Ի՞նչ են արել, որ Արմեն Ավետիսյանն ու Մանվել Գրիգորյանը որոշել են նվիրաբերել իրենց գույքը պետությանը

Ի՞նչ են արել, որ Արմեն Ավետիսյանն ու Մանվել Գրիգորյանը որոշել են նվիրաբերել իրենց գույքը  պետությանը

Պետգույքի կառավարման կոմիտեի պետ Նարեկ Բաբայանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Մանվել Գրիգորյանին և Արմեն Ավետիսյանին պատկանող գույքը պետությանը նվիրաբերելու հարցին՝ ասաց, որ նախ պետք է համապատասխան դիրքորոշում լինի իրավապահների կողմից, որից հետո նոր կառավարությունը հանձնարարական կտա, և կսկսվի այդ գործընթացը։

«Հիմա, կոնկրետ «Գոլդեն Փելեսի» հետ կապված՝ մենք ընթացակարգն ենք արդեն մշակում , պարզաբանում, որից հետո կառավարության որոշման համապատասխան նախագիծ կներկայացվի, կշրջանառվի՝ ինչպես կարգն է, և դրական եզրակացություն ստանալուց հետո կմտնի կառավարություն և կընդունվի նվիրատվություն ընդունելու մասին որոշում»,-ասաց պարոն Բաբայանը։

Նրա խոսքով՝ թե՛ Մանվել Գրիգորյանին, թե՛ Արմեն Ավետիսյանին պատկանող գույքի վերաբերյալ իրավապահ մարմնի եզրակացությունը կարևոր է, որովհետև չի բացառվում, որ տվյալ գույքն ապօրինաբար է ձեռք բերվել, և ճիշտ չէ ապօրինաբար ձեռք բերվածն ընդունել։

«Մյուս կողմից էլ կառավարություն ինքն է քաղաքական որոշումը կայացնում՝ որոշակիորեն հաշվի նստելով կամ հաշվի չնստելով իրավապահ մարմնի եզրակացության հետ։ Էստեղ արդեն սա դառնում է քաղաքական որոշում։ Հիմա մենք առայժմ սպասում ենք վերջնական հանձնարարականին, բայց զուգահեռաբար մշակում ենք բոլոր տարբերակները»,-ասաց նա։


Hraparak.am-ի հարցին՝ այդ ի՞նչ աշխատանքներ են տարել նշյալ անձանց հետ, որ համաձայնել են ինքնակամ իրենց ունեցվածքը նվիրաբերել պետությանը, Նարեկ Բաբայանն ասաց․ «Ձեր կարծիքով պետական գույքի կառավարման կոմիտեն նման հարցերով զբաղվո՞ւմ է։ Ես բացարձակապես տեղյակ չեմ՝ նախաքննությունն ինչ աշխատանք է տարել, ընդհանրապես տեղյակ չեմ, ուղղակի ստացել եմ այդ գրությունը»։