Փաշինյանը սպառնաց Քոչարյանի դատավորին․ Ալումյան

Փաշինյանը սպառնաց Քոչարյանի դատավորին․ Ալումյան

Նիկոլ Փաշինյանի՝ Աշտարակում ունեցած ելույթը թեև քողարկված, բայց ուղղված էր ու սպառնալիք էր դատավորին, որը վաղը  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ պետք է կայացնի։ 

Լրագրողների հետ զրույցում  նշեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբից՝ Հայկ Ալումյանը։ Ըստ նրա՝ նույն օրը,  երբ ավարտվեց դատաքննությունը, Նիկոլ Փաշինյանն Աշտարակում նախընտրական քարոզչության շրջանակներում  սպառնալիքներ է հնչեցրել դատական համակարգի վերաբերյալ,ինչն, ըստ պաշտպանների, պատահական չէ։ 

«Սպառնալիքի ընդհանուր բովանդակությունն այն էր, որ մենք նախորդ իշխանություններին կբերենք դատարաններ․․․ ճիշտ է՝ այնտեղ այլ տերմինալոգիա կա՝ մկներ, սերմացու և այլն, բայց իմաստն այն է,որ նախորդ իշխանությանը կբերենք դատարան, կդատենք, իսկ եթե պարզվի, որ դատական համակարգում կան նրանց դրածոները, ապա կդատենք նաև նրանց։ Նաև էսպիսի արտահայտություն արվեց, որ ապագայում ձևավորվելիք Ազգային ժողովը, կառավարությունը բավարար լծակներ ունեն դատական իշխանության վրա ցանկացած ձևով ազդեցություն ունենալու համար», -մեջբերեց փաստաբանը։

Հիշեցնենք, որ վաղը դատարանը կհրապարակի, թե ինչ որոշում է կայացրել Վերաքննիչ քրեական դատարանը Ռոբերտ Քոչարյանի կալանավորման վերաբերյալ։ Հիշեցնենք, որ դատաքննությունն ավարտվել էր դեկտեմբերի 4-ին։ 

Հայկ Ալումյանը  հավելում  է, որ նման արտահայտութունները գործադիր իշխանության կողմից վտանգավոր են  ցանկացած պարագայում, անկախ, թե ում առիթով լինեն։ Եվ դատարաններն էլ, եթե օրինակ որոշեն, որ պարոն Քոչարյանին անհրաժեշտ է ազատել, չպետք է զգան, որ հայտնվելու են թիրախի կարգավիճակում ու համարվելու են նախորդ իշխանությունների դրածո, նրանց պատվերը կատարող։ Ալումյանի դիտարկմամբ՝ իշխանությունները նախորդներից հենց պետք է տարբերվեին դրանով, որ բացառեին դատարանների նկատմամբ ճնշումները, և կոչ արվեց հրաժարվել այս  ոճից ու դատական համակարգի նկատմամբ ճնշումներից։