Մասնավոր սեկտորը պետք է մասնակցի գիտության ֆինանսավորմանը

Մասնավոր սեկտորը պետք է մասնակցի գիտության ֆինանսավորմանը

Այսօր ԱԺ-ում «Գիտության ֆինանսավորման հիմնախնդիրները Հայաստանում» թեմայով քննարկում էր կազմակերպվել, որին մասնակցում էին թե ԱԺ պատգամավորներ, թե գիտության ոլորտի ներկայացուցիչներ:

Քննարկումը նախագահող, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը նշեց, որ նախկինում Հայաստանում գիտությունը բավարար չափով չի ֆինանսավորվել եւ թե ֆունդամենտալ, թե կիրառական գիտություններում հիմնականում շեշտը դրվել է ծրագրային ֆինանսավորման վրա: Մինչդեռ, հայտնի փաստ է, որ երիտասարդներին գիտության մեջ ներգրավելու համար, եւ այն գրավիչ ու մոտիվացնող դարձնելու համար պետք է ֆինանսավորում: «Հստակ է, որ պետք է աշխատավարձերը բարձր լինեն, որպեսզի երիտասարդները ցանկություն ունենան գալ դեպի գիտություն։ Այսօր շեշտը դրել ենք հիմնականում IT ոլորտի վրա, բայց դրա կողքին հստակ տուժում է բնագիտական թեւը, իսկ բարձր աշխատավարձը IT ոլորտում գրավիչ է դառնում երիտասարդների համար, որոնք չեն շարունակում մնալ գիտության մեջ»,- ասաց Հովհաննիսյանն ու հավելեց, որ պետք է հստակ նշել՝ ինչու եւ ինչքան է պետք գիտության ֆինանսավորումը բարձրացնել, ի՞նչ նոր մոդելներով, եւ ինչպե՞ս պետք է կատարվի ֆինանսավորումը, իսկ քննարկման արդյունքներն ու հնչած տեսակետները հաշվի կառնվեն նաեւ կառավարությունում:

Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը հույս հայտնեց, որ այս քննարկման եւ դիտողությունների, առաջարկների հիման վրա հնարավոր կլինի մի փոքր թեթեւացնել իրենց վիշտը․ «Այո, գիտության ֆինանսավորումը վիշտ է, որի մասին արդեն երկար-երկար տարիներ խոսում ենք, արդեն 3-րդ տասնամյակն է, բայց ամեն ինչ մնում է նույնը։ Վաղուց արդեն հայտնի է, որ մեր գիտության ֆինանսավորումը հավասար է մոտավորապես բյուջեի 1,2 տասնորդական ծախսային մասին։ Պիտի ասել, որ այդ թիվը երբեք չի փոխվել, համարյա 30 տարի այդ թիվը մնում է նույնը։ Սա խոսում է այն մասին, որ գիտության նկատմամբ պետությունը երբեւիցե հատուկ հոգ չի տարել։ Նպատակային ֆինասավորում չի եղել՝ հաշվի առնելով որ գիտությունն ունի երկրի անվտանգությանը հավասար նշանակություն»,- ասաց Մարտիրոսյանն ու նկատեց, որ այդ գումարը իր մեծությամբ կազմում է 0․25 տոկոս ՀՆԱ-ից․ «Դժվար կլինի գտնել քաղաքակիրթ մի երկիր, որն այսօր գիտությանը հատկացնում է այսպիսի գումար, բայց օրինակ ֆրանսիայում այդ ֆինասավորումը հավասար է մոտավորապես 2․2 տասնորդականի, որից 1․2 տոկոսը մասնավոր աղբյուրներն են։ Մեր պետությունն էլ այնպիսի քաղաքականություն պետք է վարի, որ մասնավոր սեկտորը մասնակցի գիտության ֆինանսավորմանը»։

ԳԱԱ նախագահը նկատեց, որ պետության հատկացված ֆինանսավորման 75 տոկոսը ուղղվում է աշխատավարձերին, մնացած գումարը այլ ծախսերին, մինչդեռ շենքերի պահպանումը եւ շահագործումը պահանջում է լրացուցիչ ֆինանսավորում։  

Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանն իր ելույթում նկատեց, որ մինչեւ 1989 թ-ը ավելի քան 30 հազար գիտնական ենք ունեցել, մինչդեռ այսօր այն գիտնականները որոնք ֆինասավորում են ստանում Գիտ․ պետ․ կոմից կազմում է 6056 մարդ, դրանց մեջ 65-ից բարձր տարիք ունեցողների թվաքանակը կազմում է մոտ 28 տոկոսը։

Կոմիտեն 2020-2024թթ-ի գիտական գերակայություններ է սահմանել, որն առաջիկայում կներկայացվի կառավարությանը, դրանց մեջ նշված է հայագիտություն, գիտություններ կյանքի մասին, արդյունավետ եւ անվտանգ եներգետիկա, տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաներ, տիեզերքի եւ երկրի մասին գիտություններ, բնական, հումանիտար եւ սոցիալ-տնտեսական գիտությունների զարգացմանն ուղղված հիմնարար եւ կիրառական հետազոտություններ։ Ըստ Հարությունյանի, այս գերակայությունները կարեւոր են նրանով, որ գիտական ծրագրերի ֆինասավորման ժամանակ հաշվի են առնում պետության կողմից կարեւորված գերակայությունները։  

Քննարկմանը մասնակից, Փարիզ Էսթ համալսարանի դոկտոր Մարիամ Խաչատրյանի դիտարկմամբ, եթե մենք զարգացած երկների հետ ենք համեմատվում, ապա զարգացած երկրներում երիտասարդները չեն գնում գիտությամբ զբաղվելու բանակից ազատվելու համար, դրսում կոռուպցիոն ռիսկերը համարյա զրոյացված են, գրագողությունն էլ նվազագույնի է հասցված։ «Այսինքն այնտեղի գիտնականը որակ ունի, իսկ այսօրվա մեր գիտնականը որակ չունի։Քանի դեռ որակական զտում չի եղել, ուզում է ՀՆԱ-ից 10 տոկոս տաս գիտությանը արդյունքը լինելու է նույնը»։

Նա նկատում է, որ Գիտության պետական կոմիտեն իր ռազմավարությունը ներկայացնում է սովետական ձեւով, մինչդեռ կապիտալիստական երկրներում այդպիսի ռազմավարությունով արդյունքի երբեք չես հասնի․ «Այսինքն դետալավորված չի եւ նշված չի, թե դու վերջում ինչ արդյունք ես ուզում ունենալ, իսկ դա կարեւոր է։ հետո պետությունն էլ այդ պատվերը պետք է իջացնի, թե ինչ տեսակ գիտություն է ուզում։ Ամենաճիշտը քո լոկալ խնդիրները լուծելն է, բայց անգամ այս գիտական ներուժով դու չես կարողանա այդ խնդիրները լուծել։ Բացի այդ, այսօր ինստիտուտներ ունենք, որ մնում է արդեն Գվատեմալայի մասին գիտական ուսումնասիրություններ անեն, իսկ դա ո՞ւմ է պետք։ 32 ինստիտուտ կա, որոնք բոլորն ուզում են պահել, իսկ դա այսօր անհնար է, պետք է առաջնահերթություններ սահմանել եւ դրանով առաջ շարժվել, որ զարգացում լինի։ Գիտությունը կոլապսի առաջ է նաեւ տարիքային առումով, որովհետեւ գիտության մեջ ներգրավված են կամ 60 անց կամ մինչեւ 30 տարեկանները, միջին սերունդը բացակայում է»։ 

«Պահանջում ենք գիտության ֆինանսավորում» նախաձեռնության հեղինակ Արթուր Իշխանյանն էլ պահանջեց, որպեսզի ԱԺ նախագահը եւ վարչապետը սահմանեն գիտության համար ամենամյա դրամական մրցանակներ։ «Այդ պահանջը շատ հստակ է․ ԱԺ նախագահն ունի որոշակի ֆոնդ, որից նա կարող է իրականացնել պագեւատրումներ։ Ես պահանջում եմ, որ նա հիմնի գիտության ոլորտում ամենամյա մրցանակներ։ Դա կարող է ուղղվել հասարակագիտության ոլորտում միջազգային տպագրությունների համար։ Դա կլինի քայլ, որով կաջակցեն գիտությանը հասարակագիտության, ցեղասպանագիտության, տնտեսագիտության կամ դիվանագիտության ոլորտում»։