Մեկ հարց Սամվել Բաբայանին

Մեկ հարց Սամվել Բաբայանին

Պատասխանելով Լեռնային Ղարաբաղի կարգավորման շուրջ առկա մտահոգությունների մասին հարցին, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը վստահաբար պնդել է, թե որեւիցե ԱՄՆ, ՌԴ չի լուծում այդ հարցը: «Էդ հողի վրա ովքեր ապրում են, նրանք պետք է լուծեն այս հարցը՝ իրենց ուզած ձեւով: Մյուս հարցն այն է, որ ՀՀԿ-ն ուզում է ցույց տալ իր անփոխարինելի դերը, որ մտահոգ է տարածքներով: Բայց մոռանում են, թե ով էր յոթ շրջաններն ուզում հանձնել: Կարո՞ղ է դա Փաշինյան Նիկոլն էր ուզում հանձնել: Նրա անունը Փաշինյան Նիկոլ չէր: Ա՜յ, այդ յոթ շրջան հանձնողի վիզը պետք է կտրել»- ամփոփել է Սամվել Բաբայանը:

Հասկանալի է, թե խոսքն ինչի եւ ում մասին է: Բայց այստեղ առաջանում է մի բավական նուրբ խնդիր. Իսկ հայկական կողմն այլ տարբերակ ունի՞: Չէ՞ որ 1994թ. Բիշկեքյան արձանագրության մեջ, որի ստորագրող կողմերից մեկն էլ Լեռնային Ղարաբաղն է, սեւով սպիտակին գրված է, որ կողմերը «հանդես են եկել հակամարտությանը վերջ տալու գործում ԱՊՀ եւ Միջխորհրդարանական վեհաժողովի բնական ակտիվ դերի օգտին՝ իրականացնելու դրա հետ կապված սկզբունքները, նպատակները եւ ՄԱԿ-ի եւ ԵԱՀԽ-ի կոնկրետ որոշումները (ամենից առաջ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 822, 853, 874, 884 բանաձեւերը)»:

Երբ ստորագրվում էր Բիշկեքի արձանագրությունը եւ դրան հաջորդած եւ դրանից ածանցված՝ հրադադարի հաստատման մասին համաձայնագիրը, որի մշակման բանակցություններին Սամվել Բաբայանը լիարժեք մասնակցություն է ունեցել, Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարությունը նախնական քնանրկումներ չի՞ անցկացրել: Իհարկե, անցկացրել է: Հիմա, Ստեփանակերտում ոչ ոք, այդ թվում եւ Պաշտպանության բանակի հրամանատար Սամվել Բաբայանը, չի՞ հասկացել, որ ՄԱԿ-ի ԱԽ վերոնշյալ բանաձեւերի կատարման պատասխանատվություն ստանձնելը մի բան է նշանակում՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ տարածքների, բացառությամբ Լաչինի, վերադարձ Ադրբեջանին:

1994թ.-ին ոչ ՀՀԿ-ն իշխող կուսակցություն էր, ոչ Սերժ Սարգսյանը՝ Լեռնային Ղարաբաղի պաշտոնյա: Նա Հայաստանի պաշտպանության նախարարն էր, ԼՂ-ն ուներ իր ռազմաքաղաքական ղեկավար մարմինը՝ Պաշտպանության պետական կոմիտե, որի նախագահը Ռոբերտ Քոչարյանն էր, ամենաազդեցիկ անդամը՝ ՊԲ հրամանատար Սամվել Բաբայանը, եթե չասենք, որ հենց նա էլ ԼՂ փաստացի ղեկավարն էր: Այսինքն, այդ իշխանությունն է լիազորել, որ ԳԽ նախագահի պաշտոնակատար Կարեն Բաբուրյանը մեկնի Բիշկեք եւ ստորագրի հակամարտության զինված փուլին վերջ տալու մասին արձանագրությունը:

Հիմա Սամվել Բաբայանը դնում է «յոթ շրջանը հանձնողի վիզը կտրելու» խնդիր: Իսկ ի՞նչ անել այն մարդկանց վզի հետ, ովքեր համաձայնություն են տվել Բիշքեկի արձանագրությանը եւ հրադադարի համաձայնագրին՝ պարտավորվելով կատարել ՄԱԿ-ի ԱԽ հայտնի չորս բանաձեւերի պահանջները՝ ինչպես որ դա ձեւակերպված է համապատասխան փաստաթղթերում: Ի՞նչ կպատասխանի այս հարցին Սամվել Բաբայանը: