Հայաստանը՝ նոր քաղաքական արժեհամակարգի շեմին

Հայաստանը՝ նոր քաղաքական արժեհամակարգի շեմին

Ցանկացած երկրի պետականության և տնտեսական կայունությունն ու հզորությունը ուղիղ համեմատական կախվածության մեջ են գտնվում նրա քաղաքական արժեհամակարգի հետ։ Իսկ քաղաքական արժեհամակարգը տվյալ երկրի ազգային արժեհամակարգի պսակն է։ Հայ ազգը, լինելով անհատականությունների բյուրեղակառուցվածքային հենք ունեցող ժողովուրդ, երբեք քաղաքական գաղափարական ամբողջականություն  չի դրսևորել։

Մեր պատմության կեռմաններում և մեր ազգային կյանքի բոլոր ոլորտներում, մեզ միշտ ուղղորդել են մեր հասարակական անհատներն ու մեր յուրաքանչյուրիս մեջ խիստ կայունացած աշխարհահայացքային անհատականությունը։ Մեզ միշտ կործանել ու բարձրացրել են մեր անհատները, այսինքն՝ մենք չենք ունեցել ազգային հավաքական մտածողություն։ Մեզ ընդհանրացրել է մեր լեզուն, մեր հողը և մեր կրոնը։ Հանրագումարի բերելով մեր ազգային «ձեռքբերումները» մեզ մխիթարելու քիչ բաներ ենք տեսնում՝ քանզի մեզանից՝ անհատներիցս, խլել են ամեն ինչ։ Նայեք մեր մշակութային կենցաղին՝ բանտային երաժտությունը մեզանից խլել է Կոմիտասին։ Բանտային մտածելակերպի  տափաստաններում արածելով մեր հասարակությունում «բարձր» դիրք ունեցողները ներխուժել էին պետական քաղաքականության մեջ ու գրավել էին մեր պետական իշխանությունը։ Այդ իսկ պատճառով մեր երկրում քաղաքական  անհատները պետական գործի նկատմամբ չեն դրսևորել իրավագիտակցության նշույլ անգամ։ Օտարությունն ու օտարամտությունը մեզանից խլել են  մեր մայրենի լեզուն, օտարները՝ մեր երկիրը։  Իսկ մենք միշտ զավթում ու տիրանում ենք այն ամենին, ինչը ցածր, օտար ու դատարկ է։ Մեզ միշտ միավորել է միայն մեծ վտանգի զգացողությունը, որի գիտակցումը, ցավոք սրտի, առաջանում է այն ժամանակ, երբ բանը բանից անցած է լինում։ 

Իսկ ինչո՞վ մենք յուրաքանչյուրս մեզ կարող ենք հայ համարել, ի՞նչը պետք է մեր  անհատականությունից ու անձից վեր դասված լինի, իհարկե՝ հանուն հայրենիքի  գործերով ապրելը։ Դե հիմա եկեք այս տեսանկյունից նայենք մեր քաղաքական անհատներից ամենավերջինին։ Նրա անունը Սերժ էր։ Սա ինչ արել էր՝ արել էր, բայց հանձնվելիս ասաց, որ ինքը սխալ է եղել։ Եթե ինքը սխալ էր ուրեմն՝ սխալ էր այն ամբողջ քաղաքական ուժը, որին ինքը ներկայացնում էր, և սխալ են նրանք, որոնք ժամանակին սատարել էին այդ ուժին։ Այսօր Սերժ սարգսյանը «տղամարդավարի» իշխանությունն հանձնելուց հետո, դարանակալվել է և «ճիշտ» Նիկոլի վրա է կրակում՝ իր «սխալ» ՀՀԿ-ից։ Հեղափոխության օրերին նա իր բոլոր ճիգերը գործադրեց մարտի 1-ը կրկնելու համար, նույնիսկ իր բերանով ասաց, որ Նիկոլն ու ժողովուրդը մարտի 1-ից դեռևս դասեր չեն քաղել։ Իսկ երբ տեսավ, որ ժողովրդի դռբի տակ է ընկնելու, իր սխալը «ճանաչեց»։ Թվում է, թե Հայաստանի կազինոները նույնպես կարող են հայ ազգին Վարդան Մամիկոնյաններ տալ։ Վարդան Մամիկոնյանը կեղծաբար հավատափոխ եղավ, որպեսզի հետո հաղթեր պարսիկներին, իսկ Սերժիկը՝ ՀՀԿ-ի գեներալիսիմուսը, իր թշնամուն՝  հայ ժողովրդին է ուզում վրեժխնդիր լինել։ Օրերս Սերժիկի կողմից հայ ժողովրդի վրա արձակած կրակահերթի հեղինակներից մեկը՝ Դավիթ Շահնազարյանը, Պետրոսի հյուրն էր։ Ես երբեք չեմ մոռանա նրա վրա հառած Պետրոսի աչքերը, որոնք հիշեցնում էին իր քոթոթին կրծքի տակ պահած, մոտեցող գայլին նայող արջի աչքերին։

