Արման Եղոյանի հայտարարությունները համաձայնեցվա՞ծ են վարչապետի հետ

Արման Եղոյանի հայտարարությունները համաձայնեցվա՞ծ են վարչապետի հետ

Վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանը հայտնվել է համընդհանուր ուշադրության կենտրոնում՝ նրա հայտարարությունները ոչ միայն հայ հասարակությունն է քննարկում, այլեւ ուրիշ երկրների պաշտոնյաների քննարկման առարկա են դրանք դառնում։

Երեք օր առաջ՝ այն բանից հետո, երբ Արման Եղոյանը հայտարարեց, թե Հայաստանը հանդես չի եկել դեկտեմբերի 6-ին ՀԱՊԿ գագաթնաժողովը հետաձգելու առաջարկով, նրան պատասխանեց ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան՝ Եղոյանի հայտարարության ձևն ու բովանդակությունը համարելով մտահոգիչ։ Իսկ Եղոյանն իր այդ հայտարարությամբ, ըստ էության, հերքել էր Պուտինի օգնական Յուրի Ուշակովի հայտարարությունը, թե՝ Հայաստանն է առաջարկել, որպեսզի գագաթնաժողովը հետաձգվի, քանի որ երկրում նախընտրական շրջան է։ 

Սանկտ Պետերբուրգում էլ Եղոյանը լրատվամիջոցների հետ զրույցում հերքել էր Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի հայտարարությունը, թե ՀԱՊԿ գագաթնաժողովը համարյա կայացել է, և երկրների ղեկավարները լուծել են գլխավոր քարտուղարի նշանակման հարցը՝ այն զբաղեցնելու է Բելառուսի ներկայացուցիչը։ Եղոյանն ասել էր, որ ՀԱՊԿ գագաթնաժողովը չի կայացել, ու որ Հայաստանի դիրքորոշումն այդ հարցում անփոփոխ է։ 

Մենք կապվեցինք վարչապետի մամուլի խոսնակի հետ եւ հարցրինք, թե իր այս հայտարարությունները, որոնցով մեկը մյուսի հետևից հերքում են նախ Պուտինի օգնականի, ապա Բելառուսի նախագահի ասածները, համաձայնեցվո՞ւմ են վարչապետի հետ, թե՞ Եղոյանն իր անձնական կարծիքն է հայտարարում։

«Վարչապետի մամուլի քարտուղարի խոսքը ամեն դեպքում պաշտոնական խոսք է, կարիք չկա դա առանձնահատուկ ճշտելու։ Պետության ղեկավարի մամուլի քարտուղարի դիրքորոշումը ցանկացած դեպքում արտահայտում է պետության դիրքորոշումը»,- ասաց Արման Եղոյանը։ 

Նկատի ունենալով Զախարովայի պատասխանը Եղոյանին՝ նրան ևս մեկ անգամ հարցրինք, թե, ի վերջո, ո՞ւմ էր պատկանում ՀԱՊԿ գագաթնաժողովը դեկտեմբերի 6-ին չանցկացնելու առաջարկը․ սկզբում Փաշինյանը նշել էր, որ Պուտինն է առաջարկել չանցկացնել, ապա Ուշակովն ասել էր, թե Հայաստանն է առաջարկել։ 

Արման Եղոյանն ասաց․ «Հայաստանի առաջարկը չէր, ես դա ասել եմ, դեկտեմբերի 6-ին գագաթնաժողովի անցկացումը հետաձգվել է, քանի որ կար ընկալում, որ կոնսենսուս, միևնույն է, չի լինելու։ Այս մասին վարչապետը ասել է դեկտեմբերի 2-ին, լրագրողների հետ զրույցում, և Դուք կարող եք հղում անել վարչապետի այդ հայտարարությանը»։