Նախընտրական շոու Թեղուտի շուրջ․ ռուսական ընկերությունը փոշմանե՞լ է

Նախընտրական շոու Թեղուտի շուրջ․ ռուսական ընկերությունը փոշմանե՞լ է

Նոյեմբերի 26-ին ռեյտինգայինով Լոռու մարզում առաջադրված ՔՊ-ական Արեն Մկրտչյանը ռուսական РМК /«Русская медная компания»/ ընկերության ներկայացուցիչ Նորիկ Պետրոսյանի հետ այցելել էր Թեղուտի լեռնահարստացուցիչ կոմբինատ։ Նորիկ Պետրոսյանը խոստացել էր «Թեղուտ» ընկերության նախկին աշխատողներին, որոնք հունվարից գործազուրկ են, որ կոմբինատը նորից աշխատելու է, իսկ վարչապետի օգնականը հայտնեց հավաքված ԶԼՄ-ներին, որ ռուսական ընկերությունը երկար ժամանակ ուսումնասիրություններ է կատարել ու որոշել է, որ հանքը կարելի է կրկին գործարկել։

Պարզվում է՝ ոչ միայն երկար ուսումնասիրություններ չեն արվել, այլև ռուսական ընկերության ներկայացուցիչներին ուղղակի մոլորության մեջ են գցել։ Նորիկ Պետրոսյանը տեղյակ չի եղել, որ «Թեղուտ» ՓԲԸ վերաբերյալ դատական գործ կա, և որ ընկերության հետ կապված որևէ գործարք իրականացնելն այս փուլում արգելված է։ Այս մասին հայազգի գործարարն այսօր հայտնեց «Հրապարակին»։

«Երբ որ մենք եկանք Ալավերդի, չգիտեինք, որ Ալավերդու դատարանը նման որոշում է կայացրել՝ որ ոչ մի գործարք «Թեղուտի» հետ չլինի դատական հայցի պատճառով,- ասաց նա,- մենք դա իմացանք հետո։ Բայց սա չի նշանակում, որ մենք հրաժարվում ենք հանքը կառավարման վերցնելուց։ Դատական հարցերը կլուծվեն, ու մենք կշարունակենք աշխատել։ Մենք մեր խոստումներից հետ չենք կանգնում»։

Լավ, ասենք, РМК-ի ներկայացուցիչները չգիտեին, որ «Թեղուտ» ՓԲԸ-ն դատական վեճերի առարկա է, որ դրա վերաբերյալ նախկին տերերի ու ВТБ բանկի միջև գործ է քննվում Լոնդոնի արբիտրաժային դատարանում։ Բայց միթե ռեյտինգային թեկնածու, վարչապետի օգնականի պաշտոնակատար Արեն Մկրտչյանը ևս այս մասին չգիտեր։ Արեն Մկրտչյանը այլևս պաշտոնյա է և չի պատասխանում զանգերի։ Բայց կարծում ենք, որ նա չէր կարող չիմանալ այս մասին։ Դեկտեմբերի 3-ին փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը բացատրություն տվեց «Էկոլուր» բնապահպանական կայքին։

«Թեղուտի ծրագրի կառավարման համար ՎՏԲ բանկի կողմից ներկայացված է նոր օպերատոր, սակայն այստեղ կա խնդիր նախորդ օպերատորի՝ «Վալլեքս» խմբի և ռուսական ՎՏԲ բանկի միջև: Կա դատական գործ ՎՏԲ բանկի և նախորդ օպերատորի միջև: Ես հուսով եմ, որ այդ դատական գործն ուղղակի կկարճվի, և մենք կունենանք հնարավորություն առաջ շարժվելու նոր օպերատորի հետ», - ասաց Տիգրան Ավինյանը:

Փաստորեն, Արեն Մկրտչյանը շատ լավ իմանալով, որ կոմբինատի հետ կապված գործարքներ չեն կարող այս փուլում իրականացվել, մոլորության մեջ գցեց և ռուսական ընկերությանը, և «Թեղուտի» նախկին աշխատողներին, նրանք ոգևորությունը ծառայեցնելով իր նախընտրական քարոզչությանը։

Հիշեցնենք, «Թեղուտի» նախկին տերը՝ «Վալեքս» գրուպը, տապալեց և՛ հանքարդյունաբերությունը, և՛ այս չքնաղ վայրի անտառները։ Կոմբինատն էլ իր բոլոր պրոբլեմներով՝ վերանորոգման ենթակա պոչամբարով, 380 մլն դոլար պարտքով հանդերձ, անցավ ВТБ բանկին։

Նորիկ Պետրոսյանին հարցրինք, թե ինչպե՞ս է որոշվելու ВТБ-ի 380 դոլարի պարտքի հարցը և ինչ հույս ունի РМК ընկերությունը այդ պարտքը վճարել, եթե Թեղուտի հանքավայրը ըստ որոշ գնահատականների, սպառված է։

«Ես պարտքի հետ գործ չունեմ։ ВТБ-ն ընտրել է որպես օպերատոր РМК ընկերությանը և հանձնում է Թեղուտի կոմբինատի կառավարումը նրան։ Օպերատորը ինչ որ գումար կստանա, մնացածը գնալու է պարտքի մարմանը։ Ինչ վերաբերում է հանքին, որ հանքաքարը կվերջանա։ Չեմ կարծում, որ այդպես է։ Պարզապես ոչ ճիշտ քաղաքականություն է կատարվել նախկինների կողմից»։

Դուք գիտեի՞ք, որ պոչամբարի հետ խնդիր կա, որ մինչև այն չվերանորոգվի, չեք կարող վերաթողարկում անել։ Մեր հարցին Նորիկ Պետրոսյանը պատասխանեց․ «Մենք դրա մեջ չխորացանք, ոչ էլ լուրջ հետազոտություն անցկացրեցինք, որովհետև իրավունք չունենք գործարք կնքելու, էլ ի՞նչ խորանայինք։ Մենք առաջին օրը, որ եկանք, մեզ համար պարզ էր, որ կառավարումը ստանձնելու ենք, իսկ դրանից հետո, եթե պոչամբարի, կամ գործարանի, կամ տեխնիկայի հետ խնդիր լիներ, դրանք հերթով պետք է լուծվեին աշխատանքային պրոցեսում»։

Փաստորեն, հանքավայրի վերագործարկումը երկար ժամանակ էր պահանջելու, մինչդեռ պարապուրդի մատնված աշխատողներիկն նույնիսկ ծանուցագրեր էին բաժանել՝ տեղեկացնելով, որ երկուշաբթի օրվանից գնալու են աշխատանքի։ Մենք տեղեկություն ունենք, որ դեռ վերջնականորեն լուծված չեն նաև РМК և ВТБ ընկերությունների միջև հարաբերությունները, որ բանկը ստիպված է որոշել հանձնել Թեղուտի հանքը РМК-ի կառավարման, քանի որ չի ուզում փչացնի հարաբերությունները Հայաստանի կառավարության հետ։