Ինքնաբացարկ չեմ ներկայացրել․ Ինչու են թեկնածուին ինքնաբացարկ պարտադրում

Ինքնաբացարկ չեմ ներկայացրել․ Ինչու են թեկնածուին ինքնաբացարկ պարտադրում

«Սասնա Ծռեր» կուսակցությունը երեկ հայտարարել է, որ պատգամավորության թեկնածու Լիանա Ստեփանյանի հետ առաջացել են անհամատեղելի մոտեցումներ.

«Նման պարագայում Կուսակցության քարտուղարությունը իրավիճակի հանգուցալուծումը տեսնում է նրա կողմից ինքնաբացարկ հայտնելու ձեւով»,- գրել էին հայտարարության մեջ:

Լիանա Ստեփանյանն այսօր արձագանքել է կուսակցության հայտարարությանը, որտեղ նշում է.«Հայտնում եմ, որ ինքս եմ ցանկանում  ստանալ հրապարակային բացատրություն, մեկնաբանություն «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության Քարտուղարությունից` արված հայտարարության վերաբերյալ: Նշեմ, որ անձամբ ինձ հետ քարտուղարությունը չի ունեցել զրույց այն մասին, որ մեր միջեւ կա մոտեցումների անհամատեղելիություն: Կարծում եմ՝ այս հայտարարության հիմքում ընկած է տարրական թյուրըմբռնում:

Լիահույս եմ, որ «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության Քարտուղարությունը կտա սպառիչ բացատրություն, որով կհաստատի այն, որ «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունը, որի հիմնադիր անդամն եմ հանդիսանում ես՝ Լիանա Սամվելի Ստեփանյանս, հիրավի հանդիսանում է արդարության, ժողովրդավարության, ազնվության, բազմակարծության, լայնախոհության, իրավունքի գերակայության, օրինապահության, հանդուրժողականության սկզբունքների կրողն ու իրացնողը»:

Մենք փորձեցինք Լիանա Ստեփանյանից այլ մանրամասներ իմանալ եւ արդյոք նա պատրաստվում է ինքնաբացարկ ներկայացնել, սակայն թեկնածուն փոխանցեց, որ այս պահին նպատակահարմար չի գտնում խոսել։ Կուսակցության վարչության անդամ Ալեք Ենիգոմշյանն էլ «Հրապարակ»-ին վստահեցրեց, որ իր տեղեկություններով «զրույց» եղել է թեկնածուի հետ, իսկ առաջ եկած «անհամատեղելիության» վերաբերյալ միայն ասաց, որ «Լիանան որոշակի հավակնություններ էր դրսեւորում»․«Մենք քիչ անց՝ 16.30-ին  ասուլիս ենք տալու եւ ամփոփելու ենք քարոզարշավը, այդ թեմայի մասին նույնպես կխոսենք, հետեւաբար հիմա ճիշտ չեմ համարում ավելին մանրամասնեմ»։