Զարմանալի է, անսպասելի է, տհաճ է․ Վլադիմիր Կարապետյանը՝ Դավիթ Շահնազարյանին

Զարմանալի է, անսպասելի է, տհաճ է․ Վլադիմիր Կարապետյանը՝  Դավիթ Շահնազարյանին

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորի թեկնածու, Ազգային անվտանգության պետական վարչության նախկին պետ, ՀՀ առաջին նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Դավիթ Շահնազարյանի սկանդալային հայտարարությունները Լեռնային Ղարաբաղի թեմայով, իշխանություններին հասցեագրված մեղադրանքները, նրան Ազգային անվտանգության ծառայություն հրավիրելը դարձել են ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչության առանցքային թեման։ Դավիթ Շահնազարյանն այսօր մեղադրանքներ է հասցնում այն քաղաքական ուժի հասցեին, ում հետ 2008թ․ պայքարում էր այն ժամանակվա իշխանության՝ Հանրապետական կուսակցության դեմ։

Այս օրերին Դավիթ Շահնազարյանի նախկին զինակիցները, անակնկալի գալով, մամուլի էջերից պատասխանում են արցախյան թեմայով հնչեցրած նրա մեղադրանքներին։ Չնայած Դավիթ Շահնազարյանը տարիներ առաջ էր հեռացել «Հայ ազգային կոնգրես»-ից ՝ մինչ այդ հասցնելով բուռն քննադատության արժանացնել նրա գործունեությունը, սակայն հետաքրքիր է, թե ինչ են մտածում նրա այսօրվա գործունեության մասին իր երբեմնի դաշնակիցները։ ՀԱԿ արտաքին հարաբերությունների պատասխանատու, ԱԳՆ նախկին խոսնակ Վլադիմիր Կարապետյանը զարմացած է Դավիթ Շահնազարյանի փոխակերպումից։

«Զարմանալի է, անսպասելի է, տհաճ է։ Մեկը, որ շարունակ մեղադրում էր Հանրապետական կուսակցությանը ձախողումների մեջ, մասնավորապես՝ Մարտի 1-ի կազմակերպիչ եւ շահառու լինելու մեջ, հիմա հանգրվանել է այդ թիմում։ Հետեւաբար՝ ես ունեմ մեծ անվստահություն նրա բոլոր խոսքերի եւ մտքերի նկատմամբ»,- մեզ հետ զրույցում նշեց Վլադիմիր Կարապետյանը։ Վլադիմիր Կարապետյանին հիշեցրինք, որ 2008թ․ Դավիթ Շահնազարյանը ՀԱԿ-ում Ռոբերտ Քոչարյանին Հաագայի դատարան հանձնելու համար կազմակերպված ստորագրահավաքի ակտիվ նախաձեռնողներից էր։ Հետագա տարիներին, սակայն, նա այդպես էլ չպարզաբանեց, թե ինչ ճակատագրի արժանացավ այդ ստորագրահավաքը։

«Ընդունում եմ, որ այդպես է։ Դավիթ Շահնազարյանը մի քանի անգամ հրավիրել է մամուլի ասուլիս, եւ ճիշտ կլինի, որ այդ մասին Դուք հարցնեք իրեն։ Մենք կապ չունենք մի անձնավորության հետ, որը նման կտրուկ շրջադարձ է կատարել՝ մի ճամբարից անցնելով հակառակ ճամբար»,- նշեց մեր զրուցակիցը։ Ժամանակին «Ղարաբաղը ծախելու» համար ընդդիմախոսները մեղադրել են ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին, այսօր մեղադրում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ «Լեւոն Տեր-Պետրոսյանը մի նախագահ է, ում օրոք Լեռնային Ղարաբաղի ներքո գտնվող վերահսկողության տարածքները նշանակալիորեն ավելացել են։ Մենք հաղթել ենք մեզ պարտադրված պատերազմում, եւ ամեն ինչ արել ենք՝ ապահովելու Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը։ Դա դրսեւորվել է նաեւ անվտանգության գոտի համարվող տարածքների նվաճմամբ։ Համեմատե՛ք դա Սերժ Սարգսյանի իշխանության օրոք իրականացված քաղաքականության հետ, որի ժամանակ ունեցել ենք տարածքային կորուստներ, ինչը ցավալի փաստ է ՀՀ-ի համար»,-նշեց Կարապետյանը։

Դավիթ Շահնազարյանը փաստեր է ներկայացնում, որ Ադրբեջանը Նախիջեւանի հատվածում եւ Արցախում մեր համեմատ հասել է դիրքային առավելությունների, Արցախում, շփման գծում, նույնիսկ բլուրներ է կառուցել։

«Ես կրկնում եմ՝ մի մարդու, որը նման կտրուկ ճամբարափոխություն է արել, մի մարդու, որը տարիներ շարունակ մեղադրել է նախկին իշխանություններին բոլոր չարիքների, հանցագործությունների համար, մեղադրել է ղարաբաղյան հակամարտության գործընթացում ոչ պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերելու համար, ասածները կորցնում են ողջ լեգիտիմությունը, հեղինակազրկվում են։ Այդ առթիվ ես ունեմ հիմքեր՝ պարզապես անտեսելու այն ամենն, ինչ ինքն ասել է»,- արձագանքեց ՀԱԿ արտաքին հարաբերությունների պատասխանատուն։