Այն, ինչ արեցին գործընկերներս, սկզբունքայնության ու պատվախնդրության դաս էր բոլորի համար

Այն, ինչ արեցին գործընկերներս, սկզբունքայնության ու պատվախնդրության դաս էր բոլորի համար

«Մի´զանգեք մեզ, տարբեր կողմերի պարոնա´յք, պարզապես մի´ զանգեք։ Այս էժան խաղում մենք չկանք։

Եթե դուք ի վիճակի չեք քաղաքակիրթ լուծումներ գտնել, ապա մենք ձեզ համար գործիք չենք։ Մենք մտահոգ ու հիասթափված հետեւում ենք՝ ինչ եք դուք անում։ Մենք լուռ կսպասենք: Բայցեւ հաստատ ամեն ինչ կանենք իրական նոր Հայաստանի համար»։ 

Սա ՀՀԿ խմբակցության 4 պատգամավորի՝ Սամվել Ֆարմանյանի, Արման Սաղաթելյանի, Միհրան Հակոբյանի եւ Կարեն Բեքարյանի արած հայտարարությունն է դեռ հոկտեմբերի սկզբին։ Սրանով նրանք նաեւ հրաժարվեցին մասնակցել այս ընտրություններին։ Բացի այդ, Սամվել Ֆարմանյանը, ով ՀՀԿ գործադիր մարմնի անդամ է, իրենց կուսակցության նիստում դեմ էր արտահայտվել ՀՀԿ-ի մասնակցությանն այս ընտրություններին։ 

Ֆարմանյանը երեկ մեզ հետ զրույցում շատ խորհրդավոր ասաց, որ կգա ժամանակը, երբ մանրամասն կներկայացնի այն բոլոր փաստարկները, որոնց վրա հիմնվելով՝ համարել է, որ ստեղծված իրավիճակում ՀՀԿ-ն ճիշտ կլիներ՝ չմասնակցեր արտահերթ ընտրություններին։ Բայց կոռեկտ չի համարում այդ մասին խոսել այսօր։

«Այդուհանդերձ, ես ՀՀԿ ԳՄ նիստերի ժամանակ բերել եմ իմ փաստարկները, ասել եմ, որ, ունենալով իմ կարծիքը, ես հարգանքով եմ մոտենում հակառակ՝ մասնակցության օգտին բերվող կարծիքին, որն ունեցել է ԳՄ անդամների ճնշող մեծամասնության աջակցությունը։ Եվ ես բարի երթ եմ մաղթել իմ գործընկերներին այս ընտրություններում։ Եվ այսօր, որպես քաղաքական գործընթացներին հետեւող դիտորդ, կարող եմ ասել, որ նախընտրական քարոզչությունն իսկապես կտուժեր առանց ՀՀԿ-ի մասնակցության։ Եվ ես ցանկանում եմ անկեղծորեն բարձր գնահատել իմ գործընկերների քաղաքական հասունությունը, պատրաստվածությունը, նաեւ քաղաքական արիությունն ու սկզբունքայնությունը՝ կուսակցության համար ստեղծված ոչ միանշանակ, շատ բարդ քաղաքական իրավիճակում՝ իրենց վրա կրելու այդ մեծ պատասխանատվությունը։ Այն, ինչ արեցին իմ գործընկերները, սկզբունքայնության ու պատվախնդրության դաս էր բոլորի համար»,- ասաց պարոն Ֆարմանյանը։

- Եթե հիմա ասում եք, որ կտուժեր նախընտրական քարոզչությունը, ուրեմն գուցե փոխե՞լ եք Ձեր կարծիքը, որ ամեն դեպքում ճիշտ էր, որ մասնակցեր ՀՀԿ-ն։

- Ոչ, ես կրկնում եմ, որ ես ունեցել եմ իմ անխախտ կարծիքը, ինչի հիմքում ընկած են շա՜տ ծանրակշիռ փաստարկներ, թե ինչու եմ ես համարել, որ ՀՀԿ-ն չպետք է մասնակցեր այս ընտրություններին։ Բայց փաստարկների մասին ես այժմ չեմ խոսի, որովհետեւ դա քաղաքական կոռեկտության եւ գործընկերության իմ պատկերացումների սահմաններից դուրս է։ Վստահաբար՝ կգա դրա ժամանակը, եւ ես ինձ ավելի ազատ կզգամ այդ մասին խոսելու։

- Ի դեպ, Դուք մի քանի ընկերներով մշտապես առանձին խմբակցություն ասես լինեիք ՀՀԿ-ի ներսում։ Ասում են՝ դուք Միքայել Մինասյանի թեւն եք, եւ նա առանձին գիծ է տանում։

