Անընդունելի լեքսիկոն

Անընդունելի լեքսիկոն

Իհարկե, շատ բարդ երկիր ու տնտեսություն է ժառանգել Նիկոլ Փաշինյանը, եւ իրավացի են բոլոր նրանք, ովքեր պնդում են, որ տասնամյակների «քանդածը» մի տարում հնարավոր չէ կառուցել։ Անշուշտ, կառավարման համակարգում տիրող կարծրացած ավանդույթներ կան մեզանում, որոնք կոտրելը հեշտ չէ։ Պետք է նաեւ հաշվի առնել, որ մեր շատ խնդիրներն օբյեկտիվ պատճառներ ունեն, եւ մեծ ցանկության ու կամքի, գիտելիքների ու փորձի տեր մարդիկ էլ դրանք չէին կարողանա մեկ տարում հաղթահարել։ Բայց բաներ կան, որոնք բարդ չեն՝ միանգամայն հաղթահարելի եւ լուծելի են։ Ասենք, օրինակ, բա՞րդ է արդյոք հանրային շփումների եւ հրապարակային հարցազրույցների ժամանակ ընդունելի լեքսիկոն օգտագործելը։ Այնպես, որ չվիրավորես տարբեր մարդկանց ու ամբողջական համակարգեր, չնսեմացնես նրանց դերն ու նշանակությունը։ Մի՞թե հնարավոր չէ անորոշ կասկածներ եւ անանուն մեղադրանքներ չհնչեցնել տարբեր անձանց ու մասնագիտական խմբերի հասցեին։

Ասենք, եթե պաշտոնավարող 240 դատավորից գեթ 2-3 գրագետ ու ազնիվ դատավոր կա մեզանում, անթույլատրելի է դատական ողջ համակարգի մասին արտահայտվել նման որակումներով, ասել, որ նրանք «վնգստալով» գնում են իրենց նախկին տերերի մոտ, «Հայաստանից դուրս են տեր փնտրում, ասում են՝ եկեք մեզ տեր կանգնեք, մենք անտեր ենք, որովհետեւ մենք սովորել ենք, որ միշտ պետք է տեր ունենանք, եւ այդ տիրոջ ձեռքին պետք է փայտ լինի, որով մեր գլխին տա»։ Գրագետ, կիրթ, զուսպ մարդը նման արտահայտություններ չի օգտագործում, մեղադրանքներն էլ հնչեցնում է միայն հասցեական եւ հստակ ապացույցներ ունենալու պարագայում։ Իսկ երբ Վենետիկի հանձնաժողովն ուշիուշով հետեւում է Հայաստանի ՍԴ-ի շուրջ ընթացող իրադարձություններին, որքանո՞վ է խելամիտ ՍԴ-ին նոր ուլտիմատումներ տալը։