Ի՞նչ է լինելու չընդունված նախագծերի եւ պետաիրավական հարցերի հանձնաժողովի ճակատագիրը

Ի՞նչ է լինելու չընդունված նախագծերի եւ պետաիրավական հարցերի հանձնաժողովի ճակատագիրը

ԱԺ վերջին նիստերին խորհրդարանում ամայություն էր: Պատգամավորների աշխատասենյակները դատարկ էին կամ փակ: Նիստերի դահլիճից հնչող բանավեճերի փոխարեն միջանցքներից շինարարության ձայն էր լսվում, քանի որ Ազգային ժողովն արդեն քանի ամիս է՝ վերանորոգման մեջ է, եւ այն ոչ մի կերպ չի ավարտվում:

Չորս ժամը մեկ պատգամավորներին դահլիճ էին հրավիրում՝ ինչպես պահանջում է «ԱԺ կանոնակարգ» օրենքը, որ քվորում ապահովվի, եւ նիստ անեն․ օրակարգում իշխանությունների համար մի կարեւոր հարց կար՝ Արամ Հարությունյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը, որը պետք է հորով-մորով անել մինչեւ դեկտեմբերի 9-ը՝ ընտրությունների օրը, սակայն պատգամավորների բավարար քանակ այդպես էլ չհավաքվեց՝ բոլորն ընտրարշավի մեջ են կամ «հավես չունեն» նիստի գալու լուծարված խորհրդարանում, կամ մտածված չեն գալիս, որ իրենցից մեկին «հանձնելու» պրոցեսին չաջակցեն։

Ամենապարտաճանաչ պատգամավորներից մեկը՝ ՀՀԿ խմբակցությունից Ռուստամ Մախմուդյանը, երկու օր շարունակ գալիս գրանցվում է, խորհրդարանում մի քանի ժամ մնում եւ հեռանում։ Մի պահ ճաշարանում նկատեցինք նաեւ Կարեն Բեքարյանին՝ ՀՀԿ խմբակցությունից։ Մախմուդյանը, որն ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է, նաեւ նախագիծ ուներ հեղինակած, որ պետք է զեկուցեր, բայց նախագիծն այդպես էլ մնաց։ Հաջորդ խորհրդարանում ինքը չի լինելու՝ որեւէ ցուցակում ընդգրկված չէ, իր նախագծերն էլ, Աստված գիտե՝ որեւէ մեկը նորից օրակարգ կմտցնի՞, թե՞ ոչ։ Հարցրինք նրան՝ ի՞նչ է լինելու այն նախագծերի ճակատագիրը, որոնք այս գումարման խորհրդարանում նիստ չգումարվելու պատճառով չեն քննարկվել, տեղափոխվելու են հաջորդ խորհրդարան, այնտե՞ղ են արդեն քննարկվելու։  

«Ոչ, դա այդպես չէ, նկատի ունենալով 6-րդ գումարման 4-րդ նստաշրջանի նիստերի ժամանակացույցը, տրամաբանությունը՝ սա համարվում է 6-րդ գումարման 4-րդ նստաշրջանի վերջին քառօրյան։ Այսինքն, նույնիսկ եթե արտահերթ ընտրությունները տեղի չունենային, ապա կստացվեր, որ 6-րդ գումարման 5-րդ նստաշրջանը հունվարից պիտի սկսվեր։ Իսկ ինչ վերաբերում է օրենքի նախագծերին, այն բոլոր նախագծերը, որոնք դրվել էին շրջանառության մեջ, որոնք օրակարգերում ընդգրկված էին, դրանք մեխանիկորեն չեն տեղափոխվում հաջորդ գումարման Ազգային ժողով, դրանք, շրջանառությունից դուրս գալով, կարող են կրկին անգամ բերվել, իսկ այն պատգամավորները, որոնք որ հեղինակել են, իրենք այլեւս պատգամավորներ չեն, այդ նախագծերն ամբողջապես օրակարգից դուրս են գալիս»,- ասաց պարոն Մախմուդյանը։

- Երկրի անվտանգությունը չի՞ խաթարվում։ Դիցուք՝ Դուք ունեք կարեւոր նախագիծ, որը ցանկալի է, որ շուտ ընդունվի, բայց քանի որ Դուք այլեւս պատգամավոր չեք լինելու, հաջորդ խորհրդարանում էլ որեւէ մեկի մտքով չի անցնի այդ նախագծին անդրադառնալ, այստեղ խնդիր չի՞ առաջանա։

