Հանդիպել են Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիեւը

Հանդիպել են Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիեւը

Հայտնի են դարձել բավական հետաքրքիր նյուանսներ ԱՊՀ պետությունների ղեկավարների Պետերբուրգյան հանդիպումից։ Մասնավորապես, Trend լրատվական գործակալության հետ զրույցում Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմաթ Հաջիեւը հայտարարել է, որ Պետերբուրգում ԱՊՀ առաջնորդների միջոցառման ժամանակ հանդիպել են ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։ «Միջոցառման ժամանակ տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հանդիպումը։ Քննարկվել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ակտիվ բանակցությունների շարունակմանն ու հրադադարի պահպանման ռեժիմին առնչվող հարցեր։ Պետք է նկատի ունենալ, որ այս երկու ֆակտորները սերտորեն կապված են իրար հետ եւ պետք է մնան ուշադրության կենտրոնում։ Վերջին շրջանում շփման գծում իրադրությունը հանգիստ է, ինչը դրական ֆոն է ստեղծում ինտենսիվ եւ առարկայական-սուբստանտիվ բանակցություններ վարելու համար։ Դա, սակայն որեւէ կերպ չի նշանակում հակամարտության սառեցում, կամ ստատուս-քվոյի պահպանում։ Ադրբեջանի տեսակետն այն է, որ օկուպացիայի վրա հիմնված ստատուս-քվոն փոփոխվի»,- ասել է Հիքմաթ Հաջիեւը։ Նա հայտարարել է նաեւ, որ «հակամարտության կարգավորման բանակցությունների արդյունքում պետք է վերականգնվի Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը միջազգայնորեն ճանաչված սահմաններում»։ Փաշինյանն ու Ալիեւը քննարկել են նաեւ գերիների փոխանակության հարցը։ Բաքուն պնդել է, որ գերիների փոխանակությունը պետք է իրականացվի «բոլորին բոլորի դիմաց» սկզբունքի համաձայն, որն ըստ ադրբեջանցի պաշտոնյայի, նաեւ ԵԱՀԿ ՄԽ կեցվածքին է համապատասխանում։ «Զրույցի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որպեսզի հարկ եղած դեպքում ապահովվի կապը։ Այդ կապը չունի սիստեմատիկ բնույթ եւ հանդիսանում է խոստում պետությունների ղեկավարների, ԱԳ եւ Պնախարարների մակարդակով, իսկ հարկ եղած դեպքում իրագործվում է ավելի ցածր մակարդակով»,- ասել է Հիքմաթ Հաջիեւը։ Ուշագրավ է այն, որ Ադրբեջանի նախագահի խորհրդականը նաեւ անդրադարձել է ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի նշանակման եւ այդ կառույցի հետ Ադրբեջանի հարաբերությունների հարցերին։ «Կուլուարային խոսակցությունները հաշվի առնելով, հիմնավորապես կարող ենք ասել, որ ԱՊՀ առաջնորդների ոչ պաշտոնական գագաթնաժողովից առաջ ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի հարցը քննարկվել է ԵԱՏՄ գագաթնաժողովի ժամանակ։ Չեմ ուզում խորանալ, սակայն, ունեցած տեղեկությունները, որոնք ստացել ենք որոշ աղբոյրներից, նիստը անցել է բավական լարված, երբ հարցը վերաբերվել է ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի հարցին։ Մեր ունեցած ինֆորմացիայի համաձայն, կարող ենք լիակատար վստահությամբ ասել, որ Հայաստանը կորցրել է ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի պաշտոնը եւ ավելի քան հավանական է, այդ պաշտոնին կնշանակվի Բելառուսի ներկայացուցիչը»,- ասել է Հիքմաթ Հաջիեւը։