Նախորդ ընտրությունների նույն ժամի համեմատ՝ մասնակցությունը զգալի նվազել է

Նախորդ ընտրությունների նույն ժամի համեմատ՝ մասնակցությունը զգալի նվազել է

Արտահերթ խորհրդարանական ընտրություններն աչքի են ընկնում ընտրողների պասիվ մասնակցությամբ։ Մի կողմից հասկանալի է՝ չկան «խթանիչ» հանգամանքներ՝ ընտրակաշառք, մարդկանց ընտրատեղամասեր հասցնող խմբեր, սակայն մյուս կողմից՝ հետհեղափոխությունը ավարտին հասցնելու Նիկոլ Փաշինյանի կոչը պետք է շատերին ոգեւորեր։ Կա նաեւ երրորդ տարբերակ, որ շատերը չեն մասնակցում՝ մտածելով «մեկ է Փաշինյանն անցած է»։

Քիչ առաջ ԿԸՀ-ն տեղեկացրեց, թե 14․00-ի դրությամբ որքան ընտրող է մասնակցել է, այսպիսով ողջ հանրապետության մասշտաբով ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիներից մասնակցել են 636 հազար հիսունհինգ քաղաքացի կամ՝ 24.53 տոկոս, նախորդ ընտրություններին նույն ժամին մասնակցել էին ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 33,46%-ը կամ 865 հազար 884 քաղաքացի։ Հիշեցնենք, որ ժամը 11.00-ի դրությամբ էլ 2․592.479 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 201.250 ընտրող (7.76%): 2017թ. ապրիլի 2-ին տեղի ունեցած Ազգային Ժողովի ընտրություններին ժամը 11:00-ի դրությամբ 2.587.706 ընտրելու իրավունք ունեցողներից քվեարկությանը մասնակցել է 344.714 ընտրող (13.32%), այսինքն 150 հազար ընտրողով պակաս, քան անցած ընտրություններին։

Հիշեցնենք նաեւ, որ նախորդ ընտրությունների համեմատ ընտրությունների թիվն ավելացել է 4773-ով։ Ի դեպ, Փաշինյանը Ֆեյսբուքում քիչ ուղիղ միացմամբ ընտրողների պասիվ մասնակցության վերաբերյալ իր նկատառումները ներկայացրեց․«Որովհետեւ նախորդ ընտրություններում վաղ առավոտից գազելները հանվում էին իրենց առօրյա, սովորական երթուղային գծերից եւ մարդկանց ցուցակներով տանում էին ընտրական տեղամասեր՝ ձեզ հայտնի մեխանիզմների կիրառմամբ»,-ասաց նա՝ կոչ անելով ակտիվ մասնակցել։