Արմեն Ավետիսյանը «տալիս է, որ պրծնի», իսկ Մայրապետյանից չեն վերցնում
Նախկին օլիգարխները, որոնք մեծ կարողության տեր են դարձել Սերժ Սարգսյանի իշխանության օրոք, իսկ նորերի ժամանակ հայտնվել են քրեական հետապնդումների կիզակետում, դեմ չեն իշխանությանն իրենց ունեցվածքի մի մասը զիջելուն։ Մաքսային ծառայության նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանը, որին ԱԱԾ-ն մեղադրում է ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու և փողերի լվացման մեջ, ինչպես հատնի է, 15-20 մլն դոլար արժողության Ծաղկաձորի իր «Գոլդեն Փելես» հյուրանոցը նվիրում է պետությանը։ Փաշինյանն իր նախընտրական ելույթներից մեկում հայտնել էր, որ Ավետիսյանի ընտանիքն այս քայլի է դիմել «հանրային որոշակի վերաբերմունք» ակնկալելով։
Իսկ Ավետիսյանն իր ընկերական շրջապատում ասել է, որ իրեն զզվացրել են, հյուրանոցը տալիս է, որ «պրծնի»։ «Տալ-պրծնելու» բախտին էլ է պետք արժանանալ։ Ոչ բոլոր խոշոր բիզնեսմեններից են «վերցնում», և նրանք նույնիսկ ճանապարհներ են որոնում, մարդ մեջ գցում՝ դա անելու համար։ Օրինակ, Սամվել Մայրապետյանը գոհ կլիներ, եթե իրենից իր անշարժ գույքի մի մասը վերցնեին։ Բայց քրեական հետապնդման մարմինները, որոնք նրան մեղադրում են «կաշառք ստանալուն օժանդակելու» մեջ /ՀՀ ՔՕ 38-311 հոդվածի հատկանիշներով/, բոլորովին այլ ակնկալիք ունեն Մայրապետյանից՝ որ նա ցուցմունք տա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ։ Մեր տեղեկություններով, Մայրապետյանի նկատմամբ «հանրային որոշակի վերաբերմունք» չի ցուցաբերվելու, իսկ օրերս էլ նրա նկատմամբ կալանքի ժամկետը երկու ամսով երկարացվեց՝ չնայած առողջական խնդիրներին եւ Հ2 հեռուստաընկերության կոլեկտիվի բազում դիմումներին։
Որքանո՞վ են հիմնավոր այս լուրերը։ Արդյո՞ք Մայրապետյանը պատրաստ է մաքսայինի նախկին պետի պես։ Սամվել Մայրապետյանի շահերի պաշտպան Կարեն Բատիկյանը գտնում է, որ իր պաշտպանյալին չի կարելի համեմատել փողերի լվացման, հափշտակությունների համար մեղադրվող պետական պաշտոնյաների հետ։ «Ինչ խոսք, եթե մարդը գտնվում է զրկանքների մեջ, բանտախցում, զնդանում, նրան ասեին՝ տանդ կեսը տուր, նա կտար։ Սակայն չեմ կարծում, որ նրան ասեն նման բան», - ասաց նա։
Իր պաշտպանյալի համեմատությունը Արմեն Ավետիսյանի հետ նախկին քննիչ ու դատախազ Կարեն Բատիկյանը տեղին չի համարում։ «Մայրապետյանը գործարար է, պետական պաշտոններ չի զբաղեցրել։ Նրա դեպքում մեղադրանքը ոչ հափշտակություն է, ոչ փողերի լվացում։ Անմեղության կանխավարկածը չեմ ուզում խախտած լինեմ, բայց ես որպես իրավաբան դեմ եմ, երբ պետական պաշտոնյաները ունեցվածքի մի մասը տան պետությանը, վերջանա, գնա։ Ստացվում է, մեկը գողություն է անում, գողոնի մի մասը նվիրում է պետությանը, գնում է, մնացածը վայելելու։ Քրեական իրավունքի առումով սա ճիշտ մոտեցում չէ», - ասաց Կարեն Բատիկյանը, որը 92 թվականից քննիչ է աշխատել, իսկ հետագայում՝ դատախազ։ Նա գտնում է, որ «տալ-պրծնելու» սկզբունքի կիրառումն ավելի ընդունելի է գործարարների դեպքում։ «Դա ավելի պետք է վերաբերի գործարարներին, որոնք մեղադրվում են տնտեսական հանցագործությունների համար, օրինակ, հարկերից խուսափելու դեպքերում։ ԱՄՆ արդարադատության մեջ կա դատական գործարք հասկացությունը, որը մանրամասն կարգավորված է օրենսդրությամբ»։
Ի վերջո, ի՞նչ կաշառքի մասին է խոսքը, ո՞ւմ է տրվել այն և ում է օժանդակել Սամվել Մայրապետյանը, ըստ քննիչների։ Ի պատասխան Կարեն Բատիկյանն ասաց, որ չի կարող նախաքննության գաղտնիքներ բացահայտել, բայց կարող է մոտավորապես ասել հետևյալը․«Գրել են, որ Մայրապետյանը կաշառք տվողին է օժանդակել։ Լավ, ընդունենք, օժանդակել է, բայց այդ մեղադրանքի համար վաղեմության ժամկետը լրանում է 2018 թվականի մայիսին, այն լռանալուց հետո ցանկացած քրեական հետապնդում համարվում է ապօրինի։ Եթե նայում ես այդ քրեական գործին, իրողություններ կան, որոնք այլ կերպ են մեկնաբանված։ Դրա համար պետք է լռել առայժմ։ Իմ քննչական պրակտիկայից կարող եմ ասել, որ պատահում է, երբ ինչ որ մեկը սուտ ինֆորմացիա է հայտնում, որը վերցնում են, դարձնում են պաշտոնական վարկած, սկսում են քննել։ Չեն կարող չքննել։ Կարծում եմ, սա հենց այդ դեպքն է»։
Ճի՞շտ է, որ Մայրապետյանից Քոչարյանի դեմ ցուցմունքներ են պահանջվում մարտի 1-ի գործով, ասում են, որ նա ֆինանսավորել է ցուցարարների վրա կրակողներին։ «Դրանք հորինվածքներ են։ Եթե դա լսեի հոկտեմբերից առաջ, մինչև Մայրապետյանին կալանավորելը, կասեի՝ հնարավոր է։ Բայց հաստատակամ կարող եմ ասել՝ դա վառ երևակայության արդյունք է։ Այս գործը մարտի մեկի հետ բացարձակ կապ չունի»։
Կարծիքներ