Մերժել սուտը

Մերժել սուտը

Սուտն առհասարակ պետք է բացառվի քաղաքական գործիչների գործելաոճից։ Տարիներ շարունակ մեզ ներշնչել են, որ ամենալավ պաշտոնյան, քաղաքական գործիչը նա է, ով ամեն օր ստում է եւ չի բռնվում, ով կարողանում է սուտը ճշտի տեղ անցկացնել։ Մարդիկ նախանձով են նայել այն գործիչներին, ովքեր հմտորեն «ֆռռացրել» են հասարակությանը, այն բիզնեսմեններին, ովքեր վարպետորեն խաբել են գործընկերներին, անգամ այն վաճառողներին ու ծառայություններ մատուցողներին, ովքեր խաբել ու թալանել են իրենց գնորդներին-հաճախորդներին։ Մարդկային խելքի ու ճարպկության մասին պատկերացումները մեզանում հաճախ հանգել են դիմացինին խաբելու եւ մոլորեցնելու ունակությանը, ինչը քաղաքակիրթ աշխարհում համարվում է ամոթալի եւ աններելի։ Բայց մեր հասարակությունն էլ է փոխվում-զարգանում։

Հենց ստախոսությունն էր ընկած Սերժ Սարգսյանի՝ իշխանությունից հեռացման հիմքում՝ մարդիկ չմարսեցին տարիներ առաջ արված նրա հայտարարությունը, որ չի հավակնելու երրորդ ժամկետի եւ Սահմանադրության փոփոխությունները նախաձեռնում է բացառապես պետության շահերից ելնելով, սակայն հետո պարզվեց, որ վերջին 4-5 տարվա քրտնաջան աշխատանքն ուղղված էր միայն մեկ խնդրի՝ երկրի ղեկավարի կարգավիճակը պահպանելուն։ Մարդիկ չներեցին այդ մեծ սուտը։ Իսկ երբ չեն հանդուրժում մեծ սուտը, անպայման գալիս է նաեւ փոքր ստերը մերժելու ժամանակը։ Եվ բոլոր պաշտոնյաներն ու քաղաքական գործիչները պետք է ականջներին օղ անեն՝ հասարակությունը թույլ չի տալու, որ իրեն խաբեն՝ ո՛չ մեծ բաներում, ո՛չ՝ փոքր։ Ո՛չ իրենց ապագա պլանների, ո՛չ տնտեսական ցուցանիշների, ո՛չ բանակցային գործընթացի մանրամասների, ո՛չ հանրային բարեկեցության աճի՝ ոչ մի հարցում։ Ոչ մի հայտարարված խոստում չի մոռացվելու։ Ոչ մի երդում թույլ չեն տալու դրժեն։