Վարդենիսի զբոսայգին արոտավայրից վերածելու են հետաքրքիր վարդենիսյան միջավայրի

Վարդենիսի զբոսայգին արոտավայրից վերածելու են հետաքրքիր վարդենիսյան միջավայրի

 «Հրապարակի» խմբագրություն նամակ ուղարկած անձը Վարդենիսի վերաբերյալ հետևյալն էր հաղորդել․ «Մի հատ տեսնեք, թե ինչ է կատարվում․ Վարդենիսի միակ զբոսայգին սարքել են բիզնես կենտրոն, տարածքները զավթել են, ամեն մեկն իրա կաֆեն ա սարքել, այգին դարձրել են իրենց դուքյանը, մեկը քրեական հեղինակություն ա, մեկը ՝ քաղաքապետարանի նախկին աշխատող, նախկին քաղաքապետն էլ ավտոդրոմ սարքեց, փակեց ու թռավ»։ 

Վարդենիսի քաղաքապետ Արամ Մելքոնյանը, հակառակը, այլ պատկեր է ներկայացնում՝  ասելով, որ Վարդենիսի զբոսայգին մեկ տարի առաջ արոտավայր է եղել, բայց արդեն 1,5-2 տարի է՝ մարդիկ այնտեղ շատ հրաշալի բաներ են անում ու երեխաների համար El garden-ներով ու մանկական պիցերիաներով սրճարաններ են կառուցում, ինչի արդյունքում ունենալու են եվրոպական ստանդարտներով այգի։ Ինչպես քաղաքապետն է ասում՝ ուզում են շատ հետաքրքիր վարդենիսյան միջավայր ստեղծել։

Ներկայացնում ենք նրա հետ հարցազրույցը։

- Պարոն Մելքոնյան, ի՞նչ կասեք՝  Ձեր համաքաղաքացու գրածն է։

- Կլինի՞, որ էդ մասին ընդհանրապես չխոսեն, ես որ եկել եմ  պաշտոնի, արդեն 6 ամիս, էն, ինչը որ կար, շատ վատ վիճակում էր, էս պահին քաղաքային մեկ այգին մտցրել եմ սուբվենցիոն ծրագրի մեջ, և երկրորդը վերանորոգում ենք մեր միջոցներով, և էդտեղ կա 2 կաֆե, պարտադրել ենք, խնդրել ենք՝ երկուսն էլ կառուցապատման աշխատանքներ են անում։ Էդ այգին մեկ տարի առաջ եղել ա արոտավայր։ Հա, փակած՝ անասուններ են արածելուց եղել։ Բայց արդեն 1,5-2 տարի կլինի՝ մարդիկ այնտեղ շատ հրաշալի բաներ են սարքել, միակը քաղաքում՝ El garden-ի նման ինչ-որ բան են սարքել՝ վարձակալության հիմունքներով, մյուսն էլ մեր քաղաքացիներից մեկը, շատ երկար տարիներ ունեցել է իր սեփականության հող, դրա վրա… չեմ առանձնացնում ինչ-որ մեկին՝ ով ինչ ա, բայց մարդիկ Վարդենիսի համար սարքում են մանկական սրճարան, որը որ չկա ոչ միայն Վարդենիսում, այլև տարածաշրջանում։

- Էդ ի՞նչ սրճարան է, որ տարածաշրջանում չկա։

- Մանկական, մեկը՝ որպես El garden, եթե տեղյակ եք, Երևանում ամառ-ձմեռ հատուկ ցելոֆաններով սիրուն սարքած է։ Մյուսն էլ պիցերիա է, մանկական սրճարան։ Շատ հրաշալի բաներ։

- Իսկ առաջին այգի՞ն։

- Սուբվենցիոն ծրագրով՝ 55 տոկոս պետությունն է տալիս, մյուսը՝ մենք՝ համայնքի բյուջեից։ Լրիվ սարքելու ենք եվրոպական ստանդարտներին համապատասխան այգի։ Մոտ 55 միլիոնի ծախս ենք անելու։

- Վարդենիսը փոքր տեղ է, ամեն դեպքում, քրեական հեղինակություննե՞ր են տերերը։

- Ըտենց բան չկա, դա ուղղակի խոսակցություններ են, ասում եմ պաշտոնապես։ Երկու կաֆե սարքողներն էլ խելոք, աշխատող, էս պահին պետականորեն աշխատող մարդիկ են։ Այսինքն՝ ոչ թե իրենք, այլ մեկի հայրը պահակ ա՝ մեր ենթակայության կառույցներում, մյուսի հերն էլ տելեվիզոր սարքող է։ Շատ խելոք մարդիկ են ու քրեական հեղինակությունից ընդհանրապես կիլոմետրերով հեռու են։ Ձեզ ասում եմ որպես հասկացող մարդ։

- Ինչի՞ց։

- Կյանքից։ 

- Նախկին քաղաքապետի ավտոդրոմը։ Ըստ վարդենիսցու՝ սարքեց, փակեց ու թռավ։

- Շատ լավ բան է սարքել, չգիտեմ՝ ինչ է կատարվել, բայց սիրուն բան է սարքել, ուզում ենք վերականգնել ու ուզում ենք ևս մեկ հաճելի վարդենիսյան միջավայր ստեղծել։ Որ երեխեքը մտնեն ավտոդրոմ, շատրվաններ ենք ուզում սարքենք։

- Փակ է, չէ՞, ավտոդրոմը։

- Հա, փակ է, չգիտեմ՝ ինչի է փակ։ Երևի հոսանքի ծախսը շատ ավելին է։ Մենք հիմա փորձում ենք հասկանալ՝ ինչու է փակված, և փորձում ենք շահագործել։