- Գիտե՞ք, ցանկացած իշխանություն իր մեջ ներառում է նաեւ տարբեր հայացքներ ունեցող մարդկանց եւ խմբերի, եւ դա նորմալ է։ Տեւական ժամանակ հայկական քաղաքական միջավայրում խոսվել է, քննարկվել է սերնդափոխության անհրաժեշտության խնդիրը։ Եվ, հավանաբար, նաեւ դրանով է պայմանավորված, որ շատ դեպքերում ԶԼՄ-ները կամ առանձին փորձագետներ ու քաղաքական գործիչներ փորձել են հիմնականում տարբեր սերունդներ ներկայացնող թիմերի կամ առանձին անհատների միջեւ փնտրելու, գտնելու ոչ միայն տարբերություններ նրանց հայացքների միջեւ, այլ նաեւ հակասություններ։ Տեսեք, ապրիլ-մայիսյան իրադարձությունները, ապա նաեւ այս արտահերթ նախընտրական գործընթացը, ըստ էության, եկան արձանագրելու, որ Հայաստանում տեղի է ունեցել քաղաքական սերնդափոխություն, ինչն ամբողջության մեջ միանշանակ դրական գնահատականի է արժանի։ Ինչ էլ ասենք, ավագ սերունդն իր գործն արել է ու արել է փառքով՝ Արցախի ազատագրում, անկախ պետականության հռչակում եւ լավ թե վատ՝ պետականաշինության զիգզագաձեւ ընթացք։ Հիմա արդեն նոր սերնդի հերթն է ապացուցելու այդ ամենի արժանի շարունակողն ու առաջ մղողը լինելու իր իրավունքը։ Գալով ՀՀԿ-ի մասնակցությանն ու ապագա դերակատարությանը՝ անկեղծ, ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Իմ քայլը» դաշինքն ու ՀՀԿ-ն նախընտրական այս քարոզարշավում ստեղծեցին սիամական երկվորյակի տպավորություն։

- Ասես պասերով իրար հետ խաղում են եւ դաշտը վերցրել են իրենց  ձեռքը։

- Ես դա չեմ կարող բնորոշել «խաղ» բառով, բայց այն, որ քարոզչության հիմնական կողմերն իրենք էին, դա ակնհայտ էր։ Եվ ես կարծում եմ, որ ՀՀԿ-ի ներկայությունը խորհրդարանում, միանշանակ, արժեքավոր կլինի հատկապես Նիկոլ Փաշինյանի համար՝ որպես ապագա իշխանություն։ Այսօր նման քաղաքական մթնոլորտում, քաղաքական համակարգի դեֆորմացիայի պայմաններում ունենալով միանշանակորեն անփորձ եւ ճարահատյալ քաղաքական թիմ, զրկվել նաեւ ՀՀԿ ֆրակցիայի ներկայությունից խորհրդարանում, դա, վստահաբար, դրական ազդեցություն չի ունենա նույն Նիկոլ Փաշինյանի իշխանության համար։

- Այդ դեպքում ինչո՞ւ չէիք ուզում, որ մասնակցեր ՀՀԿ-ն, եթե նման հեռանկար եք տեսնում Ազգային ժողովում։ Ինչո՞ւ չէիք ուզում «լավություն» անել ապագա խորհրդարանին։

- Խոսքը որեւէ մեկին լավություն կամ վատություն անելու մասին չէ։ Ի դեպ, թե ես կամ մենք ինչով կզբաղվենք ապագայում, այս պահին անոնսելու կամ խոսելու ամենաճիշտ ժամանակը չէ։ Կարող եմ վստահեցնել, որ դուք ինձ եւ ձեզ ծանոթ շատերին կտեսնեք քաղաքական գործընթացներից ոչ հեռու, բայց ինչպես, երբ եւ ինչ ժամկետներում, դրա մասին կխոսենք ճիշտ ժամանակին, երբ նաեւ այդ հարցերի պատասխանները կբյուրեղանան։ 

- Հնարավո՞ր է ձեր թեւով առանձնանաք եւ քաղաքական նոր պրոցես սկսեք ընդդեմ նոր իշխանությունների։

- Գիտե՞ք, ես չեմ կարծում, որ պետականության զգացում եւ բավարար ինքնագնահատական ունեցող քաղաքական որեւէ գործիչ կարող է երբեւէ ընդդեմ ինչ-որ մեկի գործունեություն ծավալելու մոտիվացիա ունենալ։ Դա իմը չէ։ Դա մերը չէ…միանշանակ։

- Ձերը չէ, բայց ՀՀԿ-ինն է, որն այսօր հավակնում է լինել թիվ մեկ ընդդիմությունը՝ իշխանությանը հակադիր ճամբարում։ Դուք էլ կարող եք ձեր թեւով նույնն անել։

- Եկեք իրադարձություններից առաջ չընկնենք։ Թող ժամանակը բոլոր հարցերի պատասխանը տա։