Անվճար ավիատոմսեր Մոսկվայից․ գործարարները պատրաստ են իրենց հաշվին ընտրողներ տեղափոխեն Հայաստան 

Անվճար ավիատոմսեր Մոսկվայից․ գործարարները պատրաստ են իրենց հաշվին ընտրողներ տեղափոխեն Հայաստան 

Մոսկվաբնակ գործարարներ, որոնց անունները մեզ՝ հայաստանցիներիս ոչինչ չեն ասում, Լիլիթ Կարապետյանն ու  Արտյոմ Վարդանյանը ՌԴ-ում բնակվող  քաղաքացիներին որոշել են նախընտրական նվեր անել։ Երեկ երեկոյան նրանք հայտարարել են, որ պատրաստ են ինքնաթիռի տոմսեր գնել նրանց համար, ովքեր ցանկանում են մասնակցել ԱԺ արտահերթ ընտրություններին, իրենց քաղաքացիական պարտքը կատարել, բայց ֆինանսական խնդիրներ ունեն։ «Եթե տոմս է պետք, զանգիր +79100007060 համարով», - գրված է հայտարարության մեջ, որն արդեն թևածում է համացանցում։ Ակցիայի կազմակերպիչները զգուշացնում են, որ խարդախներն անմիջապես բացահայտվելու են։ 

Արտյոմ Վարդանյանը «Հրապարակի» հետ զրույցում հայտնեց, որ այս պահի դրությամբ մոտ 300 մարդ է արձագանքել։ «Հենց հիմա էլ շարունակում ենք զանգեր ստանալ», - ասաց նա։ Իսկ հարցին, թե ինչպես պետք է բացահայտեն խարդախներին, պատասխանեց․ «Մենք դրա ձևը գտել ենք, մենք գումար չենք տրամադրում, այլ ընդամենը ավիատոմս ենք տրամադրում, պայմանով, որ եթե քաղաքացին ցանկանա այն հանձնել դրամարկղ, նրանից հետ չընունեն այդ տոմսը։ Այսինքն, մարդը չի կարող գումարը վերցնել ու այլ նպատակներով օգտագործել։ Մեր ցանկությունն է հնարավորություն տալ քվեարկելու նրանց, ովքեր չունեն հնարավորություններ Հայաստան հասնելու»։

Բայց չ՞է որ ցանկացողների թվում կլինեն նաև այնպիսիք, որոնք ուզում են ոչ թե քվեարկել, այլ հասնել Հայաստան, բայց փող չունեն։ «Դե, եթե նրանք այդ ավիատոմսով գան այդտեղ ու չքվեարկեն, մենք կհամարենք, որ զուտ բարեգործություն ենք կատարել մեր հայրենակիցների համար ու օգնել ենք նրանց հայրենիք վերադառնալ»։

Արտյոմ Կարապետյանը կոնկրետ տեղեկություններ չհայտնեց, թե որքան գումար են նախատեսել բարեգործության համար, քանի քաղաքացու կարող են ուղարկել Երևան։ «Եթե մենք այս ակցիան ծրագրել ենք, ուրեմն, պատրաստ ենք գումար ծախսել։ Չգիտեմ, քանի մարդ կցանկանան՝ 1000 մարդ կարող է լինել, ավելին»։ Լիլիթ Կարապետյանի մասին նա ընդամենը ասաց, որ նա գործարար կին է, բարեգործ։«Տաշիր Գրուպի» սեփականատեր սամվել Կարապետյանի հետ ոչ մի կապ չունի։

Հիշեցնենք, որ Մոսկվայից Հայաստան ինքնաթիռով հասնելու համար մեկ անձի պետք է ամենաքիչը 200 դոլար։ 1000 մարդու համար 200 հազար դոլար է պետք, եթե, իհարկե, գործարարները ճիշտ են ասում։