի, որի արդյունքում ի հայտ են եկել հանգամանքներ, որոնց․․․ ո՞նց ճիշտ ձևակերպենք․․․ որոնց ամփոփումը, արդյունքը եկել է նրան, որ կա հանցակազմ, և հարուցվել է քրեական գործ։ Ես խնդրում եմ՝ մի՛ անձնավորեք այդ հարցը, ես նորից եմ կրկնում՝ ես որևէ անձնական վրեժխնդրություն, խնդիր չունեմ»։