ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի ասելիքը սպառվել է

ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի ասելիքը սպառվել է

Ավարտվող քարոզարշավն ամփոփելու նպատակով զրուցեցինք հրապարակախոս Արա Նեդոլյանի հետ 

- Ավարտվում է քարոզարշավը։ Ի՞նչ առանձնահատկություններ ուներ այն այս անգամ, ի՞նչ տվեց այն մեր քաղաքական մշակույթին։ Արդյոք բովանդակայի՞ն էր, եւ ներկայացվո՞ւմ էին կուսակցությունների ծրագրերը։ 

- Քարոզարշավն անսպասելի ակտիվ էր, չիրականացավ այն մտավախությունը, որ քաղաքական ուժերը մինչեւ դեկտեմբեր ինչ-որ բան չեն հասցնի: Իհարկե, գլխավորն այս անգամ ընտրողների մեծամասնության համար հասկանալն էր, թե ինչ է իրենից ներկայացնում հիմնական մասնակիցը՝ «Իմ քայլը» դաշինքը, եւ այդ առումով, կարծում եմ, սպասումներն արդարացան: «Իմ քայլը» կարողացավ ներկայանալ իբրեւ բանական ուժ, որը, դարձյալ, հակված է ոչ այնքան հանրությանը ներկայացնել իր պատկերացումը, որքան հաշվի առնել մարդկանց կամքը, գտնվել բաց հաղորդակցության ռեժիմում: Այս առումով, իհարկե, նոր գաղափարների աղբյուրը հենց կենտրոնական քաղաքական ուժն էր եւ ոչ իր մրցակիցները: Մրցակիցների առումով տեսնում ենք երկու նոր կուսակցություն՝ «Քաղաքացու որոշումը», «Սասնա ծռերը», որոնք դեռեւս կարող են միայն նախանշել իրենց հնարավոր ապագա գաղափարական դիրքը՝ հաջորդ ընտրություններին ներկայանալու հաշվարկով, եթե, իհարկե, այդ ժամանակաշրջանում կարողանան զարգացնեն ու ամփոփել իրենց քաղաքական դեմքը, ծրագրային դրույթները, տարբերվող ռազմավարությունը: Առայժմ դրանք դեռ միայն նախագիծ են: Հին կուսակցությունները՝ ՀՀԿ, ՀՅԴ, ԲՀԿ, սպասելիորեն չեն ներկայացնում նոր տեքստ, իրենց ասելիքը սպառվել է, թեեւ Գագիկ Ծառուկյանի դեպքում նկատվում է նոր խոսքի ինչ-որ փնտրտուք, որը հայտնի չէ՝ կբերի՞ մյուս ընտրություններին որեւէ արդյունք, թե՞ ոչ: Օբյեկտիվորեն Հայաստանին պետք է բիզնեսի շահերը ներկայացնող կուսակցություն, տեսնենք՝ կկարողանա՞ արդյոք ԲՀԿ-ն կենտրոնանալ այդ դերի վրա եւ կատարել այն:

- Ասում եք՝ Փաշինյանի քաղաքական ուժի մրցակիցները ՔՈ-ն ու «ծռերն» են, բայց այն, որ Փաշինյանի քարոզչությունը կառուցված է բացառապես ՀՀԿ-ի դեմ, արդյոք չի՞ նշանակում, որ, այնուամենայնիվ, նրանց են դիտարկում հիմնական մրցակից։ 

- Այս ընտրությունները նախկին իշխանությունից եւ իրենց բարքերից ու մտածելակերպից ազատվելու խոշոր, ամփոփիչ իրավաբանական քայլ են: Այդ առումով բնական է, որ իրենք են «Իմ քայլի» քարոզչության թիրախը: 

- Կոշտ տոնայնություն, կրկին «սեւ ու սպիտակի» բաժանում, ՀՀԿ-ն ասում էր՝ ատելության խոսք։ Նաեւ որոշ պատգամավորության թեկնածուներ, որոնք իրենց հայտարարում են ընդդիմություն, հրավիրվեցին ԱԱԾ, ոստիկանություն, արդյոք հետագայում ԺՀՄԻԳ եւ այլ զեկույցներում այս ամենը Հայաստանին չի՞ հիշեցվի։

- Կարծում եմ՝ վերաբերմունքը դեռ բավականին մեղմ է իրավաբանական առումով, նախկին իշխանությունը ներկայացնող բազմաթիվ հանցագործները դեռ ազատության մեջ են եւ անգամ մասնակցում են քաղաքական գործընթացին: Իսկ քարոզչության տեսակետից իրենց անմիտ թրոլինգով նրանք վերջնականապես խրտնեցնում են հասարակությանը, վերջին անգամ (հուսով եմ) ի ցույց դնում իրենց անմարդկային դեմքը: 

- Գաղտնալումներն արդյոք նախընտրական քարոզարշավի մա՞ս են։

- Թեեւ համաձայն եմ Նիկոլ Փաշինյանի այն տեսակետին, որ դրանք ոտնձգություն են պետականության դեմ, բայց պարադոքսալ կերպով, այո, դա էլ է քարոզարշավի մաս, ինչքան բաց ես ու թափանցիկ, այնքան քիչ պատճառ ունես գաղտնալսումից վնաս կրելու:

- Այս անգամ քարոզարշավը ներառեց նաեւ նախկինում տաբու հանդիսացող այնպիսի բաներ, ինչպիսիք էին Արցախյան պատերազմի ժամանակ Օմարի բարձունքի գրավումը, շրջանների ազատագրումը, Ղարաբաղը ծախելը եւ այլն։ Նման շահարկումներ նախկինում չէին եղել, հիմա կան։ Ինչո՞ւ։

- Երեւի, որովհետեւ ազատ քարոզարշավում չի լինում տաբու: Կոնկրետ չեմ հետեւել այդ թեմաներին, ընդհանուր առմամբ, կարծում եմ, այստեղ փորձ էր արվում շահարկել Ղարաբաղը, պատերազմը, կարգավորումը իբրեւ թե մեր կյանքի հիմնահարց: Մինչդեռ հիմնահարցը, իմ համոզմամբ, այլ տեղ է՝ անարդյունավետ ու անարդար տնտեսական կյանքի կառուցվածքում, անարդյունավետ ու անարդար պետական ու հանրային, ոլորտային կառավարման մեջ, սնանկ ու ժամանակավրեպ մշակույթում, որպես հետեւանք՝ երկրի արտաքին դրսեւորման ինքնիշխանության պակասում: Հենց այդ հարցերն է լուծման ընթացքի մեջ դրել մեր հեղափոխությունը: