Արման Եղոյանը հիմա էլ Լուկաշենկոյին է հերքում

Արման Եղոյանը հիմա էլ Լուկաշենկոյին է հերքում

Վերջին օրերին հայ-ռուսական հարաբերություններում կրկին անորոշություն է սկսել տիրել։ Ամեն ինչ սկսվեց նրանից, որ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում էլ ռուսական կողմն առաջարկել է ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի հարցը հետաձգել եւ լուծել աշխատանքային կարգով։ Այս հայտարարությունից շատ չանցած Կրեմլից  Յուրի Ուշակովը պարզաբանում է, որ ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի հարցը հետաձգվել է հայկական կողմի խնդրանքով, հաշվի առնելով Հայաստանում նախընտրական գործընթացները։ Երեւանից էլ հակադարձում են, թե Հայաստանը որեւէ մեկին որեւէ բան չի խնդրել, ինչը արդեն ԱԳ նախարարության խոսնակ Մարիա Զախարովայի մոտ է տարակույսների առիթ տալիս, ով բաց տեքստով հայտարարում է, որ Հայաստանի վարչապետի հայտարարությունների բովանդակությունն ու ձեւը սկսել են անհանգստություն առաջացնել։

Ինչպես «Հրապարակի» հետ զրույցում նկատել է «Ռեգնում» լրատվական գործակալության փորձագետներից Լեոնիդ Ներսիսյանը, իրավիճակն այսքան չէր թեժանա, եթե չհոլովվեր Պուտինի անունը։ Գուցեեւ ճիշտ է այս տեսակետը, քանի որ հասկանալի է՝ Կրեմլի համար մի փոքր անընկալելի է, երբ ասվում է ռուսական կողմի առաջարկով։ Մեծ Ռուսաստանը առաջարկի իր «փոքր եղբորը»՝ կայսերապետական փիլիսոփայության մեջ չի տեղավորվում։ Թեեւ իրականում էլ դժվար է ասել, թե ով է ում ինչ խնդրել կամ առաջարկել, կամ որն է ճիշտ, որը սխալ։ Գրեթե համանման իրավիճակ է գրանցվել նաեւ այսօր՝ ԵԱՏՄ գագաթնաժողովի ժամանակ։

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ գործնականում հաջողվել է լուծել ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի նշանակման հարցը, եւ ըստ բելառուսական «ԲԵԼՏԱ» լրատվական գործակալության, Լուկաշենկոն հավաստիացրել է, որ ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար կնշանակվի Բելառուսի ներկայացուցիչը։ «Մենք անսպասելիորեն գրեթե ՀԱՊԿ նիստ անցկացրինք: Եվ սկզբունքորեն կարգավորեցինք գլխավոր քարտուղարի նշանակման խնդիրը, ինչպես ժամանակին և հայտարարել էր Նուրսուլթան Նազարբաևը»,- ասել է մասնավորապես Լուկաշենկոն՝ մանրամասնելով, որ նշանակման որոշումը կստորագրեն երկրի ղեկավարները անհատական խորհրդակցություններից հետո, որոնք տեղի կունենան ամեն երկրի ղեկավարի հետ առանձին-առանձին:

Սակայն ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խոսնակ Արման Եղոյանը կրկին հերքել է, այս անգամ Լուկաշենկոյին, հայտարարելով, որ ՀԱՊԿ-ի հետ կապված նիստ չի եղել, ու Գլխավոր քարտուղարի հարցն էլ դեռ լուծված չէ։ Այստեղ մի փոքրիկ ճշտում։ Նախ Բելառուսի նախագահը չի ասել, որ եղել է ՀԱՊԿ-ի մասին նիստ, այլ ասել է, որ նույնիսկ իր համար անսպասելի եղել է գրեթե ՀԱՊԿ-ի նիստ, այսինքն հընթացս կարելի է ենթադրել, որ այս հարցին անդրադարձ է կատարվել եւ ինչ որ կոնկրետիկայի են հանգել անդամ պետությունների ղեկավարները, որն էլ ներկայացրել է։ Ի դեպ, սա 2018-ի վերջին նման հավաքն է եւ հաջորդը հատկապես ՀԱՊԿ մասով, արդեն լինելու է ենթադրաբար 2019-ին հունվար փետրվար ամիսներին։ Ու այս դեպքում, եթե նույնիսկ Արման Եղոյանը ճիշտ է, ինչը կասկածում են Մոսկվայում, երբ ասում են, թե Ուշակովի մեկնաբանությունները ճշգրտման կարիք չունեն, ապա նույնիսկ նման պայմաններում, եթե Երեւանն էլի պնդի էլ որ իր ներկայացուցիչը դառնա կրկին հարցը մտնելու է փակուղի եւ մի քանի ամիս էլի ձգձգվելու է մինչեւ բնականոն հունով Հայաստանի ռոտացիոն ժամկետն ավարտվի եւ հանձնվի Բելառուսին։