Արձագանք արձագանքին

Արձագանք արձագանքին

ՊԲ նախկին հրամանատարի «գրասենյակն» արձագանքել է իմ «Մեկ հարց Սամվել Բաբայանին» հրապարակմանը: Այդ տեքստի ոճը վկայում է տողերի հեղինակի ոչ միայն մարդկային, այլեւ քաղաքական շատ «բարձր» մակարդակը: Այլ բան սպասելի չէր, եթե մարդիկ 21-րդ դարում ընդդիմախոսներին շարունակում են սպառնալ վիզ կտրելով: Եւ այդ արձագանքը կարելի էր պարզապես անուշադրության մատնել, եթե չլիներ մի անհրաժեշտություն. «գրասենյակը» թույլ է տվել անճշտություններ, որոնք շտկման եւ մեկնաբանության կարիք ունեն:

1. Արձագանքում ասված է, որ Բիշքեկի արձանագրության ստորագրման պահին ԼՂՀ նախագահը Ռոբերտ Քոչարյանն էր: Դա իրականության բացահայտ խեղաթյուրում է: Ռոբերտ Քոչարյանը Գերագույն խորհրդի կողմից լիազորությունների երկամյա ժամկետով ԼՂՀ նախագահ է ընտրվել հրադադարի հաստատումից վեց ամիս անց՝ 1994թ. դեկտեմբերին: ՊԲ հրամանատարն այդ հիշարժան նիստի մասնակից եւ Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը ամենաեռանդուն պաշտպանողն էր եւ կարող էր իր շրջապատի «ամենագետներից» ճշտումներ անել, ապա նոր հրահանգեր, որ ինձ հիշողության դասեր տան:

2.ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահության նիստում իր ելույթից մեջբերումներ անելով՝ ՊԲ նախկին հրամանատարը որպես աղբյուր մատնանշել է ՝ «Գեղամ Բաղդասարյան . «Արցախյան օրագիր. կանաչ ու սեւ»: Իրականում այդ գրքի հեղինակը Թաթուլ Հակոբյանն է:

3.Անդրադառնալով 1994թ. մայիսին Մոսկվայում Ադրբեջանի, ԼՂՀ եւ Հայաստանի պաշտպանության նախարարների բանակցություններին եւ արձանագրելով, որ ադրբեջանական պատվիրակությունը հետագա քննարկումներից հրաժարվել է եւ վերադարձել Բաքու, «գրասենյակը» եզրահանգում է. «Այսինքն ստացվում է, որ հրադադարի մասին որեւէ համաձայնագիր չի ստորագրվել»: Հայ ուսումնասիրողները, քաղաքագետները եւ քաղաքական գործիչներն, ուրեմն, ահա քառորդ դար է՝ զու՞ր են խոսում հրադադարի մասին եռակողմ համաձայնագրից՝ այն համարելով Արցախի՝ որպես հակամարտության եւ բանակցային կողմի իրավահավասար սուբյեկտության ապացույց: Եւ՝ եթե հրադադարի համաձայնագիր չի ստորագրվել, ապա ի՞նչ հիման վրա են դադարել պատերազմական գործողությունները եւ ինչու՞ մեկ տարի անց կողմերն ստորագրել են հրադադարն ամրապնդելու միջոցառումների մասին նոր համաձայնագիր:

4.Յուրովի վերհիշելով Քելբաջարից հայկական զորքերը դուրս բերելու հարցի շուրջ քննարկումները, ՊԲ նախկին հրամանատարը փորձում է տպավորություն ձեւավորել, թե Հայաստանի նախագահ Լեւեն Տեր-Պետրոսյանին ընդդիմանալով՝ ինքը վիժեցրել է նման որոշման ընդունումը: Իրականությունը բոլորովին այլ է: Հարցի դրվածքին կտրուկ դեմ է արտահայտվել ԼՂՀ ԳԽ նախագահի պաշտոնակատար Գերոգի Պետրոսյանը, բայց, հայտնվելով փոքարամասնության մեջ, ստիպված է եղել հրաժարական տալ: Նույն օրը ԼՂՀ ԳԽ նախագահությունն ընդունել է Գեորգի Պետրոսկյանի հրաժարականը եւ նրա փոխարեն ԳԽ նախագահի պաշտոնակատար ընտրել Կարեն Բաբուրյանին: Քվեարկությամբ որոշվել է ընդունել Քելբաջարից հայկական զորքերը դուրս բերելու միջոցառումների ժամանակացույցը: Օրեր անց տարածվել է ԳԽ նախագահի պաշտոնակատար Կարեն Բաբուրյանի հայտարարությունը՝ ուղղված ԵԱՀԽ Մինսկի համաժողովի նախագահին, որով իրազեկվում էր, որ ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի մի շարք ստորաբաժանումներ չեն ընդունում քաղաքական ղեկավարության դիրքորոշումը, եւ կա վտանգ, որ կարող են դուրս գալ վերահսկողությունից: Նկատի ունենալով այդ հանգամանքը, Բաբուրյանը ԵԱՀԽ Մինսկի խորհրդաժողովի նախագահից ժամանակ էր խնդրում՝ հետաձգելու «Ժամանակացույցով» նախատեսված քայլերի իրականացումը: (Առավել հանգամանալի՝ հետեւյալ հղումով): 

Հաջորդել է կենտրոնական ուղղությամբ Ադրբեջանի առաջխաղացումը, ի պատասխան ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերը դիմել են հակահարձակման, որի արդյունքում ազատագրվել է Աղդամը, եւ Քելբաջարից հայկական զորքերը դուրս բերելու հարցը դադարել է հրատապ լինել: Սա է իրականությունը: Եւ պետք է հուսալ, որ ապագայի անաչառ պատմաբանը վեր կհանի իրադարձությունները եւ յուրաքանչյուր դերակատարի կտա արժանի գնահատական: