Պոլսի Հայոց պատրիարքի ընտրություններին դեռ պետք է սպասել
Պոլսի Հայոց պատրիարքի վախճանումը, որքան էլ առաջին հայացքից տարօրինակ հնչի, բնականորեն լուծեց պատրիարքարանի շուրջ ստեղծված կացությունը, երբ փաստացի անաշխատունակ եւ խնամակալության ներքո գտնվող պատրիարքի առկայությամբ փոխանորդն էր վարում պատրիարքարանի գործերը։ Ու հիմա բնական է, որ օրակարգում նոր պատրիարքի ընտրությունները պետք է լինեն, եւ թե ով է լինելու Կ․ Պոլսի Հայոց նոր պատրիարքը։ Այս պահին բնական է, որ այս մասին հստակ որեւէ բան ասելը դժվար է ու վաղ։ Ի վերջո, դեռ պետք է լինի հանգուցյալ պատրիարքի հուղարկավորությունը, որը նշանակված է մարտի 17-ին, ապա պետք է անցնի սգի շրջանը, որից հետո նոր պետք է սկսվեն պատրաստությունները։
Բացի այդ էլ, Թուրքիան ներկայումս գտնվում է տեղական իշխանության մարմինների նախընտրական փուլում, եւ ավելի հավանական է, որ պատրիարքական ընտրություններին Անկարան վերադառնա այն ժամանակ, երբ ավարտված լինեն տեղական իշխանության ընտրությունները։ Հատկապես, որ պատրիարքի ընտրության հարցում դրության տերը պետությունն է եւ հիմա շատ ավելի, քան, օրինակ, պատրիարքարանում տեղի ունեցած վերջին խմորումների ժամանակ էր, քանի որ այն ժամանակ դեռ Թուրքիան որոշակի մեկուսացվածության մեջ էր, իսկ հիմա Էրդողանի վարչակազմը, կարողանալով հօգուտ իրեն օգտագործել միգրանտներին ապաստան տալու հանգամանքը, ինչպես նաեւ սաուդցի լրագրող Ջամալ Հաշուքջիի սպանությունը, դուրս է եկել մեկուսացումից եւ ավելին՝ ճնշման լծակներ է ձեռք բերել միջազգային ասպարեզում։ Ի վերջո, եթե հայերի համար պատրիարքը եկեղեցու առաջնորդներից մեկն է, ապա Թուրքիայի համար՝ իր պաշտոնյաներից մեկը, ով ղեկավարում է տեղի հայ համայնքը։ Էջմիածինն այս հարցում առավել քան չեզոքություն պետք է պահպանի, քանի որ որեւէ քայլ կարող է խաթարել ողջ սպասվելիք պրոցեսը, եւ գնահատվել որպես Թուրքիայի ներքին գործերին միջամտելու փորձ։
Ուստի մի քիչ անհասկանալի էր նաեւ այս լույսի ներքո Էրդողանի՝ հայերենով հղված ցավակցության հետ կապված աժիոտաժը։ Մեծ հաշվով, մահացել է Թուրքիա պետության կարեւոր պաշտոնյաներից մեկը, ով ղեկավարում էր տեղի ազգային-կրոնական համայնքներից մեկը, եւ քաղաքավարական ժեստ էր նրան իր մայրենի լեզվով ցավակցելը։ Քաղաքավարական-արարողակարգային ժեստ էր նաեւ պատրիարքի օրինական խնամակալ ճանաչված մոր հետ Թուրքիայի նախկին վարչապետ, Ազգային մեծ ժողովի նախկին նախագահ, իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության երեւելի անդամներից մեկի՝ Բինալի Յըլդըրըմի հանդիպումը։
Կարծիքներ