Էդպես չեն հանում մարդուն, որ ծանուցում ուղարկեն, կներեք արտահայտության համար, ասեն՝ դավայ, սիկտիրդ քաշի

Էդպես չեն հանում մարդուն, որ ծանուցում ուղարկեն, կներեք արտահայտության համար, ասեն՝ դավայ, սիկտիրդ քաշի

Մարտի 14-ին Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել «Քաջարան բժշկական կենտրոն» նախկին ՓԲԸ տնօրեն Վարդան Ավագյանը, ում օրոք Քաջարանի հիվանդանոցում հեպատիտ C-ով վարակվեց 7 մարդ, եւ քրեական գործ հարուցվեց: Նա փոխարինել է նույն օրն աշխատանքից ազատված, ՀՅԴ քվոտայով առողջապահության նախկին նախարար Նորայր Դավիդյանին, ում նախարար Արսեն Թորոսյանը վաղուց էր փորձում ազատել աշխատանքից։ Անգամ չարաշահումներ էին հայտնաբերել կենտրոնում ու քրեական գործ հարուցել։ Բայց մեր հարցին, թե իրեն նախարարը փորձո՞ւմ է ազատել աշխատանքից, սեպտեմբերին Դավիդյանն ասել էր․ «Ամեն ինչ լավ է։ Ղեկավարությունն ինձ հասկացել է, ըմբռնում է իրավիճակը… Թյուրիմացությունը հարթվեց»։ 

«Ես գիտեմ մի բան, որ ինձ տեղեկություն են տվել Պետգույքի կոմիտեից, որովհետեւ մենք ենթարկվում ենք Պետգույքի կոմիտեին, էնտեղից ինձ թուղթ էր եկել, որ դեկտեմբեր ամսին Ձեր պայմանագիրն ամսի 14-ին լրանում է, ու էլ չենք երկարացնելու, էդքան բան»,- մեզ հետ զրույցում ասաց կենտրոնի արդեն նախկին տնօրեն Նորայր Դավիդյանը։

- Դուք ժամանակին ասել էիք, որ ամեն ինչ լավ է, ղեկավարությունը Ձեզ հասկացել է, ըմբռնում է իրավիճակը, թյուրիմացությունը հարթվել է։ Դուք փորձե՞լ եք խոսել իրենց հետ այս հարցով, այդ թվում՝ նախարարի հետ։

- Ոչ մեկի հետ չեմ խոսել։ Գիտե՞ք ինչ, հեսա 2 տարուց ավել է՝ ուզում են ինձ հանեն, ինչեր են անում՝ է՛լ քննչական, ինչ ասես․․․ գիտե՞ք ինչ, կոլեկտիվն էլ ա մեղք, էլի։ Դե հիմա, տենց են գտնում, ես ի՞նչ կարող եմ անել․․․ ավելի լավ է պատվով գնալ, քան թե․․․ ի՞նչ պիտի անեի ես։

- Հարուցված քրեական գործի ընթացքից ի՞նչ նորություն կա, Ձեզ կանչո՞ւմ են հարցաքննության, որեւէ կարգավիճակ ունե՞ք։

- Ոչ մի բան չկա, օդում կախված է։ Որպես վկա՝ ինձ կանչել են, բաներ են ճշտել, բան կա, որ ես չեմ համաձայնել․․․ հիմա ինձ դա չի հետաքրքրում, ի՞նչ ասեմ, այ ցավդ տանեմ, եթե մարդիկ ուզում են, որ դու գնաս, պիտի գնաս։ Ո՞ւմ է դա հետաքրքրում, որ ես գիտությունների դոկտոր եմ, նախարար եմ աշխատել, ո՞ւմ է դա հետաքրքրում ընդհանրապես։

- Սա Ձեր դեմ ուղղորդված արշա՞վ եք գնահատում, կա՞ քաղաքական ենթատեքստ, ինչո՞վ էր պայմանավորված, որ ուզում էին գնայիք։

- Չէ, ես տենց ոչ մի բան չեմ զգացել։ Ո՞նց Ձեզ ասեմ, նախարարն առաջին օրվանից որ եկել էր, չեմ ուզում, էլի, ասել, բայց ինձ բաներ էր առաջարկում՝ սենց կանեք, նենց կանեք, ես էլ ասի՝ ես երբեք տենց բաների մեջ չեմ մտել, չեմ անի։ Դե, չեմ անի՝ էդ մարդն էլ դրեց, մի տարում ոնց կարողացավ, հանեցին պրծան։

- Կոնկրետ ի՞նչ էր առաջարկում նախարարը Ձեզ, ի՞նչ  ակնկալիքներ ուներ Ձեզնից, որ չեք բավարարել։

- Դե, գիտե՞ք, չեմ ուզում, էլի, Դուք գրում եք, հետո ես ընկնում եմ կրակը։ Հանգիստ մնամ, էլի։ Կներեք, որ տենց եմ ասում, բայց ձեր թերթերի գրածը մենակ վնաս ա բերում մարդկանց։ Ուղղակի մեղք եմ, էլի, մեկ ա՝ ոչ մի բան չի լինի․․․

- Բայց այդ թերթերի գրածով բազմաթիվ քաղաքացիների խնդիրներ են լուծվում, բազմաթիվ խնդիրներ են բարձրաձայնվում, ինչո՞վ ենք վնաս տալիս։

- Բան չունեմ ասելու, բայց իմ խնդիրը դուք չեք լուծի։ Հիմա ես Ձեզ ասեմ՝ ես գիտությունների դոկտոր եմ, ես ստեղծել եմ այդ կենտրոնը, վերջապես՝ ես նախարար եմ աշխատել, ոչինչ չեմ ասում՝ զուտ մարդկային առումով, որ ծանուցում ուղարկեն, գոնե մի անգամ կանչեն, գոնե մի անգամ ասեն՝ լավ, շնորհակալություն, կամ ասեն՝ գիտե՞ք ինչ, սենց ա՝ մենք մարդ ունենք, պիտի նշանակենք։ Հիմա ես ի՞նչ ասեմ Ձեզ, շատ լավ գիտեք՝ ոնց ա, մեկ ա՝ ոչինչ չի փոխվի։ Ձեզ անկեղծ եմ ասում, ես հնարավորություն ունեի Նիկոլ Փաշինյանի մոտ էլ մտնելու, գիտեք, իր թերթում իր կինն իմ ու իր ամուսնու նկարով լավ հոդված էր գրել, բայց ես համարեցի, որ դրա կարիքը չկա․․․ Ես Փաշինյանին վաղուց եմ ճանաչում, երբ նա ընդդիմություն էր, նա եկել է ինձ մոտ, ես նրան ընդունել եմ, մեր միջեւ լավ հարաբերություններ են եղել, բայց հիմա, հասկանո՞ւմ եք, ես էն տարիքում չեմ, որ ինչ-որ թղթեր վերցնեի, գնայի ասեի՝ ես ով եմ, ինչ պարգեւներ ունեմ․․․

- Հիմա ինչո՞վ եք զբաղված եւ ի՞նչ եք մտադիր անել հետայսու։

- Դեռ ոչ մի բան, գործ կգտնեմ, էլի։ Կարող ա գնամ դասավանդելու, կարող ա գնամ․․․ դե, եթե տան, էլի, գործ, կարող ա ոչ մի բան էլ չտան, կարող ա ասեն՝ վեր ընկի տունը, հերիք ա, ինչքան աշխատել ես։ Բայց ես կփորձեմ, եթե ես պիտի տանը նստեմ, ես ուղղակի կմեռնեմ, ես 16 տարեկանում եմ ընդունվել բժշկական ինստիտուտ, ես աշխատանքի շատ մեծ փորձ ունեմ, հասկանո՞ւմ եք։ Բայց հիմա ո՞վ է նայում կենսագրությանը, դա ոչ մի նշանակություն չունի։ Ուղղակի էդպես չեն հանում մարդուն, էլի, որ ինչ-որ ծանուցում ուղարկեն, ասեն՝ դավայ, կներեք արտահայտությանս, բայց սիկտիրդ քաշի գնա։ Բայց ես ձեն չեմ կարա հանեմ, Դուք գիտեք՝ էդ կոմիտեի նախագահն ով ա, նրա կինն ով ա, Ազգային ժողովի նախագահի տեղակալ ա, ի՞նչ գործ ունեմ ես․․․ ես ուզում եմ հանգիստ ապրել ու հանգիստ մեռնել, հասկանո՞ւմ եք։ Բայց մի գործ կգտնեմ, էլի, պրոֆեսոր մարդ եմ, վերջապես, կարող է մի տեղ շտապօգնության ծառայություն մտնեմ կամ տրավմատոլոգ աշխատեմ, չգիտեմ։