Թող ճիշտն ասեն՝ որն է եղբորս մահվան պատճառը, ոչ թե ծածկեն, ծվարեն

Թող ճիշտն ասեն՝ որն է եղբորս մահվան պատճառը,  ոչ թե ծածկեն, ծվարեն

Նոյեմբերի 20-ին Վարդենիսի հիվանդանոցում մահացել է 38-ամյա Սարգիս Մելքումյանը: Եղբայրը՝ Ալեքսանդր Մելքումյանը վստահ է, որ եղբայր մահացել է սխալ դեղորայք ներարակելու արդյունքում. «Ժամի 2-ի սահմաններում եղբայրս  վատացել էր, սրտխառնոց ուներ, ինձ զանգեցին: Գնացի,  վախեցանք մի բան անենք, քանի որ եղբորս  սիրտը 2015թ.-ին ստենդավորել էինք, մտածեցինք՝ սիրտնա: Գիշերը շտապ օգնություն կանչեցինք,  եկան,  ասացի, որ ախպերս խմածա: Դեղ տվեցին խմեց, ու տարան հիվանդանոց: Այդ օրվա հերթապահ  բժիշկը եղել ա գինեկոլոգ, նա ասացի, որ ախպերս  սրտի խնդիր է  ունեցել, վիրահատվել է: Բժիշկը ուղարկեց ԷԿԳ-ի, պատասխանը եկավ, եւ բժիշկը ասաց,  որ սրտի հետ խնդիր չունի: Ընդունարանում մի հատ սրսկեցին, կես ժամ անցավ սոդայի ջուր տվեցին: Հետո ասացին, որ բաձրանանք  պալատ մինչեւ բժիշկ գա: Բարձրացանք պալատ, քույրերը լավ դիմավորեցին մեզ, պլիտա տվեցին, որ պալատը տաքացնենք: Արդեն առավոտյան ժամը 5-ն էր, քույրը եկավ, սրսկում արեց,  ասեց հերթապահ բժիշկն ա ասել որ դեղը սրսկեմ:  

15 րոպե անցավ ախպերս ասաց, որ վատ ա զգում իրեն, հետո  սկսեց երեսները ալերգիայի նման դուրս տալ:  Ես վազեցի   Վարդենիսի հոսպիտալից օգնություն կանչեցի:  Հոսպիտալից նարկոզի բժիշկը եկավ  տեսան ախպերս մահացել է:  Դատական բժիշկը ինձ կանչել ասում ա, որ ախպերս  լավ խմածա եղել ու դրա հետ էլ  ուրիշ բան ա օգտագործել, դոզայի տակ ա մնացել:  Հետո  10 օր անցնում է, դատական բժիշկը  զանգում,  կանչում,   որ գնամ մահվան թուղթը վերցնեմ: Բժշկին հարցնում եմ լաբորիատորիայից պատասխանը եկել ա՞, ասում ա, չէ կարող ա 2 ամսից նոր գա, բեր գրենք ինֆարկտ, որ իր 200 հազար դրամ փողը ստանա: Ինձ էդ 200հազար դրամը չի հետաքրքրում, կսպասեմ լաբորիատորիայի արդյունքներին:  Եղբայրս ուղղակի սննդից թունավորվել էր, թող ինձ ճիշտ ասեն, ինչից մահացավ իմ եղբայրը՝ սիրտն ա ճաքել, ինֆարկտ ա խփել, թե իրենց սրսկած դեղորայքից մահացավ,  ոչ թե ծածկեն ծվարեն»,- մեզ հետ զրույցում ասաց Ալեքսանդրը:

Զանգահարեցինք Վարդենիսի դատական բժիշկ՝  Արտաշ Խաչատրյանին պարզելու, թե ըստ նախնական  եզրակացության ի՞նչն է դարձել մահվան պատճառ, Խաչատրյանն ասաց, որ արդյունքները դեռ  պատրաստ չեն,  ինքն էլ  իրավունք չունի դրա վերաբերյալ տեղեկություն հայտնել, եզրակացությունը միայն  կտրամադրի   քննչական մարմնին:  Մեր այն հարցրին, թե ինչո՞ւ է հանգուցյալի հարազատներին առաջարկել, որ  գրվի մահվան պատճառը եղել է ինֆարկտը. Խաչատարյանը բարկացավ` Լավ էլի,  ավելորդ հարցեր եք տալիս, ու անջատեց հեռախոսը:

Զրուցեցինք նաեւ Վարդենիսի հիվանդանոցի գինեկոլոգ Ուռուստամյան Սամվելի հետ, որը հենց այդ օրը հերթապահել է. «Հիվանդը ընդունվել է հետեւյալ գանգատներով՝ ստամոքի շրջանի ցավերով:   Հարազատներն ասացին, որ սիրտը վիրահատեն, ես ուղարկեցի ԷԿԳ-ի: Պատասխանում սրտի կողմից   փոփոխությոններ չտեսա, եւ քանի որ  սուր երեւույթներ էլ չնկատեցի, ասացի որ սոդայի ջուր տան եւ բարձրանան բաժանմունք,  ընդունեք հսկողության տակ մնա, մինչեւ մասնագետները կգան, կհետազոտեն: Կինը ասաց, որ փսխելուց կարծես արյուն է նկատել, բուժքույրին ասեցի, որ  մի հատ էլ պրոֆիլակտիկ դիցինոն անեն:  Հետո  վատ է զգացել,  գագատվել է  կրծքավադակի սուր ցավից եւ թիկունքի ցավից: Մինչեւ ակնոցներս վերցրեցի,  բարձրացա արդեն հիվանդը գտնվում է կոմատոզ վիճակում,   չէր կարողանում շնչել պուլսը չէր շոշափվում: Ես  արհեստական շնչառություն եմ արել եւ սրտի մասսաժ ոչ մի օգուտ չտվեց: Դիահահերձումից հետո  բժիշկն ասաց,  որ ստամոքի հետ խնդիրներ չի ունեցել: Ինչից կարող է մահանալ,  ինձ համար անհասկանալի եղավ », -ասաց հերթապահ բժիշկը:

Վարդենիսցիները եւ հարակից գյուղերի բնակիչները  Վարդենիսի հիվանդանոցի բժիշկներից  շատ դժգոհ են՝ նրանց անվանելով ղասաբներ. «Սա առաջին դեպքը չի, որ նրանք սխալ բուժման պատճառով մարդ մահանա, վերջին ամիսների ընթացքում  արդեն 3 մարդ դրանց սխալ բուժման պատճառով մահանում են, դրանք բժիշկ չեն, դրանք ղասաբներ են, դրանց տեղը հիվանդանոցում չի: Քիչ չէ, իրենց սխալը չեն ընդունում, մի հատ էլ իրար հետ փոխկապակցված բժիշկ-դատական բժիշկ-թաղային ոստիկան,  իրար մեջ գործերը ծածկադմփոցի են անում»,-բողոքում են բնակիչները: