Ֆելիքս Ցոլակյանի պաստառներն է պատռել

Ֆելիքս Ցոլակյանի պաստառներն է պատռել

Տեղատվությունից հետո ծովը ափ է նետում տիղմ, որն արևածագին փայլփլում է, շփոթեցնելով դիտողին, իսկ մայրամուտին հստակ ուրվագծվում է նրա լպրծուն, գարշահոտ բաղադրությունը: Քաղպայմանագրի՝ Շիրակի մարզին  արած  «ամենամեծ լավությունը», ի պատասխան շիրակցիների սիրո և հավատի, ոչ միայն Կարեն Սարուխանյանն էր, այլ մարզպետի տեղակալ Սոֆյա  Հովսեփյանը: Իրականության զգացողությունը կորցնելը մի բան է, չունենալը՝ այլ բան: Պատասխանատվության զգացողությունը կորցնելը մի բան է, այն չունենալը՝  այլ բան:
Գյումրիում շրջանառվող լուրերը այս կնոջ վերաբերյալ մեկը մյուսից գունագեղ են, մեկը մյուսից անկախատեսելի: Երկու միջադեպի  ականատես եմ եղել ինքս անձամբ. Մուշ թաղամասում վարձակալությամբ բնակվում է Նահապետի ընտանիքը՝ 5 անչափահասներ - 4 տղա, 1 աղջիկ և կինը: Փոքրը 6 ամսեկան է: Նահապետին ես ծանոթացա,  երբ երիտասարդը վիրավորված  սկսեց ինձ բացատրել, որ ինքը «բոմժ»  չէ, ոչ էլ ողորմություն է խնդրում մարզպետարանից, այլ  իր նման անապահով ընտանիքների համար նախատեսվածն է պահանջում: Եղել է ընդունելության մարզպետի տեղակալ Հովսեփյանի մոտ, ով ոչ ավել ոչ պակաս շպրտել է դեմքին, թե՝ 5 երեխա չէիր կարող պահել,  չունենայիր: Սա  դեռ ամենափոքր միջադեպն է: 

Այս կինն առանց հասկանալու ի՞նչ է  հուշարձանը, ինչ բարդ է Գյումրիում ներդրում անելը՝ այն վերականգնելու համար, արդեն հինգ ամիս է  փորձում է  վիժեցնել  հուշարձանների ցանկում  գտնվող  Շիրակացի 201 հասցեի ներդրումային ծրագիրը: Ամենաքննարկվողը Գյումրիում այս պահին նրա մասնակցությունն է թիվ 37 դպրոցի տնօրենի պաշտոնում Աստղիկ Ավետիսյանին նշանակելու  խնդրին: Քիչ աղմկահարույց չէ  Ախուրյանի բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնակատար նշանակելու և ապա հետագայում նրան մրցույթով անցկացնելու  պատմությունը։

Ըստ շրջանառվող լուրերի, այս գործարքների մեջ կոռուպցիոն ռիսկեր կան: Որևէ  դպրոցի, որևէ ուսուցչի, որևէ  բժշկի նշանակում- ազատում առանց փոխմարզպետի չի լինում:
Ամենազավեշտալին, իհարկե, երկու օր առաջ Անի կայարանում Ֆելիքս  Ցոլակյանի նախընտրական պաստառները իր ձեռքով ճղելու խայտառակ արարքն է, որին  ի պատասխան և թերևս իրավացիորեն հաջորդեց շիրակցիների վրդովմունքը: 

Շիրակի մարզում Ֆելիքս Ցոլակյանի համակիրների բանակը այնքան մեծ է, որ մարդն առնվազն վնասարար պետք է լինի, որ փորձի նրա դեմ հակագովազդ անել, ինչն, ըստ լուրերի, անում է Սոֆյա Հովսեփյանը: 

Հասմիկ Մելքոնյան
Գյումրի