- Դուք ճիշտ եք ասում տրամաբանական տեսանկյունից, բայց ԱԺ կանոնակարգ կարգավորումներն են այդպիսին, եւ եթե այն նախագծերը, որոնք ներկայացվել են իմ կամ իմ մյուս գործընկերների կողմից, եւ եկող գումարման խորհրդարանի պատգամավորներն իրենք իրենց սեփական մոտեցմամբ կհամարեն, որ դրանք կարեւոր են, ապա կարող են կրկին շրջանառության մեջ դնել իրենց իսկ հեղինակած եղանակով։

- Իսկ չե՞ք փոշմանել, որ չեք առաջադրվել որեւէ ցուցակում։

- Բացարձակ, ես նույնիսկ ասեմ, որ հիմա շատ ավելի ուրախ եմ, որ չեմ առաջադրվել, ու գտնում եմ, որ այս պահին կարծես թե ճիշտ ժամանակն էր չառաջադրվելը։

- Դուք պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ էիք, այս հանձնաժողովն ԱԺ երեւի թե ամենակարեւոր, լոկոմոտիվային հանձնաժողովն է, որտեղ Դուք, Գեւորգ Կոստանյանը… Մտահո՞գ եք այս հանձնաժողովի ճակատագրով, ինչպե՞ս եք պատկերացնում այն։

- Մտահոգ լինելն այս պահին խիստ հարաբերական է, որովհետեւ մենք դեռեւս չգիտենք՝ որ քաղաքական ուժերը կանցնեն խորհրդարան, եւ ինչպիսի կազմ է լինելու։ Բայց, այնուամենայնիվ, իմ՝ մոտավորապես այս 2 տարիների աշխատանքն այս հանձնաժողովում մեկ անգամ եւս վկայեց եւ ապացուցեց, որ, չնսեմացնելով ԱԺ մյուս հանձնաժողովների աշխատանքը, պետաիրավական հարցերի հանձնաժողովը հանդիսանում է այն շոգեքարշը, այն մեկնակետը, որով շարունակվում եւ այդպես հերթականությամբ գնում են մյուս բոլոր հանձնաժողովները։ Ես կցանկանամ նախ հաջողություններ առաջիկայում ձեւավորվելիք խորհրդարանի պատգամավորների աշխատանքներին, բայց ե՛ւ իմ ցանկությունն է, ե՛ւ նաեւ ժամանակի հրամայականը, որ առնվազն պետաիրավական հարցերի հանձնաժողովը համալրվի որակյալ իրավաբաններով, որակյալ կադրերով, ճանապարհ անցած անձանցով, որոնք կունենան ոչ միայն լավ տեսական գիտելիքներ, այլ նաեւ այն կենսափորձն ու ճանապարհը, որը կնպաստի ՀՀ քաղաքացիների շահերից բխող որակյալ օրենսդրական ակտերի ընդունմանը։ Ինքներդ շատ լավ գիտեք, որ պետաիրավական հարցերի հանձնաժողովի վրա շատ լուրջ առաքելություն է դրված՝ սկսած Ազգային ժողովի կողմից նշանակվող պետական մարմինների մեծ մասի թեկնածուների առաջադրումից, վերջացրած հասարակական կյանքի, հանրային, իրավական ոլորտի հարաբերությունները կարգավորող օրենսդրական ակտերի վերաբերյալ եզրակացություններով։

- Ասում են՝ երբեմն պետաիրավականն ու նրա նախագահն ավելի բարձր դիրք ունեն, քան արդարադատության նախարարությունն ու նախարարը, քանզի նախարարն է հաճախ հաշվետու լինում այս հանձնաժողովին։

- Ոչ միայն հաճախ, այլ շատ ավելի հաճախակի, որովհետեւ միշտ պետաիրավական հարցերի հանձնաժողովի կարեւորությունն ու դերակատարությունը ես համեմատում եմ իրավունքի սկզբունքների հետ, որոնց հիմքում դրված է օրինականության սկզբունքը։ Օրինականության սկզբունքը երբեմն կոչվում է սկզբունքների սկզբունք։ Նույնը՝ պետաիրավական հարցերի հանձնաժողովը, այսպես ասած, հանձնաժողովների հանձնաժողովն է։