Արթուր Բաղդասարյանի հացի մեջ աղ չկա՝ իր հիմնադրածն իր դեմ է դուրս եկել

Արթուր Բաղդասարյանի հացի մեջ աղ չկա՝ իր հիմնադրածն իր դեմ է դուրս եկել

Հայաստանի Ֆրանսիական համալսարանի շրջանավարտների շահերն ու իրավունքները ներկայացնող «ՈւՖԱՌ շրջանավարտների ասոցիացիան» դիմում է ներկայացրել ԿԸՀ՝ «Օրինաց երկիր» կուսակցության նախընտրական պաստառն ապամոնտաժելու պահանջով, սակայն ԿԸՀ-ն մերժել է դիմումը՝ պատճառաբանելով, որ այնտեղ ներկայացված հարցը դուրս է ԿԸՀ լիազորությունների տիրույթից։ Բանն այն է, որ ՕԵԿ պաստառի վրա գրված է, թե Արթուր Բաղդասարյանը Ֆրանսիական համալսարանի հիմնադիրն ու նախագահն է, մինչդեռ «ՈւՖԱՌ» նախագահ Լենա Գյուլխասյանը պնդում է, որ Բաղդասարյանը համալսարանի հիմնադիրը չէ, քանի որ այն հիմնադրել են Հայաստանի Հանրապետությունն ու Ֆրանսիայի Հանրապետությունը։ Նա նաեւ բուհի նախագահը չէ, այլ հոգաբարձուների խորհրդի նախագահը, պաստառի վրա նշված շրջանավարտների քանակը Բաղդասարյանի գործունեության արդյունքը չէ, այսկերպ Բաղդասարյանը քաղաքականացնում է համալսարանը, իսկ շրջանավարտներին, առանց իրենց համաձայնության, ներգրավում քաղաքական պրոցեսների մեջ։ Գյուլխասյանին հարցրինք, թե նախքան ԿԸՀ դիմելն ու հայտարարություն տարածելը կապվե՞լ են կուսակցության հետ, նրանցից պարզաբանում ստացե՞լ են։ «Առաջին մեր քայլը եղել է դիմել հենց կուսակցությանը, մեր դիմումից հետո էլեկտրոնային տարբերակը հանեցին, իրենց ֆեյսբուքյան էջում էլ չկա այդ պաստառը, իսկ տպագիրի մասով խոսնակն ասաց, որ կհանվի ամսի 12-ին, երբ որ բոլոր պաստառները հանվում են»,- ասաց «ՈւՖԱՌ» նախագահը։

- Ֆրանսիական համալսարանի անունը մշտապես կապվել է Արթուր Բաղդասարյանի անվան հետ, չնայած որ հիմնադիրները ՀՀ-ն ու ՖՀ-ն են։ Ձեզ վնասո՞ւմ է դա, ձեր հեղինակության վրա ազդո՞ւմ է։

- Մենք չենք կարծում, որ դա մեզ վնաս է հասցնում կամ ինչ-որ նեգատիվ իմաստ ունի, պարզապես ասում ենք, որ ցանկացած քաղաքական ուժ էլ իրավունք չունի վերցնել շրջանավարտներին  ու իր լոգոն վրան դնել, դա սխալ է։ Բուհն ապաքաղաքականացված կառույց է, ու վերցնել լոգոն վրան դնել, մենք կարծում ենք, որ էթիկայի առումով սխալ է, ու բուհի կանոնադրության 1.7 կետում նշված է, որ բուհը չի հարում որեւէ քաղաքական ուժի։

- Համաձա՞յն եք այն մտքի հետ, որ Արթուր Բաղդասարյանի շնորհիվ է Հայաստանում հիմնադրվել Ֆրանսիական համալսարանը։

- Ես շատ ծանոթ չեմ այդ պատմությանը, թե դա ինչպես է արվել, ես գիտեմ, որ Բաղդասարյանը դեր խաղացել է։ Իհարկե, մենք շնորհակալ ենք իր արած գործի համար, որ ինքը նպաստել է, բայց կարծում ենք, որ քարոզարշավի ընթացքում վերցնել բուհն ու վրան դնել քաղաքական ուժի լոգոն, կարծում ենք, սխալ է։

- Բայց քարոզարշավի ընթացքում բոլորն էլ խոսում են իրենց կատարած գործերի մասին, որքանո՞վ է դա համարվում բուհի քաղաքականացում, Բաղդասարյանը բուհում քարոզչություն կատարե՞լ  է։

- Բուհը հիմնվել է։ Հետագայում Ֆրանսիական համալսարանի համբավը եւ շրջանավարտների համբավը ոչ թե քաղաքական ուժի, այլ տարիներով այդտեղ աշխատած դասախոսների, ֆրանսիացի ռեկտորների, ուսանողների քրտնաջան աշխատանքի արդյունքն է։ Մենք մեր ջանքերով հասել ենք, որ Ֆրանսիական համալսարանի շրջանավարտ լինելը դարձել է բրենդ ու մարդու մասին որոշակի բան է խոսում։ Իհարկե, հիմնադիրը գուցե ունեցել է գործ, բայց համբավը մի մարդ չի կարող ասել, որ ինքն է արել։

- Իրենք ասում են, որ կապամոնտաժեն դեկտեմբերի 12-ից հետո, դուք ի՞նչ եք պատրաստվում անել։

- Մենք ուղղակի ուզում ենք լսելի դարձնել մեր կարծիքը, որ մենք համաձայն չենք, որ մեր ընդհանուր հավաքական անունի վրա դրվի որեւէ քաղաքական ուժի լոգո, եւ կապ չունի, թե որ։

- Իսկ ի՞նչ եք կարծում, այս շրջանում ձեր արածը չի՞ կարող կոնկրետ ուժի նկատմամբ հակաքարոզչություն դիտարկվել։

- Դրա համար մենք հնարավորինս նեյտրալ ենք մնացել եւ միշտ շեշտել ենք, որ կապ չունի, թե որ ուժն է, մոտեցումը նույնն էր լինելու, մենք ոչ մի վիրավորական կամ մեկ այլ բան, որը կարող է դիտվել, որ միայն այդ ուժին է վերաբերում, նման բաներ չենք արել։

ՀԳ․ Նշենք, որ Արթուր Բաղդասարյանը 2000 թվականից Հայաստանի Ֆրանսիական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահն է։