Արցախում նախընտրական աժիոտաժը սկսվել է

Արցախում նախընտրական աժիոտաժը սկսվել է

Արցախի Հանրապետությունում եկող տարի ապրիլին սպասվող նախագահական ընտրությունները ժամանակից շուտ հետաքրքրություն են առաջացրել։

Գործընթացը որոշակի սրվեց, երբ Սամվել Բաբայանը ներկայացրեց իր նախագահական հավակնությունների մասին, բայց մինչ այդ նա դեռ պետք է հաղթահարի սահմանադրական արգելքները, քանի որ 10 տարի մշտապես չի բնակվել Արցախում։ Նրանից հետո խաղաքարտերը բացեցին ԱԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանն ու Արայիկ Հարությունյանը։ Առաջադրվելու ցանկություն ունեն նաեւ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, արտգործնախարար Մասիս Մայիլյանը։ Չի բացառվում, որ Արցախում նախագահացուների թիվն անցնի մեկ տասնյակը․ բանն այն է, որ խորհրդարանական եւ նախագահական ընտրություններն անցկացվելու են նույն օրը, մեր աղբյուրի տեղեկացմամբ՝ «համապետական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ղեկավարները չեն խնայելու ընտրագրավի գումարը եւ իրենց ուժերն են փորձելու նաեւ նախագահ դառնալու հարցում»։ 

Քաղաքական վերնախավում, ամեն դեպքում, պատրաստ են ամեն ինչ անել, որ գալիք ընտրությունները չբեւեռացնեն արցախցիներին՝ չբաժանեն հակամարտող բանակների։ Կան տեղեկություններ, որ Բակո Սահակյանը որոշել է որեւէ թեկնածուի չաջակցել կամ, այսպես կոչված՝ «ժառանգորդ» չկարգել, իսկ ինքը, հավատարիմ մնալով խոստմանը, չի առաջադրի իր թեկնածությունը։ Հիմնական մրցակցությունը, ըստ այդմ, կընթանա Արայիկ Հարությունյանի եւ Վիտալի Բալասանյանի միջեւ․ առաջինն ունի Արցախի բիզնես շրջանակների աջակցությունը, իսկ երկրորդը՝ զինվորականների, ավելին՝ չի բացառվում, որ Բալասանյանին աջակցեն նաեւ արցախյան դաշնակցականները, նրանց միջեւ անցյալում էլ քաղաքական պայմանավորվածություն է եղել։ Չնայած Հարությունյանն էլ ՀՅԴ-ի հետ վատ չէ։

Իսկ Սամվել Բաբայանը, ամենայն հավանականությամբ, չի կարողանա թեկնածություն առաջադրել, արցախյան մեր աղբյուրները դա իրատեսական չեն համարում, նրա աջակիցները հիմնականում իր մեծ գերդաստանն է ու 90-ականների իր մերձավորները, իսկ սահմանադրական հանրաքվե անցկացնելու համար անհրաժեշտ է ընտրողների 10 տոկոսի, այսինքն՝ մոտավորապես 10-11 հազարի ստորագրություն, բայց դրանից հետո էլ դեռ պետք է ԱԺ-ն համապատասխան նախագիծ ընդունի, որպեսզի ռեֆերենդում անցկացվի։ Թեեւ 10 հազար ստորագրություն հավաքելն արդեն լուրջ ռեսուրս է։ Առավել հավանական է, որ Բաբայանը, ինչպես 2015-ի խորհրդարանական ընտրություններին, հիմա էլ ոչ հրապարակավ աջակցի ընդդիմադիր Հայկ Խանումյանին։

Մինչդեռ Հայկ Խանումյանն ասում է, թե դեռ վաղ է խոսել նախագահական ընտրությունների եւ իր առաջադրման մասին, քանի որ մեկ տարուց ավելի ժամանակ կա։ «Բոլոր դեպքերում, մենք այլընտրանք առաջարկելու ենք»,- ասաց նա։ Սամվել Բաբայանը կարո՞ղ է դառնալ այդ այլընտրանքը, Խանումյանը խուսափեց  ուղիղ պատասխանից՝ ասելով, թե եկող տարվա հունվարին են սկսվելու առաջադրումները, այդ ժամանակ կխոսեն։ «Ես կարող եմ միայն ասել, որ սպառազինությունների հետ կապված ծրագրերում պաշտպանում ենք Բաբայանի առաջ քաշած թեզերը, այդ թեզերը մեծամասամբ ընդունելի են նաեւ Հայաստանի իշխանությունների կողմից, եւ իրենք դրանք օգտագործում են սպառազինության համար։ Այսինքն՝ մեր համագործակցությունը ոչ թե անձերի շուրջ է, այլ գաղափարական է»։

Խանումյանի խոսքով՝ 2016 թվականից առաջ Սերժ Սարգսյանն ու արցախյան իշխանությունները սպառազինության գնման ուղղությամբ քայլեր չեն ձեռնարկել, որի հետեւանքն էլ եղավ ապրիլյան պատերազմը, մինչդեռ Բաբայանի առաջ քաշած թեզերը՝ հակահրթիռային ու հակաօդային միջոցների մասին, խիստ կարեւոր էին․ «Սակայն Արցախից որեւէ ճնշում չկար Երեւանի վրա»։ Անդրադառնալով լուրերին, որ Բակո Սահակյանը չի աջակցելու որեւէ «ժառանգորդի» եւ արբիտրի դեր է ստանձնելու, Խանումյանն ասաց․ «Բակո Սահակյանը թալանել է իր ողջ պաշտոնավարման ընթացքում եւ ամեն ինչ անելու է իր թալանածը պահելու համար։ Եթե ամռանն իրեն ստիպեցին, ու հայտարարեց, որ չի առաջադրվելու, դա չի նշանակում, որ չի ձգտելու այնպիսի մարդու փոխանցել իշխանությունը, որպեսզի առաջիկա գոնե 10 տարիներին իրեն ապահովված զգա։ Իսկ այս համատեքստում շրջանառվող անուններից յուրաքանչյուրն էլ Բակո Սահակյանի ժառանգորդը կարող է դառնալ»։

Դիտարկմանը, որ Արայիկ Հարությունյանը կարծես թե վայելում է հայաստանյան իշխանությունների աջակցությունը, օգոստոսյան հանրահավաքի ժամանակ էլ նա Արցախից մոտ հազար մարդ բերեց Երեւան՝ ի աջակցություն, Խանումյանն արձագանքեց․ «Լավ հարաբերությունները հրապարակային պետք է երեւան, եթե այդ մարդուն դու չես տեսնում Հայաստանի իշխանությունների հետ ինչ-որ միջոցառումներին, ինչի՞ց եք վերցնում, որ լավ հարաբերություններ կան։ Թե՞ դուք կարծում եք, որ Հայաստանի իշխանություններն այն իշխանություններն են, որոնք ընդունում են մարդկանց, որոնք մարդ  են բերել Երեւան։ Այդպիսի իշխանությունների ժամանակը ապրիլի 23-ով վերջացավ։ Ով մարդ էր բերել հանրահավաքի, բերել էր հին տրամաբանությամբ, որը, կարծում եմ, վաղուց մերժված է»։