Նման մարդիկ մանուկ հասակից բարոյականության հետ վերջնահաշվարկ են կատարել

Նման մարդիկ մանուկ հասակից բարոյականության հետ վերջնահաշվարկ են կատարել

Հարցազրույց Բարգավաճ Հայաստան կուսակցության ցուցակով Ավան, Նոր Նորք վարչական շրջաններն ընգրկող ընտրատարածքում պատգամավորության թեկնածու  առաջադրված Գեւորգ Պետրոսյանի հետ։

-Պարոն Պետրոսյան, որոնք են այս ընտրությունների քարոզարշավի առանձնահատկությունները, նախկինում դերակատարներ էին «թաղային հեղինակությունները», ռեսուրսները, հիմա ի՞նչն է որոշիչ։

-Նախ քարոզարշավը անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով հնարավոր չէ լիարժեք իրականացնել, մարդկանց հետ հանդիպել չի ստացվում եւ բացը լրացնում ենք մամուլի միջոցով, ներկայացնում ենք մեր տեսակետները, ինչ վերաբերում է առանձնահատկությանը, այս անգամ ես հասարակությանը ներկայանալու առանձնապես մեծ խնդիր չունեմ, որովհետեւ պատգամավորական գործունեությանս շնորհիվ ժողովրդի զգալի մասն ինձ ճանաչում է,ընդամենը պետք է իրազեկել, որ ես թիվ 1 ընտրատարածքում եմ առաջադրվել եւ հընթացս ներկայացնել մեր կուսակցության ծրագրային առաջնահերթությունները։ Մենք խնդիր էինք դրել տանել քաղաքակիրթ քարոզարշավ, ներկայացնել մեր ծրագրերը, չվիրավորել մրցակիցներին, ինչը կարծում եմ՝ մեզ հաջողվել է։ Որոշ ուժեր իրենց մարտավարությունը համարում են միմյանց վիրավորելը, «փիառվելը», մենք քաղաքականության մեջ մեզ թշնամիներ չենք տեսնում, բոլորը մեզ մրցակից են եւ ոչ մեկս, առավելապես պարոն Ծառուկյանը իր հանդիպումների ընթացքում անձնական հարց չի բարձրացնում, որեւէ մեկին չի վիրավորում։

-Անցած ընտրություններին նախկին իշխանությունները այդ ընտրատարածքում «գլադիատորական» ներկայություն  ունեին՝ Տարոն Մարգարյան, Ռուբեն Հայրապետյան եւ այլք, հիմա նման  կարկառունները որեւէ ազդեցություն ունե՞ն, նրանք քողարկված աջակցո՞ւմ են որեւէ ուժի, թեկնածուի։

-Ուրեմն իմացեք, որ ես անցած անգամ էլ իրենց ազդեցությունը չեմ զգացել, որովհետեւ իմ հանդեպ կոնկրետ որեւէ բան չի արվել, ես այն մարդը չեմ․․․Ես, ցեխ չշպրտելով որեւէ անձի ու կուսակցության վրա, միաժամանակ հանուն ճշմարտության ասեմ, այո, անցած ընտրություններին կար դիմադրություն, ճնշում ոչ միայն ԲՀԿ, այլ կուսակցությունների նկատմամբ եւս, մասնավորապես, շտաբերի տեղերի տրամադրման հետ կապված։ Հանուն ճշմարտության մթնոլորտային օդի մաքրություն կա հիմա՝ գողական, սպառնալիքներ, նման բան չկա։ Բայց ես չեմ էլ ուզում լավատեսորեն արձանագրել, որ ընտրությունների օրը այդ անդորրը կպահպանվի, մենք հավատում ենք վարչապետի հայտարարությանը, որ այս անգամ ընտրությունները կլինեն արդար ու թափանցիկ եւ հույս ունենք, որ ժողովուրդը կկարողանա իր ցանկությունը խաղաղ իրականացնել։

-Իշխող ուժն այդ ընտրատարածքում ներկայացրել է Սփյուռքի նախարարին, փոխնախարար կա նրանց ցուցակում, վարչական լծակների գործադրում, կամ նրանց՝ նախկին իշխանության սպասարկուների աջակցություն նկատե՞լ եք։

-Ես անձամբ չեմ նկատել, բայց կարծում եմ, որ այդ երեւույթը միշտ է եղել, երբ որոշ մարդիկ անկախ նրանից, թե ով է իշխանությունը եւ ինչպիսի գաղափարախոսություն ու ծրագիր ունի , սեփական անձի ապահովությունը, անձեռմխելիությունը նկատի ունենալով նպատակով՝ գնում են օրվա իշխանությունների հետեւից։ Ես այնուամենայնիվ չեմ կարող հիշատակել փաստ որ որեւէ մեկը ճամբարափոխության, այլ ճամբար ցատկելու փաստով պայմանավորված ինձ անհանգստություն է պատճառում։

-Պարոն Պետրոսյան, մի քանի օր առաջ դաշնամուրային ձեր կատարումը մեկնաբանվեց որպես քաղաքական դիվիդենտներ, քվեներ կորզելու քայլ, հանդիպումների ժամանակ էլ ինչպիսի՞ կրեատիվ միջոցների եք դիմել։

-Ով այդպիսի կարծիք է հայտնել, կտրված է մեր կյանքից, եթե դաշնամուր նվագելը ոչ պակաս զբաղմունք է, քան ասենք համասեռամոլություն քարոզելը, քան մարդկանց նկատմամբ բռնություն գործադրելը, ատելություն քարոզելը, դա նորմալ զբաղմունք է, իմ նախասիրություններից մեկն է եւ դա ցուցադրելը ամոթալի չէ։ Ովեր, որ այդ տեսանյութից հետո ինձ մեղադրել են ոչ վայել վարքագծի համար, ասեմ, որ դա ճիշտ հակառակն է։Ուղղորդված մեղադրանք ներկայացնողներին խորհուրդ եմ տալիս հետադարձ հայացք նետել, տեսնել իրենց մրոտ անցյալը, իրենց բանական կյանքի ընթացքում երբեք լուրջ բանի չեն ծառայել, եղել են գործիք  եւ իրենց ամբողջ կյանքում հարոցել են բարոյական օրենքների զայրույթը, մանուկ հասակից իրենք բարոյականության հետ լրիվ վերջնահաշվարկ են կատարել։ Այո, ես ոչ աշխատանքային ժամերին իմ ընտանիքում իմ նախասիրություններով եմ զբաղված, եթե ուրիշները իրենց կամ ուրիշների ընտանիքներում, վերգետնյա կամ վարգետնյա հաստատություններում ինչ որ բաներով են զբաղվում, որն իմանալով հասարակությունն իրենց չի ների, թող զբաղվեն իրենց կյանքով։