Ժողովուրդ ջան, մեր երկրին շատ հողատարածք է պետք, ոչ այնքան տարածքապես ընդլայնվելու, որքան մեր քաղաքական խայտառակ անցյալը ծածկելու համար։ Դրա համար Արցախը շատ քիչ է։ Կանտն ասել է, որ հայ ագի նման առևտրական ազգ չկա, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է մեր երկրում ամեն քայլափոխին վահանակ կանգնեցնենք ու մեր հավատքը ծախենք Եհովայի վկաների տված խոստումների դիմաց։

Այն, ինչ վերջին յոթ ամիսների ընթացքում կատարվեց Հայաստանում, ավելին էր քան իշխանափոխությունը։ Մեր երկրում մակածվեց ուրիշ պարամետրեր ունեցող քաղաքական դաշտ և հիմք դրվեց քաղաքական նոր արժեհամակարգի ստեղծմանը, որտեղ անհատականությունը գործիք է դառնում, որը եթե չի կաողանում բավարարել այդ համակարգի պահանջները և չի կարողանում նրա դինամիկ փոփոխություների վրա դրականապես ազդել՝ մեքենայորեն նրանից դուրս է մնում։

Այն բոլոր քաղաքական դրույթները, որոնք սահմանվել են Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի կողմից, այն տնտեսական ու քաղաքական ծրագրերը, որոնք պետք է նոր իշխանությունների կողմից կատարվեն այս ընտրություններից հետո, կնպաստեն այդպիսի քաղաքական արժեհամակարգի ստեղծմանը, որի նախադրյալներն արդեն հաստատվել են մեր հանրության մեջ։ Այսուհետ ոչ մեկը չի կարող մեր պետական իշխանությունն իրենով անել։ Բաց քաղաքացիական հասարակություն և ժողովրդական իշխանություն, ահա այն մեծագույն ձեռքբերումը, որին մենք հասել ենք վերջին յոթ ամիսների ընթացքում։ 

Կարդացեք «Իմ քայլ»-ի նախընտրական ծրագիրը՝ այստեղ մեր սպասելիքների ու իշխանությունների անելիքների մասին ամեն ինչ ասված է։ Մենք ընտրությունների գնալով, պետք է ձայն տանք այդ քաղաքական ուժին ու նրան մեր պետության ու ժողովրդի ծառա կարգենք։ Մենք դրանով պետք է աշխարհին ասենք, որ մենք կանք ու կլինենք, և այն չի կարող մեզ հետ հաշվի չնստել։ Դրանով մենք կզգանք մեր բոլոր բացթողումները, կհասկանանք, որ մենք պետք է Արցախից հետո ազատագրեինք մեր երկրի իշխանությունը քաղաքական քաոսից, այնուհետև ազգովի ձեռնամուխ լինեինք նոր՝ մեր երկրին ու հասարակությանը հարիր, քաղաքական արժեքների ստեղծմանը։ Այսուհետ մեր քաղաքական գիտակցության մեջ պետք է ամրապնդվի այն գաղափարը, որ կաշառակեր պետական պաշտոնյան և ընտրակեղծիքներով իշխանության եկած քաղաքական գործիչը մեր պետության համար ավելի մեծ վտանգ է ներկայացնում, քան հայատյաց արտաքին թշնամին։  

Եկեք ընտրությունների գնալիս չմոռանանք հայ մեծերին, նրանք յոթ ամիս է, ինչ մեզ պաստառներից աչքով են անում, որ ձայն տանք «Իմ քայլ»-ին։

Վահան Հարությունյան

«Գրավիտոն» գիտական կենտրոն