Ռոբերտ Քոչարյանը որտեղ և ինչպես է քվեարկելու

Ռոբերտ Քոչարյանը որտեղ և ինչպես է քվեարկելու

ԱԱԾ «Երևան Կենտրոն» մեկուսարանում գտնվող ՀՀ երկորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը գրանցված է մայրաքաղաքի Իսակովի 23/7 հասցեում, սակայն նա, դեկտեմբերի 7-ից գտնվում է անազատության մեջ։ Ինչպես մեզ հետ զրույցում պարզաբանեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ նրա անուն-ազգանունն այլևս պետք է լինի ՔԿՀ ընտրողների ցուցակում։ Մյուս կողմից, սակայն, նրա անձնագիրը՝ նախաքննական մարմնի մոտ էր գոնե մինչև կալանքի մասին ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի որոշումը։

Ինչպես «Հրապարակի» հետ զրույցում հայտնեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Արամ Օրբելյանը՝ ՔԿՀ-ներում անձի քվեարկությունը կատարվում է մի քիչ այլ ընթացակարգով, քանի որ այնտեղ անձանց ինքնությունը հայտնի է։ «Նախորդ անգամ՝ Երևանի ավագանու իրավիճակը այլ էր, պարոն Քոչարյանն ազատության մեջ էր, սակայն անձանագրերից մեկը, որով նա պատրաստվում էր մասնակցել քվեարկության, վերցված էր»,-ասաց Արամ Օրբելյանը։

Նա նոր է վերադարձել արտասահմանից և տեղյակ չէ՝այնուամենայնիվ, մասնակցելո՞ւ է Ռոբերտ Քոչարյանը ընտրությունների, թե՝ ոչ։ Իսկ պաշտպանական խմբի ղեկավար Հայկ Ալումյանը և Ռոբերտ Քոչարյանի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը մեր հեռախոսազանգերին չպատասխանեցին։ Ինչպես ավելացրեց Տիգրան Մուկուչյանը՝ քրեակատարողական հիմնարկներում կազմվում է ՔԿՀ-ում գտնվող անձանց ցուցակ և տեղակայված են ընտրական տեղամասեր։

«Այդ ընտրական տեղամասերը բացվում են մի քիչ ավելի ուշ, և դա ԸՕ պահանջ է, որ կարող են բացվել այլ ժամի և հաշվի է առնվում այդ ՔԿՀ-ներում ընտրողների թիվը,և, հետևաբար, ընտրությունից հետո քվեարկությունը միանգամից չի ամփոփվում, այլ՝ ժամը 20։00 -ից հետո։ Դրա համար էլ տեղամասերը ուշ են բացվում»,-պարզաբանեց Տիգրան Մուկուչյանը։