Ով և ինչի համար է ստացել  զսպող ապտակ

Ով և ինչի համար է ստացել  զսպող ապտակ

«Չենք ներխուժել«Մենք» դաշինքի շտաբ, մեզ հրավիրել են»,- «Հրապարակին» ասաց ռեյտինգային թեկնածու, Նիկոլ Փաշինյանի խորհրդական  Մեսրոպ Պապիկյանը։

Նա ասաց, որ հրավերը եղել է «Մենք» դաշինքի թեկնածու Արտակ Զեյնալյանի կողմից, երբ ոստիկանություն ահազանգելուց հետո գնացել են «Մենք» -ի շտաբի մոտակայք, որտեղ հանդիպել են Զեյնալյանին, բացատրել իրողությունը, որից հետո նա ասել է՝ գնացեք շտաբ։

Հիշեցնենք, որ երեկ «Մենք» դաշինքը տեղեկացրել էր, որ Մեսրոպ Պապիկյանը ոստիկանության աշխատակիցների և մի խումբ անհայտ անձանց հետ ներխուժել է «Մենք» դաշինքի կենտրոնական գրասենյակ և փորձել հաշիվներ մաքրել: Վերջիններս անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել գրասենյակում գտնվող անձանց հանդեպ, առանց որևէ թույլտվության նկարահանել են գրասենակում եղած աշխատանքային քարտեզները, որոնց վրա պատկերված են  դաշինքի երթուղիները, քարոզչական նյութերը։

Մեսրոպ Պապիկյանն ասում է, որ նման բան չի եղել։Ավելի վաղ կայքերից մեկին նա հայտնել էր, թե  ինչից է սկսվել այս պատմությունը․իր թիմի անդամը պաստառներ էր փակցնելիս եղել  Նոր Նորքի 6-րդ զանգվածում, երբ նկատել է, որ իր պաստառները փչացնում են, մոտեցել էր  նրանց, ովքեր դա արել են ու ենթարկվել հարձակման։ Սույն անդամի  ձեռքից հեռախոսը ընկել էր գետնին, երեսին էին  հարվածել:

«Մենք» դաշինքի շտաբի համակարգող Ստեփան Աթաշյանը մեզ հետ զրույցում հերքում է Պապիկյանին։ Ըստ նրա՝ հերթական, թիմային քարոզչության ժամանակ (թիմի կազմում եղել են նաև ԱԺ պատգամավորի թեկնածուներ, կանայք, երեխաներ) «Մենք»   կողմից քարոզչություն իրականացնող խմբին մեքենայով մոտենում է անհայտ անձ և բացատրություններ պահանջում Մեսրոպ Պապիկյանի քարոզչական նյութերը փչացնելու համար, ցուցաբերելով բացահայտ անհարգալից պահվածք ներկաների նկատմամբ։ 

Ըստ այդմ՝ ըստ Ստեփանի խումբը փորձել է բարեխղճորեն բացատրել, որ դժգոհության հասցեատերը իրենք չեն։  Խոսակցության ընթացքում վերոնշյալ անձը, կանանց և երեխաների ներկայությամբ, վիրավորական խոսքեր է ասել,  ինչի համար ստացել է «զսպող» ապտակ։
Այսինքն՝ ծեծի, հարձակման և նմանատիպ հայտարարությունները մերկապարանոց են։
Ապա՝ դեպքից մի քանի ժամ անց Ստեփանը  ստացել է  տեղեկություն, որ շտաբի ներքին բակում, հարակից տարածքում կուտակված են անհայտ անձիք և ոստիկանական խմբեր և որ  շտաբի տարածքում է գտնվում Պապիկյանը,  ում հետ անձնական հեռախոսային զրույցի ժամանակ խնդրել էր  ոչինչ չ՛ձեռնարկել մինչև  կգա շտաբ։ 

«Տեղ հասնելուն պես փորձեցի  պարզել, թե ինչ է կատարվում և ինչ նպատակով են ժամանել բազմաթիվ ոստիկանները։ Մինչ ես փորձում էի ծանոթանալ իրողություններին, որոշ անձիք  առանց իմ թույլտվությամբ և գիտությամբ, առանց շտաբի անդամների ուղեկցության ներխուժեցին շտաբի տարածք, զուգահեռաբար նկարահանելով մասնագիտացված ֆոտո/վիդեո խցիկներով, որի թույլատվությունը նույնպես չունեին։ Նրանց ետևից շտաբ մտա ես և փորձեցի կասեցնել նրանց անօրինական գործողությունները, անձանցից մեկը ով բացահայտ անհարգալից և սադրիչ վերաբերմունք էր ցուցաբերում շտաբի անդամների հանդեպ,  իմ կողմից ստացավ տարածքը լքելու կոշտ պահանջին և միայն ոստիկանության աշխատակիցների ուշացած միջամտությունից հետո հաջողվեց հեռացնել շտաբից այդ ոչ ակեդկատ անձնավորությանը»,-պատմեց Ստեփանը։
Նա հավելում է, որ Մեսրոպին ճանաչում է վաղուց և որպես պարկեշտ անձ։ Ավելին՝ ներքին համոզմունք ունի, որ Մեսրոպ Պապիկյանն ինքը նման հանձնարարական չի տվել և նրան սույն ոչ ադեկվատի կողմից  մատուցվել է «արջի ծառայություն» ։

Մեսրոպ Պապիկյանն ասում է, որ նման բան չի եղել, իր հետ ոչ ադեկվատ մարդիկ չեն եղել և ոչ մի նման բան, ինչպես նկարագրված է, չի եղել։

«Մենք» դաշինքի պատգամավորության թեկնածու Անժելա Խաչատրյանն էլ պատախանելով հարցին, թե ինչ քայլեր են ձեռնարկելու, ասաց․Որևէ քայլ ձեռնարկելու կարիք չկա, ոստիկանություն ներկայացվել է համապատասխան հաղորդում, և հուսով ենք խնդիրը կհարթվի օրենքի շրջանակներում։ Մեզ համար նման գործոլաոճն անընդունելի է և մեր գործընկերներին իմ քայլից կոչ եմ անում իրենց թիմակցին հորդորեն զսպվածության և զերծ մնալ անտեղի լարվածություն ստեղծելուց » ։